Մեկնաբանություն

07.09.2019 11:14


Փաշինյանը կազմաքանդեց «Իմ քայլը» դաշինքը

Փաշինյանը կազմաքանդեց «Իմ քայլը» դաշինքը

Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքում «Իմ քայլը» դաշինքը 3–րդն է։ Մինչև այդ նա եղել է ՀԱԿ և «Ելք» դաշինքներում ու երկուսում էլ աչքի ընկել պառակտիչ գործունեությամբ։

Նա թիմակիցներին «քցողի», երախտամոռի և «անաղուհացի» համբավ ունի բոլոր նրանց մոտ, ում հետ որոշակի ճանապարհ է անցել։ Հիմա արդեն «Իմ քայլում» են գալիս այդ տեսակետին։

Ավերիչ Փաշինյանը

Թվում էր, թե «Իմ քայլը» դաշինքն անձամբ Փաշինյանն է ստեղծել ու այս անգամ կազմաքանդիչ ֆունկցիայով հանես չի գա, բայց եղավ ինչպես միշտ։ Նա չի ուզում այդպես, բայց այդպես ստացվում է։ Պատճառն այն է, որ նա իրեն թույլ է զգում, ինչպես նաև չի կարողանում կատարել պետության ղեկավարի՝ իր համար չափազանց ծանր դերը։ Արդյունքում՝ սխալը սխալի հեևից է արվում և մնում են ավերակներ։

Իսկ կազմաքանդում է Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքը՝ հանդիպելով ու ներքաղաքական հարցեր քննարկելով լուսանցքային ուժ հանդիսացող «Սասնա ծռերի» հետ։

Երբ այդ հանդիպումը սկսում են մեկնաբանել «ծռերի» ներկայացուցիչները, ապա ստացվում է, որ բռնության դեմ քարոզող Փաշինյանը թույլի դիրքերից է հանդիպել բռնությունը որպես քաղաքական պայքարի հիմնական մեթոդ համարող խմբի ղեկավարի հետ։ Ու քանի որ այդ հանդիպմանը տրվեց հույժ կարևոր նշանակություն և Փաշինյանն իր մամլո խոսնակի միջոցով հաղորդում տվեց այդ մասին, այդպիսով վարչապետի թուլացման փաստն ավելի ընդգծվեց։

Երբ Ժիրայր Սեֆիլյանը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո մենտոռական տոնով նշում է, թե ինչ պետք է անի ու ինչ պետք է չանի «ժողովրդի» վարչապետը, ինչպես նաև հայտարարում է, որ «Իմ քայլը» դաշինքը ենթակա է սեփականաշնորհման այլոց կողմից ու, հետևաբար, անհրաժեշտ է արտահերթ ընտրություն, այդ պահից սկսած Փաշինյանի գլխավորած ուժին կարելի է համարել կազմաքանդված։ Փաշինյանի ձեռքերով կազմաքանդված։

Եթե «ծռերը» Փաշինյանին հանդիպելուց հետո հայտարարում են, որ թույլ չեն տա քաղաքական ռևանշ, ապա անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է այդ ռևանշը իրական կամ ինչքանով են «ծռերն» ունակ ինչ-որ բան թույլ տալու կամ չտալու, ստացվում է, որ Փաշինյանը «ծռերի» հույսին է մնացել։ Ասել է թե՝ «Իմ քայլը» գործնականում դադարել է Փաշինյանի հենարանը լինելուց։

«Ծռերին» հանդիպելով՝ Փաշինյանը կամա թե ակամա խոստովանեց, որ վախենում է աթոռի համար։ Ու վախից պատրաստ է դիմել անգամ մարգինալների աջակցությանը։

«Ծռերի» հույսին մնացած Փաշինյանը նաև խոստովանեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Իմ քայլի» ստացած 70 տոկոսը և խորհրդարանում առկա 88 պատգամավորը չեն արտահայտում ներկա քաղաքական տրամադրությունները։ Այլ կերպ ասած՝ «ծռերի» հետ հանդիպումով Փաշինյանը ոչ լեգիտիմ հայտարարեց գործող ԱԺ–ն։ Իսկ դա նշանակում է, որ Սեֆիլյանն այդ առումով ճիշտ է, երբ խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Մի խոսքով, «Իմ քայլը» դարձավ Փաշինյանի հերթական դաշինքը, որը քայքայվեց իր գործուն ջանքերի շնորհիվ, և շուտով այդ դաշինքի անունից կմնա միայն հիմնադրամը, այն էլ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը