Լրահոս

18.07.2019 08:12


Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների երևանյան առաջնության A խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Իտալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ կայացած խաղի մեկնարկում առավելությունը Իտալիայի ընտրանու կողմն էր: Հիմնական գրոհները կազմակերպում էին «կապույտները»: Հայաստանի հավաքականը երբեմն-երբեմն հակագրոհում էր, բայց անարդյունք: Իտալացիներն իրենց գրոհներից հերթականը գոլով եզրափակեցին 29-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում առաջին կողմնորոշվեց և գոլը խփեց Մանոլո Պորտանովան: Ընդամենը 4 րոպե անց, Իտալիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Այս անգամ էլ աչքի ընկավ Դեյվիդ Մերոլան: Երկրորդ կեսում իտալացիները շարունակաբար օգտվում էին Հայաստանի ընտրանու անփույթ և սխալներով լի խաղից ու 56-րդ րոպեին նույն Մանոլո Պորտանովան դարձավ նաև դուբլի հեղինակ: Իտալիան շարունակ գրոհում էր և խփեց նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Ռասպադորին:

Հայաստան-Իտալիա`0:4:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 8780 երկրպագու:

A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 20-ին:

***

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Իտալիայից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների կաշկանդվածության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, Ոսկանյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ովքեր մինչև վերջին պահը մնացին հավաքականի կողքին: «Ուզում եմ ներողություն խնդրել այս խաղին համար: Մեր ֆուտբոլիստների մոտ կա հոգեբանական ճնշումը և թույլ տված սխալից հետո ուշ են վերականգնվում»,-ասաց Ոսկանյանը: Վերջինիս խոսքով՝ Իսպանիայի դեմ խաղում ֆուտբոիստներն առավել կաշկանդված էին, այս խաղին Իտալիայի դեմ առավել ազատ էին գործողություններում:

«Երկրորդ խաղում հավաքականի ֆուտբոլիստների մոտ վստահություն կար: Ֆուտբոլիստներին ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետք է ֆուտբոլ խաղալ, անգամ եթե պարտվում ենք»,-շեշտեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը