Մեկնաբանություն

11.10.2019 08:34


Արջը վախից է գոռում

Արջը վախից է գոռում

Լավ օրից չէ, որ քայլարածները նորից հիշել են «ատելության խոսքի» դեմ պայքարելու մասին։

Առաջին անգամ այդ թեման շրջանառության մեջ դրեց ընդդիմադիր ժամանակ «ատելության խոսքը» (լեւոնական կամ, ինչպես ընդունված է ասել, թրքաբոլշեւիկյան «գծի» մեջ չտեղավորվող անձանց նկատմամբ քարոզչական ահաբեկչությունը) կատարելության, իշխանությունը վերցնելուց հետո` պետական մակարդակի հասցրած Նիկոլ Փաշինյանը։

Ատելության խոսքից ատելության խոսքի դեմ պայքարի անցնելու «անհրաժեշտությունն» առաջացավ, երբ դաշնակցական մի երիտասարդ «դաստաիարակչական ապտակ» հասցրեց Դաշնակցության, Արցախի, Արցախի ղեկավարության, Արցախի թեմի առաջնորդի հասցեին բերանը շաղ տվող ՀԱԿ-ի ակտիվիստին, Գեղամ Մանուկյանն իր վրա վերցրեց այդ «հանցավոր գործողության» պատասխանատվությունը, եւ էլի մի 15 դաշնակցական միացան այդ ակցիային` գնացին ոստիկանություն եւ հայտարարեցին, որ զազրախոսին իրե՛նք են կարգի հրավիրել։

«Հեղափոխության» սրբության սրբոցը` ընդդիմախոսներին ուզածի պես եւ ուզածի չափ վիրավորելու, քարկոծելու, պիտակավորելու, սպառնալու եւ անպատիժ մնալու մենաշնորհը վտանգված էր, եւ քայլարածները՝ արդարադատության երիտնախարարի գլխավորությամբ, հանդես եկան համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` փորձելով զսպաշապիկ հասցնել անհաճո լրատվամիջոցներին։

Չգիտենք` ի՞նչ եղավ այդ դարակազմիկ նախաձեռնության ճակատագիրը, բայց քաղաքական հակառակորդների բերանը փակելու հարցը այս օրերին դարձյալ արդիական է դարձել։ Առիթը սորոսական հանրույթի`Բաց հասարակության հիմնադրամների եւ իր շահառուների դեմ շարունակվող ակցիաներն են, որոնք, բնականաբար, իրենց արտացոլանքն են գտնում ֆեյսբուքյան ակտիվիստների գրառումներում։

Իսկ պատճառը հանրային տրամադրությունների փոփոխությունն է. Նիկոլի հենց միայն անունը լսելիս` էքստազի մեջ ընկնող զոմբիների եւ մտածող, սթափ քաղաքացիների հաշվեկշիռը փոխվում է հօգուտ վերջինների։

Եթե առաջ՝ ի դեմս Փաշինյանի, պնդում էին, թե Հայաստանում դժգոհության ալիք չկա` կա «երեք սենյակ», որտեղ գեներացվում է այդ «դժգոհությունը»՝ հիմա, ի դեմս նույն Փաշինյանի, խոսում են իմքայլական միահեծան կառավարման դեմ ընդվզող առնվազն երեք «ինստիտուտի» մասին` դատական համակարգ, Եկեղեցի եւ մամուլ, որոնք, Նիկոլի «կոռեկտությունը» թուլության հետ շփոթելով, փորում են նրա ոտքի տակը (թույլիկ երեւալու բարդույթը մղձավանջային երազի պես հետապնդում է այս մարդուն). փորում են, փորում ու չեն հոգնում։

Դատական համակարգի «հախից գալու» հարցը լավ, թե վատ լուծել են, Եկեղեցին ծնկի բերել դեռ կհասցնեն`այս փուլում ավելի օրախնդիր է լռեցնել այլախոհներին։ «Հայելի» ակումբի վրա հարձակումը մասամբ լրացնում է այդ բացը, բայց դաշտում լիակատար «կարգուկանոն» հաստատելու համար բավարար չէ։

Եվ ահա, այս «բարդ» իրավիճակում ազատ մամուլի դեմ պայքարի առաջին գծում հայտնվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի իմքայլական անդամ Մարիա Կարապետյանը, որի անունն ասոցացվում է ԱԺ ամբիոնից տրանսգենդերիզմ (ԼԳԲՏ-իզմ) քարոզելու հետ`«ատելության խոսքը» դատապարտող հայտարարություն ընդունելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու հարվածային նախաձեռնությամբ։

Հայտարարության տեքստում էլ, «օգտակարը համատեղելով հաճելիի հետ», «սղղացնում է» լղոզված մի ձեւակերպում` «գենետիկական հատկանիշների» պաշտպանության մասին, որ դարձյալ նույն` «ԼԳԲՏ»-իզմի շուրջ հանդուրժողականության, եթե չասենք` հովանավորչության մթնոլորտ ստեղծելու տրամաբանության մեջ է։

Նախաձեռնություն`ոչ թե ՀՀ քաղաքացուն, այլ իրենց` Նիկոլին ու իր զոմբիներին օրըստօրե ավելացող ընդդիմադիր զանգվածի քննադատությունից` «ատելության խոսքից» պաշտպանելու մասին։ Իսկ մյուսների հե՛րն էլ անիծած։ Վկա` դատախազության քնքույշ վերաբերմունքը «Հայելիի գրասենյակի մոտ մոլեգնող քառյակի նկատմամբ, որոնց «արարքի» ծանրությունն ընդամենը 200 հազար դրամ են «գնահատել», եւ «կալանք տալու» որոշումը, որ կայացրել են դատավոր Դանիբեկյանին «բան ասած» Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ։

Մեզ թույլատրված է ամեն ինչ, ձեզ`ոչինչ. սա է այն ուղերձը, որ հղում են հասարակությանը` նախաձեռնելով այդ գործընթացը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը