Լրահոս

23.08.2019 13:28


Փաշինյանն Ամուլսարի հարցով «Էլարդի» ներկայացուցիչներին Skype-կոնֆերանսի է հրավիրել

Փաշինյանն Ամուլսարի հարցով «Էլարդի» ներկայացուցիչներին Skype-կոնֆերանսի է հրավիրել

Խորհրդակցության ժամանակ ես 6 անգամ հարցրել եմ, ասել եմ՝ եթե պարզվի, որ այն խոտը, որ ուտում է մեր պահած ոչխարը, խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային ընդունված ստանդարտները, մենք կարողանո՞ւմ ենք այդ հարցը լուծել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկում, տանտերերի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ասում են՝ այո, այդ դեպքում արձանագրում ենք այդ փաստը, 90 օր ժամանակ ենք տալիս ընկերությանը եւ եթե նա այդ հարցը չի լուծում, լրիվ օրինական հիմունքներով փակում ենք հանքը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր հարցը ռացիոնալության դաշտից տեղափոխվել է մի քիչ ավելի էմոցիոնալ դաշտ:

Նա ընդգծեց, որ երբ հանքը վնաս չի տալիս, ինչո՞ւ պետք է չաշխատի, այդ հարցի պատասխանը պետք է ստանալ:

Բնակցի դիտարկմանը, որ բնապահպաններն ասում են, որ ակնհայտորեն վնասում է բնությանը, վարչապետն արձագանքեց, որ իրենք փորձաքննություն են պատվիրել «Էլարդ» ընկերությանը եւ վերջինս տվել է եզրակացություն, որ հանքի շահագործումը Սեւանի ջրերի համար վտանգ չի պարունակում, Ջերմուկի հանքային ջրերի համար ընդհանրապես վտանգ չի պարունակում, որովհետեւ Ջերմուկի հանքային ջրերն ավելի բարձր են, քան հանքը, իսկ «ջուրը զադնի չի գնում»:

«Երրորդ, եթե մեղմացման միջոցները կիրառվեն, Որոտան եւ Արփա գետերի հետ կապված ռիսկերը կլինեն կառավարելի»,-հավելեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բնապահպանների պնդումներին, որ «Էլարդի» եզրակացությունը սխալ ենք հասկացել, ըստ այդ եզրակացության հանքը չի կարելի շահագործել, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը պարզելու համար շաբաթ օրը «Էլարդի» ներկայացուցիչներին Skype-կոնֆերանսի են հրավիրել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը