Մեկնաբանություն

09.08.2019 10:30


Մի ձեռքով մի քանի նապաստակ խփելու «արվեստը»

Մի ձեռքով մի քանի նապաստակ խփելու «արվեստը»

Երբ Փաշինյանը Սեւանի ափից լայվ մտավ եւ հայտարարեց, որ շտապում է Արցախ`«հռետորական վարպետության» մաստեր-կլաս տալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, անհանգստացա` տեսնես այս անգա՞մ ինչ «անակնկալ» է պատրաստել մեզ համար, ինչ սադրիչ հայտարարություն է անելու, ինչ նոր բաժանանար գիծ է քաշելու հայության երկու հատվածների միջեւ։

Ավելի քան մեկ ժամ տեւած ամեն ինչի եւ ոչնչի մասին ջղաձիգ «ելույթը» լսելուց հետո թեթեւացած շունչ քաշեցի` էժան պրծանք. գլուխը քարը, թե հերթական անգամ գլխներիս քարոզ կարդաց «թավշյա հեղափոխության» թեմայով, իր ոճով բաներ խոստացավ` 2050թ. Հայաստանի հետ կապված, փքուն խոսքեր ասաց իր թեթեւ ձեռքով հիմնավորապես սասանված «համազգային միասնության», «համահայկականության» մասին, «միացո՛ւմ» գոռաց, անուղղակի հակադարձեց Ռոբերտ Քոչարյանին` «կոնսենսուս մինուս մեկ»-ին ամբողջ վեց «մեգակոնսենսուս» դեմ տալով, բայց գոնե Արցախյան ազատամարտի լիդերների, հերոսների, հաղթած գեներալների հասցեին աղտեղություններ դուրս չտվեց։

Անգամ «անսովոր» հարգանքի տուրք մատուցեց «մեր նահատակներին և Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի գեներալներին, սպաներին, զինվորներին». ընթերցեց ռազմահայրենասիրական ոգով թույլիկ «բանաստեղծությունը», որ, իր ասելով`գրել է 2016 թ. մայիսին, ապրիլյան քառօրյայից մեկուկես ամիս անց «Մարտակերտի շրջանում որպես Պաշտպանության բանակի կամավոր մարտական հերթապահություն իրականացնելիս»։ Իբրեւ թեկուզեւ բանակից թռած, բայց առաջնագիծ տեսած`«տուրիստի» կարգավիճակով «կռված» տղա։

Ավա՜ղ։ Հազիվ «ոտը քաշեց» Արցախից` հերթական ճեղքվածքն արձանագրվեց Հայաստան-Արցախ առանց այն էլ ոչ անամպ հարաբերություններում։ Բի-Բի-Սին, հասկանալի է, ոչ առանց ՀՔԾ քննիչների գործուն մասնակցության, հանկարծ որոշեց ասել «ողջ ճշմարտությունը» Մարտի 1-ի մութ էջերի մասին`հղում անելով նախաքննությամբ ձեռք բերված «ապացույցներին» (խոսքը առանձին մեկ «ցուցմունքի» մասին է, որը, ինչպես հավատացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ամրապնդված չէ այլ ցուցմունքներով եւ փաստական հանգամանքներով։

Եվ մատը տնկեց «Ղարաբաղի ջոկատի» վրա. իբր` հենց ղարաբաղցիներն էլ Արցախյան հերոսամարտի լեգենդներից մեկի` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) հրամանով կրակել են «խաղաղ ցուցարարների» վրա։ Բնականաբար`«հեռատեսորեն» շրջանցվել, որ 10 սպանվածներից երկուսը անկառավարելի դարձած ամբոխին կարգի հրավիրող ոստիկաններ էին, երեքը զոհվել են Ոստիկանության զորքերի կողմից սխալ կիրառված կամ ժամկետանց «Չերյոմուխա»-ների բեկորներից, մյուսի`ՈԶ շտաբի պետի գնդակից զոհվելու փաստը, ըստ էության, հերքվել է (այլապես «մեղադրյալն» այսօր ազատության մեջ չէր լինի)։ Մնացած չորսի մահվան հանգամանքներն էլ ինչպես եղել են, այնպես էլ մնում են չբացահայտված։

Ու սկսվե՜ց... Վիրտուալ եւ իրական «թավշյա» քարոզիչները, Հ1-ի գլխավորությամբ, ասես «ֆաս» հրահանգով, հարձակվեցին Օգանովսկու «ջոկատի» վրա եւ սկսեցին հոշոտել`ավելորդ անգամ ցույց տալով իրենց եւ տիրոջ իրական վերաբերմունքը Արցախի եւ արցախցիների նկատմամբ. Փաշինյանը դեռ 2008թ.-ին էր արցախահայերին մեղադրում հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ` կոչ անելով «ազատագրել մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից»։

Իհարկե, կարելի է ասել` Փաշինյանը կապ չունի այդ ամենի հետ։ Ավելին` դա ավանդաբար ադրբեջանամետ բրիտանացիների պատասխանն է Վերածննդի հրապարակում իր հնչեցրած ռազմահայրենասիրական հայտարարություններին։ Բայց տեսեք` ովքեր են լծվել Արցախի եւ արցախահայության դեմ հիստերիկայի նոր ալիք բարձրացնելու «աստվածահաճո» գործին։ Եթե Փաշինյանն էդ գործում չլիներ, անհապաղ ԱԱԽ «արտահերթ նիստ» կգումարեր եւ ԱԱԾ-ին խստիվ հանձնարարական կտար` գտնել արտահոսքի աղբյուրը եւ խստագույնս պատժել «նախաքննական գաղտնիքն» օտար լրատվամիջոցին տրամադրած անձին։

Այնպես որ, կան բոլոր հիմքերը` ասելու, որ ինքն է Արցախի վրա «տղա բերել»` կազմակերպելով այդ արտահոսքը։

Դրանով իսկ` շեղելով մարդկանց ուշադրությունն իր թույլ տված դիվանագիտական «կիքսի»` «Արցախը Հայաստան է, եւ վերջ» քարոզչական բադիկի պատճառով «դրացի Ադրբեջանի» հետ ծագած խնդիրներից, Եռաբլուրում ազատամարտիկների շիրմաքարերի եւ գերեզմանապղծման մյուս դեպքերի, Հայաստանի «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված լինելու փաստն» արձանագրող «գաղտնի փաստաթղթի» շուրջ աղմկալի քննարկումներից։

Ի՞նչ վատ է որ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը