Աշխարհ

31.07.2019 16:42


Ինչպես Պեպեի տեղափոխությունն Արսենալ կազդի Մխիթարյանի վրա. Goal

Ինչպես Պեպեի տեղափոխությունն Արսենալ կազդի Մխիթարյանի վրա. Goal

«Թվիթերում» տեսանյութ է տարածվել, որում «Լիլի» և Կոտ-դ՛Իվուարի հավաքականի հարձակվող Նիկոլյա Պեպեն ֆոտոսեսիայի է մասնակցում Լոնդոնի «Արսենալի» մարզաշապիկով, որտեղ վերջերս բուժզննում էր անցնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Պեպեի համար «Լիլին» 72 մլն ֆունտ կվճարի (մոտ 80 մլն եվրո):

Նշենք՝ այս գումարով Պեպեին ձեռք բերելու դեպքում «Արսենալը» կգերազանցի տրանսֆերային իր նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Պյեր-Էմերիկ Օբամեյանգին 2018 թվականին 56 մլն ֆունտի դիմաց (68 մլն եվրո) ձեռք բերելիս։

Goal.com-ը գրում է, որ այս գործարքով «Արսենալը» կունենա հարձակման այնպիսի եռյակ, որը կառաջացնի շատերի նախանձը համաշխարհային ֆուտբոլում:

«Ի դեմս Պեպեի, Օբամեյանգի և Լակազետի, «Արսենալի» հարձակման գիծը կկարողանա վախ ներշնչել գրեթե բոլոր թիմերին, որոնց հետ լոնդոնյան ակումբը կխաղա առաջիկա մրցաշրջանում»,- կարծում է հոդվածագիրը:

Այսքան մեծ գումարներ ներդնելով Պեպեի տրանսֆերն իրագործելուն՝ կասկած չկա, որ իվուարցին Էմերիի թիմի հիմնական կազմում կընդգրկվի:

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում, Պեպեի դրիբլինգի ցուցանիշը միջինը մեկ խաղում 2,8 է կազմում, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան Ալեքս Իվոբիինը (1,3), Մեզութ Օզիլինը (0,9) և Հենրիխ Մխիթարյանինը (0,8):

Պեպեի՝ «Արսենալ» տեղափոխությունն, ըստ Goal-ի, կարող է մեծ ազդեցություն ունենալ Ռեյս Նելսոնի և Մխիթարյանի վրա:

«Արսենալն» իրականում կցանկանար վաճառել Մխիթարյանին այս ամառ, բայց նրանք չկարողացան գնորդ գտնել հայ ֆուտբոլիստի համար, որը շաբաթական 170,000 ֆունտ է վաստակում (207,000 դոլար): Այսպիսով, Էմերին դարձյալ պետք է օգտագործի Մխիթարյանին առաջիկա մրցաշրջանում ու բազմազանություն է առաջարկում հարձակման գծում՝ կարողանալով խաղալ ինչպես երկու եզրերում, այնպես էլ կենտրոնականի դիրքում՝ հարձակվողի թիկունքում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք՝ ավարտված մրցաշրջանում «Լիլի» ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Լիգա 1-ի ռմբարկուների ցանկում նա երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն Կիլիան Մբապեին, որը 33 գոլ է խփել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը