Մեկնաբանություն

04.05.2010 13:38


Երաժշտական քաղաքականություն կամ քաղաքական երաժշտություն

Երաժշտական քաղաքականություն կամ քաղաքական երաժշտություն

Ի՞նչ է տալիս երաժշտությունը մարդուն՝ հոգեկան բավարարվածությո՞ւն, հանգստությո՞ւն, թե՞ ուղղակի ժամանակ անցկացնելու հերթական միջոց է։ Անկախ նրանից, թե ինչ դեր է խաղում երաժշտությունը մարդու կյանքում, այն լսում են բոլորը։ Այլ հարց է մարդու երաժշտական ճաշակը, որը ձևավորվում է նրա արժեքային համակարգին և աշխարհայացքին համապատասխան։ Երաժտական ոճերից են ռոքը, ջազը, դասականը, փոփը, բլյուզը, ռեփը, ֆոլկը և այլն։ Ներկայացված ոճերից յուրաքանչյուրն ունի իր լսարանը։

Ռեփն, օրինակ, փողոցի երաժշտություն է և առաջացել է վատ պայմաններում ապրող սևամորթների շրջանում, ովքեր ռեփի միջոցով ներկայացնում էին փողոցային կյանքի բոլոր դժվարություններն ու առանձնահատկությունները։  

Փոփը թերևս «ամենաթեթև» և մտածելու տեղիք չտվող երաժտությունն է և արտացոլում  է այսօրվա ոչ այնքան բովանդակային, որքան ձևական աշխարհի կառուցվածքը։

Ֆոլկ երաժշտությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առանձնահատուկ դերակատարություն ունի և անկախ է որևէ ոճային նախընտրությունից։

Դասական երաժշտությունը  չեմ ցանկանում համեմատել որևէ ոճի հետ. այն ուղղակի վեհ գաղափար է, որն իր մեջ ներառում է ամեն ինչ։

Կցանկանայի առանձնահատուկ անդրադառնալ թերևս ռոքին, որը համարվում է նաև բողոքի, ազատության երաժշտություն։ Բազմաթիվ ռոք խմբեր իրենց երգերում բարձրացնում էին բավական ցավոտ քաղաքական, սոցիալական և այլ հարցեր։ Վառ օրինակներից է «Pink Floyd»-ի «The Wall» ձայներիզը, «Deep Purple»-ի «Smoke on the water» երգը և այլն։

Մի օր աշխատանքից տուն գնալիս խաղահրապարկում տեսա 5-6 տարեկան աղջիկ երեխաների, ովքեր երգում էին. «Իմ ախպե՜րս, ջա՜ն-ջա՜ն-ջա՜ն, լավ ախպե՜րս...» և այլն։ Ակամայից հիշեցի մեր «երաժշտական ինդուստրիայի» վիճակը և չկարողացա մեղադրել նրանց։ Ի՞նչ են լսում և տեսնում այդ երեխաները։ Ի վերջո, ի՞նչ մշակույթի հետ են առնչվում նրանք. համատարած ռաբիսության և անորակության։ Սակայն հարկ է նշել, որ այս իրավիճակը միշտ չէ, որ տիրել է։ Իսկ ինչո՞ւ է վիճակն այժմ այսպիսին։

Խնդիրը կապում եմ մեզանում տիրող համակարգի, բարքերի ու վերնախավի արժեհամակարգի հետ, որովհետև ճաշակ (ոչ միայն երաժշտական)  թելադրողը էլիտա կոչվածն է է և հատկապես քաղաքական էլիտան։

Երաժշտություն, ի վերջո, լսում են նաև քաղաքական գործիչները։ Նրանցից շատերն անգամ զբաղվում են երաժշտությամբ. նվագում են տարբեր գործիքեր, երգում են և նույնիսկ համերգների են մասնակցում։ Այդպիսիք են, օրինակ, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, ով սաքսոֆոն է նվագում, Չեխիայի նախագահ Վասլև Գավելը, ով որպես գործող անձ մասնակցել է «Rolling Stones»-ի համերգներից մեկին և այլն։

Իսկ ի՞նչ երաժշտություն են լսում, օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնցից շատերը հեռուստաընկերությունների, ժամանցային տարբեր վայրերի և, ի վերջո, մեծ գումարների սեփականատերեր են, հետևաբար ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունն ու ճաշակը և թելադրում այն հասարակության լայն շերտերին։

Այսպիսով, Հայաստանի հանրապետական կուսակցությունից Կարեն Ավագյանը լսում է ընդհանրապես ամեն ինչ՝ ամենառաբիս ասվածից մինչև դասական երաժշտություն (Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Վիվալդի)։ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ևս հատուկ նախընտրություն չունի և «լսում է այն, ինչ լինի»։

-Պահի տակ ինչ երաժշտություն եղավ, տրամադրությանը նայելով՝ «любой»-ն էլ լսում ենք էլի,-ասաց Առաքել Մովսիսյանը։

Գալուստ Սահակյանը նշել է, որ ինքը ժամանակին երաժիշտ է եղել և սկսած ռաբիսից, սիմֆոնիաներից, հայ դասականներից, break-ներից, եվրոպական ոճից՝ ամեն ինչ լսում է։ Երաժշտության ընտրությունը Գ. Սահակյանը պայմանավորում է  հոգեվիճակով։ Նախընտրելի խումբ կամ կատարող չունի։ Նման հոբբիներ ժամանակին ունեցել է, բայց հիմա ժամանակ չունի. զբաղված է քաղաքականությամբ։ Էդուարդ Շարմազանովը լսում է ռոք բալլադներից մինչև ազգային հայրենասիրական երաժշտություն, մասնավորապես  Ներսիկ Իսպիրյան, Ռոբերտ Փլանթ (Led Zeppeline) և այլն։ Հովհաննես Սահակյանը նախընտրում է բլյուզներ, ռոմանսներ, հին հայկական երգեր, հատկապես Գայանե Սերոբյանի կատարմամբ Հասմիկ Մանասերյանի երգերը, ինչպես նաև Շադե, Ժո Դասեն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միանշանակ դասական երաժշտություն է նախընտրում, սիրում է Մոցարտ, Շոպեն, Բեթհովեն, բայց, օրինակ, Բերլիոզն իր մոտ դեպրեսիա է առաջացնում։ Էռնեստ Սողոմոնյանը կարևորում է երաժշտության որակը։ Լսում է ցանկացած ժանրի երաժշտություն, միայն թե որակով լինի և էմոցիա առաջացնի։ Նշել է, որ շատ է սիրում ռուսական էստրադա, հին և նոր հայկական էստրադա։

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը  չի սիրում աղմուկ և «ճղճղոց», նախընտրում է դասական, մեղմ երաժշտություն՝ Շոպեն, Բեթհովեն և այլն։

ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նախընտրում է  բացառապես հայկական ժողովրդական, գուսանական երաժշտություն, օրինակ՝ Սայաթ-Նովա։

Վահան Հովհաննիսյանը դասական և ռոք երաժշտության սիրահար է, և, չնայած «ջազի մոդայիկ լինելուն», ջազ չի սիրում։ Սիրում է նաև թեթև դասական երաժշտություն, ինչպես, օրինակ, օպերետ, Շտրաուս, ռոք, բայց ոչ ծանր metal։

-Ծանր սիրում եմ, բայց այն իր տեսակներն ունի, օրինակ՝ Ջանիս Ջափլին,- ընդգծել է նա։ Գնահատելով երաժշտության այսօրվա իրավիճակը, հաշվի առնելով երաժշտության ցածր մակարդակն ու ռաբիսացումը՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ հասարակության մեջ մոդան թելադրում է իշխող տարրը։

-Օրինակ սովետական տարիներին այդ իշխող տարրերից մենք կարող էինք շատ ու շատ պատճառներով բողոքել, բայց դրանք համեմատաբար ավելի կիրթ էին և եվրոպական մշակույթին, ավելի ճիշտ՝ քրիստոնեական հիմքերի վրա ստեղծված եվրոպական մշակույթին, այդ թվում նաև գրականությանը, կերպարվեստին և ամեն ինչին Հայաստանը շատ ավելի հաղորդ էր։ Հիմա, երբ անկախացանք, երկու գործընթաց տեղի ունեցավ։ Մի կամուրջ, որ մեզ ապահովում էր այդ ամենի մուտքը՝ Ռուսաստանը, և ռուսաց լեզվի իմացությունն սկսեցին փլվել, երկրորդ խնդիրն այն էր, որ շատ արագ տեղի ունեցավ իշխող տարրի փոփոխություն։ Հեղափոխության տարիներին իշխանության եկան, ՀՀՇ-ի ձեռքով իշխանության բերվեցին ծայրագույն ռաբիս շերտերը, այսինքն՝ դզող-փչողներ, բայց ոչ թե պրոլետարիատի, այլ լյումպեն պրոլետարիատի շերտերը։ Գիտեք՝ ազգի էլիտան անպայման ակադեմիկոսները չեն, բանվոր դասակարգն էլ իր էլիտան ունի, բայց այդ ժամանակ տեղի ունեցավ ընդհանրապես էլիտաների վերացում, և իշխանության եկավ ամենաագրեսիվ, բայց միևնույն ժամանակ ամենաանկիրթ տարրը և, բնականաբար, իր հետ բերեց իր մշակույթը, որի արդյունքները տեսնում ենք ճարտարապետության մեջ (Երևան քաղաքի արտաքին տեսքի առումով), երաժշտության մեջ (նույնիսկ ժողովրդական երաժշտության խայտառակ ռաբիսացում), կերպարվեստի մեջ, կինոյի մեջ անընդհատ ինչ-որ Վիպոյան «ձյաներ» և այլն։ Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը և ոչ միայն երաժշտությունը։ Ռաբիսությունը թափանցել է, իհարկե, նաև քաղաքականության մեջ,- ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ իրեն Ազգային ժողովից շատ քչերի հետ է երաժշտություն լսելու բախտ վիճակվել, բայց տեղյակ է, որ ՀՅԴ խմբակցությունում կան ռոքերներ (Արա Նռանյան), ինչպես նաև դասական և ժողովրդական մշակույթի սիրահարներ, օրինակ՝ Արծվիկը Մինասյան, Լիլիթը Գալստյան, Ռուզանը Առաքելյան։ Անդրադառնալով Հանրապետական կուսակցության երաժշտական ճաշակին՝ Վ. Հովհաննիսյանը նշել է, որ դժվարանում է գնահատականներ տալ, քանի որ Հանրապետականը մեծ խմբակցություն է, և անպայման տարբեր շերտեր և մշակույթներ կան.

-Այդուհանդերձ, քյաբաբից մինչև, ասենք, սոնատներ երևի կա։ Թերևս քյաբաբն իր ծանրակշիռ դերակատարությունն ունի, բայց քանի որ իսկապես չգիտեմ նրանց ճաշակներն ու նախասիրությունները, ապա դատողություններս ռետրոսպեկտիվ են, հնարավոր է՝ ինչ-որ տեղ նաև սխալվեմ,- ընդգծել է Վահան Հովհաննսիյանը։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախընտրում է հանգիստ երաժշտություն, որևէ ոճային շեշտադրում չունի, սակայն շատ աշխույժ՝ «դգ-դգ-դգ» երաժշտություն չի նախընտրում։

Ստեփան Սաֆարյանի երաժշտական նախասիրությունները կախված են տրամադրությունից. հոգնած ժամանակ նախընտրում է ռիթմիկ երաժշտություն, նույնիսկ տեխնո, բայց շատ է սիրում  ֆոլք ջազ, դասական որոշ գործեր, սոլո ոճ։ Բոլոր այն երաժշտությունները, որոնք իրենց մեջ մեղեդայնություն ունեն, արժանանում են Արմեն Մարտիրոսյանի ուշադրությանը։  Նա մասնավորապես լսում է մաքուր ժողովրդական ֆոլքից մինչև դասական։ Խնդիր չի տեսնում և՛ ռոք, և՛ մետալ, և՛ նույնիսկ օպերա լսելու մեջ։ Ա. Մարտիրոսյանին դուր է գալիս Նորայր Մնացականյանի, Օֆելյա Համբարձումյանի երգարվեստը, Լևոն Իսպիրյանը, ով լավ Ջիվանի է ներկայացնում։ Ռոք երաժշտությունից նախընտրում է  «Guns n'Roses» ACDC, Metallica-ն, իսկ դասականներից՝ Բեթհովեն, Բախ, Մոցարտ և այլն։

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հիմնականում ռուսական և հայկական շանսոն է լսում։

Հեղինե Բիշարյանի վրա փոքր տարիքից բացասական առումով ազդել է ցանկացած ձայն։ Նա սիրում է հանգստություն, մեղմություն։ Երաժշտության մեջ «ճղճղան» և աղմկոտ բաները նրա վրա բացասական են ազդում։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը