Քաղաքական

16.05.2019 15:15


Դատավորը թույլ չտվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին տեսագրություն ցույց տալ դատարանում

Դատավորը թույլ չտվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին տեսագրություն ցույց տալ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ միջնորդեց ապահովել տեխնիկական հնարավորություններ` ցուցադրելու համար 15–րոպեանոց տեսանյութեր։ Ընդ որում, դրանց մի մասը կցված չեն գործին։

Դատավորն ընդգծեց, որ այս փուլում ապացույցներ չեն հետազոտվում, դա լինելու է հետագայում։

«Իսկ ինչ վերաբերում է այն նյութերին, որոնք քրեական գործում առկա չեն, դրանք, որպես ի հայտ եկած նոր ապացույց, կարող եք ներկայացնել դատարանին,- ասաց դատավորը:

Գործով նախագահողի դիտարկմանն առարկեց պաշտպան Հայկ Ալումյանը. «Եթե դուք ասում եք, որ այս փուլում ապացույցների հետ գործ չունեք, ես պահանջում եմ, որ խորհրդակցական սենյակում ևս որոշում կայացնեք առանց որևէ ապացույցի ուսումնասիրման և դրա վրա հղում անելու»։

Պաշտպաններին առարկեցին նաև դատախազները` ասելով, որ տեսանյութ չի կարող հրապարակվել, հակառակ դեպքում կստացվի, թե այս նիստում քննվում է նաև ապացույցների հետազոտման հարցը։

Այսպիսով, դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպան Խուդոյանն էլ նշեց, որ կփորձի նկարագրել դրանցում առկա գործողությունները, սակայն սահմանափակվում է նրանց իրավունքները։

Պաշտպանի այս խոսքին դատախազները դարձյալ առարկեցին` ասելով, որ դատարանի ամեն քայլ որակում են որպես իրավունքի սահմանափակում։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը