Մեկնաբանություն

27.05.2019 18:32


Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում «ժողովրդի» դատարան ձևավորել (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում «ժողովրդի» դատարան ձևավորել (տեսանյութ)

Հեղափոխության 2-րդ փուլը տնտեսականից սահուն անցում կատարեց դատականի: Առիթը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված որոշումն էր: Բուն նպատակը՝ «ժողովրդին», այսինքն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին ենթակա դատական իշխանության ձևավորումը:

Փաշինյանի բոլոր հայտարարություններն ու գործողությունները բացառապես իր իշխանության ամրապնդմանն են միտված: Եթե անձնական շահը համընկնում է, ապա նա հետևողական է դառնում իր քայլերում: Իսկ եթե անձամբ իրեն դա պետք չէ, ապա կարող է հայտարարել մի բան, բայց անել ճիշտ հակառակը: Ըստ այդմ՝ երբ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն խամաճիկային դատարան պետք չէ, ապա դա «թարգմանաբար» նշանակում է, որ իրեն պետք է բացառապես խամաճիկային դատարան:

Այն, որ մեր դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հարցն այն է, թե ինչպես բարեփոխել այդ համակարգը:

Եթե նպատակը խամաճիկային դատական համակարգ ունենալն է, ապա դա է՛լ ավելի կախված է դարձնելու դատավորներին գործադիր իշխանությունից: Իսկ որ նպատակը հենց դա է, այստեղ էլ երկրորդ կարծիք չկա:

Այնպես չէ, որ հիմա դատավորները որոշում կայացնելիս գործադիրի ուղղությամբ չեն նայում: Նայում են ու ենթարկվում հեռախոսային հրահանգներին. հայտնի հեռախոսային ձայնագրության հրապարակումն ամեն ինչ բացահայտեց:

Դատավորները գործադիրի ուղղությամբ են նայում, բայց նաև ապագային են նայում ու հասկանում, որ չի կարելի կատարյալ դակիչի վերածվել: Արդյունքում ծնվում են նաև օրինական որոշումներ: Այսինքն՝ Հայաստանում դեռ կան դատավորներ և դրանք ամենապարկեշտ դատավորներն են, որոնք Փաշինյանին ասում են «չէ»: Այ հենց այդ հանգամանքն էլ հունից հանում է «ժողովրդի» վարչապետին:

Երբ Փաշինյանը հայտարարում է, որ դատարանները պետք է պատկանեն ժողովրդին, նկատի ունի այն, որ դատարանները պետք է պատկանեն անձամբ իրեն: «Ժողովուրդ» բառը տվյալ դեպքում օգտագործվում է որպես «ժողովուրդը ես եմ» ձևակերպման փոխարինող:

Հայաստանի քննչական մարմինները շատ ավելի ցածր որակի են ու կոռումպացված, բայց Փաշինյանը հարձակվել է հենց դատարանների վրա, քանզի երեկ Փաշինյանին կալանավորելու որոշում կայացրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա նմանները այսօր դարձել են հեղափոխականների սրտի չինովնիկները, քանի որ ամբողջությամբ վերածվել են կամակատարների:

«Վեթինգն» ու մյուս գործիքները դատական համակարգը կրնկի տակ առնելու, դատավորներից դակիչներ ստանալու և «հեռախոսային» արդարադատության համակարգը տոտալ ձևով ներդնելուն են միտված:

Փաշինյանն ուզում է տոտալիտար ռեժիմ հաստատել, սեփականության վերաբաշխում իրականացնել ու հետապնդել իր քաղաքական ընդդիմախոսներին: Այդ նպատակով իրեն կամազուրկ դատարաններ են պետք: Մնացած խոսակցությունները դեմագոգիայի ու փարիսեցիության ոլորտից են:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Փաշինյանի իրական նպատակների մասին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը