Աշխարհ

16.08.2019 13:22


Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. ՏԱՍՍ

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. ՏԱՍՍ

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ձմեռային սեզոնին նախատեսված տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին՝ օդանավակայանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հիշեցնում է լրատվամիջոցը:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը, օդանավակայանը խոստացել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը որոշել էր ձմեռային սեզոնից դադարեցնել չվերթները դեպի Գյումրի: Չվերթների դադարեցման որոշումը կապված էր Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:

«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»-ն կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները դեպի Գյումրի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցվել է»,- ասել էր ավիաընկերության ներկայացուցիչը:

Ինչպես ասվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

Ներկայում «Պոբեդա»-ն շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի: Իսկ ձմռան սեզոնին նախատեսված է շաբաթական 7 չվերթ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը