Քաղաքական

21.06.2019 19:11


«ՍԴ անդամն ինքնուրույն կերպով չի կարող մեկնաբանել Սահմանադրության այս կամ այն դրույթը»

«ՍԴ անդամն ինքնուրույն կերպով չի կարող մեկնաբանել Սահմանադրության այս կամ այն դրույթը»

Հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ Սակայն իր երդման ընթացքում նա հայտարարեց, որ ստանձնում է ոչ թե ՍԴ դատավորի, այլ ՍԴ նախագահի լիազորությունները։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը և հարցին, թե հնարավո՞ր է՝ դրան հետևի համապատասխան գործողությունը, և Վահե Գրիգորյանը հաստատվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, նկատեց՝ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։

«Եթե այս խնդրին ավելի լուրջ վերաբերվենք, ապա ՍԴ անդամն ինքնուրույն կերպով, որքանով հասկանում եմ, չի կարող մեկնաբանել Սահմանադրության այս կամ այն դրույթը։ ՍԴ-ն համապատասխան հարցադրումների դեպքում է որոշումներ կայացնում, կամ Սահմանադրությունը մեկնաբանում։ Տվյալ դեպքում, ինքնուրույն կերպով Վահե Գրիգորյանն իրեն հռչակում է ՍԴ նախագահ, և սա արդեն ինքնիրավչություն է։

Այլ հարց է, թե նման զարգացման դեպքում այսօ՞ր, թե՞ իշխանության փոփոխությունից հետո պատասխանատվության կենթարկվեն նման բազմաթիվ արարքները, որոնք կատարվում են վերջին ժամանակները։

Միանշանակ, այստեղ գնում է տարօրինակ գործընթաց՝ Սահմանադրության կոպիտ խախտումներով, որի համար կան համապատասխան հոդվածներ»,-ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը՝ այսօր նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հայտարարել է, որ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի նախագահն է, իսկ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը չի կարող այնտեղ նախագահ լինել, քաղաքագետը նշեց, որ Սահմանադրական դատարանի բոլոր նորմերը կարող է մեկնաբանել միայն ՍԴ-ն, այլ մարդիկ դրա իրավունքը չունեն, կամ նրանց տեսակետները որևէ իրավական հիմք չունեն.

«Առավել ևս, եթե նման տեսակետ հայտնում են քաղաքական կողմ հանդիսացող մարդիկ, ինչպիսին Գագիկ Ջհանգիրյանն է, որի կարծիքը չի կարող անաչառ լինել»։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ Վահե Գրիգորյանի այս հայտարարությունը զուտ շփոթմունքի արդյունք է եղել, հնարավո՞ր է նման բան, Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել՝ շփոթվածություն եղե՞լ է, թե՞ ոչ, դա կարող է միայն Վահե Գրիգորյանն ասել։

«Համենայն դեպս, ըստ իմ տպավորության, նրա խոսքը բավականին վստահ էր, որը մի քանի անգամ այն կրկնեց, և դժվար թե դա շփոթմունքի արդյունք լիներ»,-եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը