Տնտեսական

30.03.2010 17:58


Բագրատ Ասատրյան. «2010–ին տնտեսական անկումը կկազմի 1–2%»

Բագրատ Ասատրյան. «2010–ին տնտեսական անկումը կկազմի 1–2%»

«Ուրբաթ» ակումբում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը խոսել է ներկա տնտեսական իրավիճակից և դրամի ներկայից ու ապագայից։ Նա նշել է, որ տարվա երկու ամիսներն ամփոփված են, և նախորդ տարվա համեմատ կա 3,1% աճ: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ աճը շարունակակա՞ն է, և տարին դրական արդյունքներով կամփոփվի՞։ Իշխանական հատվածները համատարած ասում են, որ Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել, սակայն այդ տեսակետը Բագրատ Ասատրյանը չի կիսում, քանի որ հունվար-փետրվար ամիսները տնտեսության համար քնած ամիսներ են, և ստեղծվում է ՀՀ ՀՆԱ-ի 8-9%-ը։ Նա համամիտ չէ նաև այն կարծիքի հետ, որ տնտեսական քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են այն նախադրյալները, որոնք պետք է հանգեցնեն դրական արդյունքի։ 2010թ. առաջին ամիսների ընթացքում շինարարության ոլորտում անկումը շարունակվում է, և ասել, որ ձեռնարկված միջոցառումներն այս ոլորտում արդյունք են տվել, սխալ է։ Ծառայությունների ոլորտում ևս անկում է նկատվում։ Առևտրի աճ իրականում տեղի չի ունեցել, քանի որ հայտնի չէ, թե ինչն է վաճառվում, երբ թե՛ ներկրումը, թե՛ արտադրությունն անկում են ապրել։ Նրա խոսքերով՝ գյուղատնտեսության ոլորտում ևս աճ չի գրանցվի, քանի որ «աստված բարեգութ չգտնվեց», և եղանակային պայմանները բարենպաստ չեն։ Մասնավոր տրանսֆերտների հոսքը նախորդ տարվա հունվար ամսի համեմատ նվազել է մոտ 25%-ով։ Այս տարի չի հաջողվի նաև արտաքին միջոցներ ներգրավվել, քանի որ մեկ անգամ տվողը երկրորդ անգամ չի տա։

Անդրադառնալով բանկային համակարգին՝ Բագրատ Ասատրյանը նշել է, որ անցած տարվա ընթացքում բանկերն ավելի շատ միջոցներ են ներգրավվել, քան տեղաբաշխել, ինչի արդյունքում բանկային  համակարգում շատ բարձր իրացվելիություն կա. «Բանկերն ավելի քան երկու անգամ իրացվելի միջոցներ ունեն, քան անհրաժեշտ է բնականոն գործունեություն իրականացնելու համր, իսկ սրանք այն փողերն են, որոնք պետք է մտնեին տնտեսություն, բայց չմտան ինչ-ինչ պատճառներով»։

Այս տարի որոշիչ կլինի նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում տեղի ունեցավ ծավալուն դոլարիզացիա, և դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում է ապրել։ Պատճառներից մեկը, բանախոսի կարծիքով, իրականացվող քաղաքականությունն էր, որտեղ որոշիչ դեր խաղացին ինտերվենցիաները։ Փողի ինտերվենցիան, սակայն, քաղաքականություն չի, այլ կարճատև արդյունք տվող միջոցառում. «Ցավոք, այսօր ևս ԿԲ-ն նույն քաղաքականությունն է իրականացնում։ Ինտերվենցիաների ծավալն արդեն հասնում է 180 մլն դոլարի, ինչը չի կարելի»։ Դրամն արժեզրկվեց նաև փողի փախուստի հետևանքով։

Ինչ վերաբերում է դրամի ապագային, Բագրատ Ասատրյանը նշել է, որ դրամի ամրապնդման համար ֆինանսական և տնտեսական նախադրյալներ առկա են, սակայն Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ տրամաբանություն, և դա կախված է նրանից, թե ինչ կորոշեն «փողատերերը», որի դեմն առնելու հնարավորություն ԿԲ-ն չունի։

Կառավարության կողմից արտաքին միջոցներ ներգրավվելու քաղաքականությանն անդրադառնալով՝ նա նշել է, որ փողն, իհարկե, պետքական բան է, բայց մեծ քանակությամբ այն կարող է չարիք դառնալ, և գումարներ ներգրավվողը հստակ պետք է իմանա՝ ինչպես այդ գումարները ծախսել։

-Կարծում եմ՝ անցած տարի փողի անզուսպ պահանջը, որ դրսևորեցին իշխանությունները, ի չարս է գնալու և ոչ այնքան դրական, որքան բացասական հետևանքներ է ունենալու մեր տնտեսության վրա, որովհետև տեսանելի է, որ փողն այդպես էլ չծախսվեց կամ արդյունավետ չծախսվեց,- նշել է Բագրատ Ասատրյանը։ Նրա խոսքերով՝ կառավարությունն այդ գումարը կարող էր վերցնել բանկերից, քանի որ այնտեղ, ինչպես արդեն նշվեց, բարձր իրացվելիություն կա։ Այդ գումարներն ավելացնում են նաև արտաքին պարտքը, որը բավական մեծ է։ Հայաստանի արտահանումն անցյալ տարի կազմել է ընդամենը 600-700 մլն դոլար, այնինչ արտաքին պարտքն արդեն հասնում է 4 մլրդ դոլարի, և դա շատ լուրջ խնդիր է։

Ամփոփելով՝ Բագրատ Ասատրյանը նշել է, որ 2010-ին տնտեսական անկումը կկազմի 1-2%:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը