Լրահոս

04.10.2019 22:01


Կվերաբացվի՞ արդյոք «Հայելու առաջ» հաղորդաշարը

Կվերաբացվի՞ արդյոք «Հայելու առաջ» հաղորդաշարը

Արդեն մոտ երկու շաբաթ է՝ «Հայելու առաջ» հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում չէ: Սկզբնական շրջանում տնօրինությունը լրատվամիջոցներին այս փաստը պատճառաբանել էր, թե այն համընկնում է ֆուտբոլային թողարկումների և ծրագրային փոփոխությունների հետ, սակայն ֆուտբոլային թողարկումներն ընդամենը շաբաթը երկու օր են եղել:

«168 Ժամի» հետ զրույցում «Հայելու առաջ» հաղորդման հեղինակ-վարող Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը պատրաստվում է հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ՝ պարզելու հաղորդման ճակատագիրը: «Կարծում եմ՝ այդ օրն ամեն ինչ պարզ կդառնա, որից հետո խոստանում եմ պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին՝ անկախ նրանից՝ հաղորդաշարը կբացվի՞, թե՞ ոչ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Հայելու առաջ» հաղորդումն ունենում էր նաև ընդդիմադիր հյուրեր, որոնք քննադատում էին գործող իշխանությանը, երկրում ստեղծված իրավիճակը, և այլն:

Վերջերս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել էր տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները:

Ըստ ուսումնասիրությունների՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդումը 6-րդ տեղում է, այն կտրուկ աճ է գրանցել, քանի որ նախորդ եռամսյակի հետազոտության տվյալներով՝ տասնյակում չէր:

Հավելենք, որ Hayeli.am կայքը «Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերտառությամբ լուր էր հրապարակել, ըստ որի՝ Հարությունյանը մահվանից առաջ ասել էր. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»: Սրանից հետո Hayeli.am-ի հոդվածի հեղինակը հրավիրվել էր հարցաքննության Հարությունյանի մահվան գործով:

Այս խորագրի վերջին նյութերը