Մեկնաբանություն

13.09.2019 10:15


Դատավորը «չէ» կասի՞ թավշյա բեսպրեդելին

Դատավորը «չէ» կասի՞ թավշյա բեսպրեդելին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները լիահույս էին, որ Սահմանադրական դատարանն այնուամենայնիվ տեղի չի տա «թավշյա վարչապետի» եւ իր իրավական կցորդների ամենեւին էլ ոչ թավշյա ճնշումներին` կկայացնի տարընթերցման, տարաբեւեռ մեկնաբանությունների տեղ չթողնող որոշում, որով հստակ կարձանագրի` նախագահի անձեռնմխելիության իրավունքը խախտվել է, եւ նա առնվազն պետք է ազատ արձակվի։

Ըստ էության, Սահմանադրական դատարանն այդպես էլ արել է։ Բայց համապատասխան կառույցներն ու մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի գոհացնեն քաղաքական վրեժխնդրությամբ տառապող մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին։

Անում են այն, ինչի ընդունակ են` ինչ մինչեւ հիմա արել են եւ անելու են, քանի դեռ կան. այն, ինչին «ի բնե» կոչված են։ Եվ ինչպես փնթիաբար, հապշտապ, առանց երկար-բարակ մտածելու օրենքն ու սահմանադրական նորմերն էին ձեռքի հետ հարմարեցնում այդ «մեկ մարդու» ճղճիմ շահերին ու հաշվարկներին, այնպես էլ ՍԴ որոշումն են մեկնաբանում ու աջուձախ «պտտացնում»` ոնց ուզում են։

Հիմա դատաիրավական «ոչ թավշյա» ճչացող բեպրեդելին «չէ» ասելու ծանր բեռը դրված է դատավոր Աննա Դանիբեկյանի փխրուն ուսերին։

Նիկոլի սրտի դատախազությունն արդեն ասել է իր «հեղինակավոր» կարծիքը` որ ՍԴ որոշումն իրենց համար հիմք չէ նախագահի խափանման միջոցը փոխելու համար, Արդարադատության նախարարն էլ կնիքը դրել է։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա չեղած տեղը «պաշտոնական կեղծիք» թույլ տալու մեղադրանք կախելով` նաեւ շատ պարզ հասկացրել են`ինչ է սպասում «գլխից ձեռք քաշած» այն դատավորին, որ կհամարձակվի «պատվիրատուի» քիմքին ոչ հաճո որոշում կայացնել։

Մեղադրող կողմի տեսակետը ներկայացնող դատախազի առարկություն չընդունող շեշտադրումները, սպառնալի «տոնայնությունը», որով փորձում էր հիմնավորել, որ ՍԴ որոշումը «վերաբերելի» չէ Ռոբերտ Քոչարյանին, քանզի պատճառաբանական մասում նշված «գործառույթային անձեռնմխելիությունը» տարածվում է բացառապես նախագահի գործառույթներից բխող գործողությունների վրա, իսկ Քոչարյանին մեղսագրված «հանցավոր արարքները», հասկանում եք, չեն բխել նրա սահմանադրական գործառույթներից հետ, կասկածի տեղ չեն թողնում` եթե կա այս արեւի տակ մի բան, որտեղ Նիկոլը հաստատակամ է` սպանես էլ, «զադնի չի տա», ապա դա երկրորդ նախագահին թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով փակի տակ պահելն է։

Եվ ի՞նչ «հանցավոր գործողություններ» են մեղսագրում նախագահին Նիկոլի սրտի քննիչները եւ դատախազները։

Նախ`որ որպես սահմանադրական կարգի երաշխավոր, խանգարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու իր վկաներին Պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, նրա միջոցով` բանակը ներքաշել քաղաքականության մեջ։ Այսինքն, փաստացի կանխել է ռազմական հեղաշրջման փորձը` պաշտպանության նախարարին հանձնարարել է կարգի հրավիրել գեներալին եւ զերծ պահել անդառնալի հետեւանքներով հղի անօրինական քայլերից։ Ինչն էլ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն արել է`ստորագրելով չարչրկված 0038 հրամանը, որով բանակային ստորաբաժանումները բերվել են զորանոցային վիճակի։

Երկրորդ, եւ ամենակարեւորը`կանխել է քաղաքացիական պատերազմը. մարտի 1-ի երեկոյան, երբ արդեն բանը բանից անցել էր` գազազած ամբոխը քարերով, պայթուցիկ խառնուրդներով լցված շշերով, մահակներով, ինքնաշեն եւ այլ կտրող-ծակող գործիքներով հարձակվել էր ոստիկանական ուժերի վրա ու կենաց-մահվան կռիվ էր տալիս դասալքելու կոչերին չենթարկվող 18-19 տարեկան տղաների դեմ, մեքենաներ այրում, խանութներ թալանում, եւ կային բազմաթիվ վիրավորներ, արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր է ստորագրել`Սահմանադրությամբ նախատեսված կարգով խորհրդակցելով Աժ նախագահի եւ վարչապետի հետ, եւ ստացել ԱԺ համաձայնությունը։

Եթե անգործություն դրսեւորեր`ձեռքերը ծալած նստեր ու անվրդով հետեւեր, թե 20 տոկոս ստացած թեկնածուի ագրեսիվ հետեւորդների բանակն ինչպես է զավթում իշխանությունը, «անհարկի» չմիջամտեր ՀՔԾ քննիչների մեկուկես տարվա «մանրակրկիտ եւ բազմակողմանի» որոնողական աշխատանքներից հետո անգամ անհայտ հանգամանքներում զոհված 10 մարդու կյանք խլած զանգվածային անկարգություններին`այ, դա կլիներ նախագահի գործառույթներից «անմիջականորեն բխող» օրինակելի վարքագիծ, որի համար այսօր ամբաստանյալի աթոռին նստած չէր լինի`ազատ ու անարգել իր համար «շվշվացնելով» ման կգար։

Նույնիսկ` կարող է շնորհակալագրի արժանանար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը