Աշխարհ

15.08.2019 19:47


Հայտնի են Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարներից չվերադարձած 711 հայ զինվորների անունները

Հայտնի են Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարներից չվերադարձած 711 հայ զինվորների անունները

Հայտնի են Առաջին աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարներից չվերադարձած 711 հայ զինվորների անունները: Օգոստոսի 15-ին Սուխումի-Երեւան տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Երկրորդ աշխարհամարտի տարիներին անհայտ կորածների եւ նրանց հարազատների որոնման «Անվան վերադարձ» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովը:

Ռուսական որոնման համակարգը հայտնել է 711 հայ զինվորների ճակատագրի մասին, որոնք չեն վերադարձել գերմանական համակենտրոնացման ճամբարներից, նրանց գերի ընկնելու հանգամանքների եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում թաղման վայրերի մասին:

«Այս բոլոր տարիներին նրանք համարվել են անհայտ կորած, եւ նրանց ճակատագրերի մասին հարազատներին եւ ժառանգներին մինչեւ հիմա ոչ մի բան հայտնի չէ: Նախագիծը մեկնարկել է 2014 թվականից, եւ այս ընթացքում մեզ հաջողվել է շատ բան պարզել, շփվել ողջ վկաների հետ: Պատերազմի արդյունքներով՝ գերեվարության մեջ է եղել 6 մլն մարդ, որոնցից գրեթե 4 մլն-ը զոհվել է համակենտրոնացման ճամբարներում: Համակենտրոնացման ճամբարների ազատագրումից հետո 700 հազար խորհրդային գերիներ հայտնվել են ամերիկյան գոտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, եւ նրանց ԱՄՆ են տարել՝ դա հիմնավորելով նրանով, որ ԽՍՀՄ-ում նրանք կարող էին ենթարկվել հետապնդման: Երկրորդ խումբը՝ 1 մլն 200 հազար մարդ հայտնվել է ԽՍՀՄ-ում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ սարսափելի է, որ համակենտրոնացման ճամբարներում զոհված խորհրդային քաղաքացիները անհայտ կորած են համարվել, չնայած նրանց զոհվելու մասին տեղեկությունը հայտնի էր եւ փաստաթղթավորված, սակայն ճշմարտության բարձրաձայնումը, հավանաբար, հակասում էր խորհրդային իշխանության ինչ-ինչ քաղաքական նպատակներին:

«Մենք Մոսկվայից, Կուրսկից, Աբխազիայից, Ղազախստանից, Բելառուսից համակենտրոնացման ճամբարներում զոհվածների մասին փաստաթղթերի եւ տվյալների որոնման աշխատանքներ ենք կատարել: Տարօրինակ է, բայց այսօր էլ արխիվներում կարելի է տեղեկություններ գտնել այն մասին, որ այդ մարդիկ համարվում են անհայտ կորած»,- պարզաբանեց Գրիգորի Սկվորցովը:

Նա հավելեց, որ ձեռքին են հայտնվել 711 անհատական փաստաթղթեր Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից մարդկանց վերաբերյալ, որոնցով կարելի է նրանց մասին տոեղեկություններ գտնել: «Գերիների ցուցակը, որոնք ծագումով Հայաստանից էին, կարելի է բաժանել 2 մասի. նրանք, որոնք գերի են եղել Գերմանիայի ճամբարներում, եւ նրանք, որոնք եղել են ռումինական ճամբարներում: Տարօրինակ կերպով ռումինական իշխանությունները չեն ցանկանում դա լուսաբանել եւ դժկամությամբ են շփումներ հաստատում: Էլ ավելի տարօրինակ է, որ Ղարաբաղի իշխանությունները նույնպես պասիվություն են դրսեւորում այն մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու գործում, որոնք այնտեղ են հաշվառված եղել, ընդ որում՝ մենք մանրամասն տեղեկություն ենք տրամադրել: Մենք բազմիցս Ղարաբաղ նամակներ ենք ուղարկել, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել»,- հայտնեց Գրիգորի Սկվորցովը:

Նախագծի ղեկավարը հավելեց, որ եթե որեւէ մեկը պատերազմի տարիներին Հայաստանից կորած ազգական ունի, ապա կարող է տեղեկություն գտնել «Սպուտնիկ-Արմենիա» կայքում, քանի որ հնարավոր է՝ 711 անուն-ազգանուններից կգտնի իր ազգականին:

«Եթե այդ անունների շարքում հաջողվի գտնել ազգականի կամ ծանոթի, ապա կարող եք դիմել մեզ՝ հայտնելով կորածի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ներկայացնել նրա ծառայության մասին որոշ մանրամասներ»,- եզրափակեց Սկվորցովը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը