Քաղաքական

31.05.2019 17:03


Երևանը հակադարձում է Բաքվի մեղադրանքներին. ԱԳՆ

Երևանը հակադարձում է Բաքվի մեղադրանքներին. ԱԳՆ

Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին. հայտարարել է ՀՀ արտգործնախարարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հակադարձելով հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է ադրբեջանցի զինծառայողի սպանության մեջ։

«Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին։ Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են», - ընդգծել է Նաղդալյանը:

«Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Շեշտելով, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին, Աննա Նաղդալյանը շարունակել է․ «Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգիգագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը»։

«Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ», - ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության դեպարտամենտի փոխանցմամբ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը