Մեկնաբանություն

18.09.2019 12:09


Ինչ «մեսիջներ» էր պարունակում Վանեցյանի հեռացումը

Ինչ «մեսիջներ» էր պարունակում Վանեցյանի հեռացումը

Արթուր Վանեցյանը առանցքային դեմք էր Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ։ Նա ավելին էր, քան ԱԱԾ տնօրենը։ Նա հեղափոխական իշխանության «կինոյի մեջի տղեն» էր Նիկոլ Փաշինյանից հետո։ Բայց ի տարբերություն վերջինիս՝ Վանեցյանը վարկանիշ էր հավաքում։

Պատահական չէր, որ Փաշինյանի հեռացման սցենարներում մշտական տեղ ուներ պալատական հեղաշրջումը, որի գլխավոր դերակատար էր դիտարկվում Վանեցյանը։ Ու կապ չունի, թե արդյոք Վանեցյանն այդ մարդն էր, թե ոչ (պրակտիկան ցույց տվեց, որ այն մարդը չէր)։

«Մեսիջային» պատերազմ

Վանեցյանի հրաժեշտի խոսքը Փաշինյանին ուղղված մեղադրական էր։ ԱԱԾ տնօրենը ահազանգ հնչեցրեց, որ պետության ղեկը հայտնվել է անսթափ, հախուռն ու տարերային որոշումներ կայացնող, առաջնայինը երկրորդականից չտարբերող մարդու ձեռքում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի «մեսիջներին», ապա Վանեցյանից ձերբազատվելը նշանակում էր, որ նա՝

1. չի վստահում «կադրավիկ» ուժայիններին և ընդհանրապես պետական կառավարման համակարգին, քանզի իրեն օտար է զգում այդ համակարգում,

2. ցանկանում է սեփական թիմը ձևավորել ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ հավատարմության հիմքով, ու գլխավոր հատկանիշը համակարգից դուրս մարդ լինելն է՝ «Ինչքան բոմժ, այնքան լավ» տարբերակով,

3. ուզում է ազատվել այն մարդկանցից, ովքեր Կրեմլի հետ ավելի լավ են շփվում, քան ինքը,

4. ուզում է Արևմուտքին ցույց տալ, որ պետք չէ Ամուլսարի պատրվակով իր դեմ նոր հեղափոխություն նախաձեռնել, քանզի ինչ-որ իրենց պետք է, ինքը կանի ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների,

5. գնում է ուժային կառույցների կազմաքանդման, ուժայինները ռուսական ինտեգրացիոն համակարգերից դուրս բերելու և ԱԱԾ–ն, ոստիկանությունը, բանակը արևմտյան (պայմանական՝ սորոսականներ) շրջանակների հետ համատեղ կառավարելու քայլին,

6. պատրաստվում է ռեպրեսիվ մեխանիզմներ կիրառել, քանզի իրական արդյունքներ («տնտեսական հեղափոխություն») չի կարողանում ապահովել, և լսարանին պետք է զբաղեցնի քրեական սերիալներով,

7. պատրաստվում է դեպի Արցախ արտահանել հեղափոխությունը և ստանալ խամաճիկային իշխանություն՝ բանակցային գործընթացում իրեն ավելի հարմարավետ զգալու և Արցախից իր իշխանությանը սպառնացող վտանգը վերացնելու համար,

8. ժեստ է անում թրքաբոլշևիկներին, որպեսզի վերջիններս արևմտաթուրքական շրջանակների «պասով» «Կանաչ» հեղափոխություն չանեն և իրեն աթոռից չհեռացնեն. 5–րդ շարասյունը ուրախությունից պար էր գալիս Վանեցյանի հեռացումից հետո։

Հետաքրքրական է, որ ՌԴ–ի հետ նորմալ հարաբերություններ ունեցող եզակի հայ պաշտոնյաներից հանդիսացող Վանեցյանի հեռացումը տեղի է ունենում Պուտինի հայաստանյան և Փաշինյանի՝ ԱՄՆ այցերին ընդառաջ։

Եվս մեկ հետաքրքրական հանգամանք։ Վանեցյանն այն պաշտոնյան էր, որը նորմալ հարաբերություններ ուներ պաշտոնական Ստեփանակերտի հետ և հայտարարել էր, որ մենք պետք է ոչ թե հող հանձնենք, այլ դեռ մի բան էլ ազատագրենք։ Նրա այդ հայտարարությունից հետո Ադրբեջանում վայնասուն էր բարձրացել։ Եվ ահա Վանեցյանին հեռացնում է Փաշինյանն այն պահին, երբ թուրք–ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան խոսում է այն մասին, որ Ադրբեջանում ՀՀ վարչապետից ակնկալիքներ ունեն, բայց ափսոսանք են հայտնում, որ նրան ներսից խանգարում են։

Նիկոլն այժմ այնպիսի իշխանություն է ուզում ձևավորել, որ նրան Արցախի կամ ներքին բռնապետական ռեժիմի հաստատման հարցերում ներսից խանգարողներ չլինեն։ Այդ ճանապարհին նրա դեմ կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Արցախի իշխանությունները, բոլոր հայաստանակենտրոն ուժերը, պետական կառավարման համակարգի ճնշող մեծամասնությունը, Սահմանադրական դատարանը և իր ապօրինի ցանկություններին «չէ» ասողները։

Նա հիմա դիմում է պայմանական «սորոսականների» աջակցությանը՝ նրանցից խնդրելով իր իշխանության դեմ երկրորդ ճակատ չբացել, և փոխարենը խոստանալով անել այն, ինչ պետք է անեն Հայաստանի 5–րդ շարասյան ներկայացուցիչները՝ թրքաբոլշևիկները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը