Մեկնաբանություն

16.10.2019 10:40


Մի բանով պե՞տք է զբաղվեն, թե՞ չէ

Մի բանով պե՞տք է զբաղվեն, թե՞ չէ

Քայլարածները մինչեւ հոգու խորքը ցնցվել են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշումից։

Եվ, դատելով արձագանքներից, չեն պատրաստվում հանգիստ նստել տեղը`համակերպվել այն փաստի հետ, որ Հայաստանում դեռ կա` մնացել է իրենց տոտալ վերահսկողության տակ չգտնվող գեթ մեկ սահմանադրական մարմին, որը դիմադրում է. չի ուզում անցնել Նիկոլի թրի տակով եւ դառնալ նրա բացահայտ ու թաքուն ցանկությունների կատարածուն։

Իսկ ցնցվել են` ոչ միայն եւ ոչ այնքան նրանից, որ չեն հասել իրենց մուրազին, այլ` որ ՍԴ-ն նույնիսկ հարկ չհամարեց քննության առնել ինքնահռչակ Վահեի կողմից խնամքով նախապատրաստված ծավալուն «փաստաթուղթը»։

Իրենք էլ հասկանում էին, իհարկե, որ Վահեի հիմնավորումները, մեղմ ասած, թույլիկ են ՍԴ-ից ցանկալի որոշում կորզելու համար, եւ ներքուստ պատրաստ էին նրան, որ Բարձր դատարանն անհիմն կհամարի իրենց կասկածներն առ այն, որ Հրայր Թովմասյանը «կոպիտ կարգապահական խախտում» է թույլ տվել, մասնակցելով Մարտի 1-ի գործի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննարկմանը, ու կմերժի «ժողովրդի սրտի Ազգային ժողովի» հայցը։ Բայց որ ընդհանրապես վարույթ չի ընդունի` չէին սպասում։

Անգամ այն պարագայում, երբ ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ նախագիծը ներկայացրել են ոչ թե ԱԺ կանոնակարգ-օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետում, այլ երեք ամիս ուշացումով`սեպտեմբերի 6-ին. Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու ոչ իրավաչափությունը փաստող ՍԴ որոշման հրապարակումից ուղիղ երկու օր հետո։ Եվ ուրեմն` չէր էլ կարող դառնալ քննության առարկա։

Այսպես թե այնպես, ՍԴ որոշումը խառնեց իմքայլականների խաղաքարտերը. հույս ունեին Թովմասյանից «ձեռքի թեթեւ շարժումով» ազատվելու մաքսիմում ծրագիրը տապալելու դեպքում գործի դնել մինիմում ծրագիրը` առնվազն մեկ-երկու ամսով կասեցնել ՍԴ նախագահի լիազորությունները (հիշեցնենք` այն պահից, երբ ՍԴ-ն վարույթ է ընդունում դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հարցը, նրա լիազորություններն ավտոմատ կերպով կասեցվում են մինչեւ վերջնական որոշման ընդունումը), եւ հանկարծ` ո՜վ սարսափ, ՍԴ-ն արեց այն, ինչ պարտավոր էր, ինչին ի պաշտոնե կոչված էր։

Իսկ դա, ինչպես հասկանում եք, մահվան համարժեք է քայլարածների համար. Սահմանադրական դատարանն ուր-որ է ձեռնամուխ կլինի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («սահմանադրական կարգի տապալում») Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի քննարկմանը, եւ Հրայր Թովմասյանին պետք էր ամեն գնով մեկուսացնել այդ գործընթացից. որպես «բարոյահոգեբանական» հզոր ազդակ մնացած դատավորներին`ընդունելու այն միակ եւ անփոխարինելի որոշումը, որ ՍԴ-ին կապահովագրեր հետագա «թավշյա ճնշումներից», իրենց`պետական մակարդակով իրականացվող բարոյահոգեբանական տեռորից, որին ամիսներ շարունակ ենթարկվել եւ ենթարկվում է ՍԴ նախագահը։

Որո՞նք են այն պահուստային տարբերակները, որոնց մասին առանց ձեւականությունների`ի լուր աշխարհի հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը`ասելով, որ մտքում ունի Թովմասյանին հրաժարեցնելու անթիվ-անհամար սցենարներ, որոնք կգործարկվեն, եթե, բան է` պատահեց, ու ՍԴ-ն համարձակվեց մերժել իրենց դիմումը։

Դրանցից մեկը «ցրցամ» են տվել` նախորդ իշխանությունների մոտ հաճախորդություն անող Արման Բաբաջանյանի դիմումը Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելու «անօրինականության» վերաբերյալ արդեն դատախազությունում է եւ սպասում է իր հերթին։

Մյուսը ՍԴ նախագահի «հանցավոր ճանապարհով» ձեռք բերած «ապօրինի գույքը» քչփորելու առաջանցիկ «գաղափարն» է, որ շրջանառության մեջ են դրել իրենց տակ գտնվող պետական եւ ոչ պետական «գործ տվող» լրատվամիջոցների միջոցով, եւ արդեն իսկ արժանացել է «ժողովրդի սրտի դատախազության» հավանությանը. Արթուր Դավթյանի ղեկավարած հիմնարկը հանձն է առել ուսումնասիրել այդ «հաղորդումների» իսկությունը եւ գործին ընթացք տալ։

Կա նաեւ «հարցին» օրենսդրական լուծում տալու տարբերակը։ Մասնավորապես, ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու նախաձեռնությունը, որ Վենետիկի հանձնաժողովը հասցրել է խոտանել, չնայած` իրենց «շլանգի» տեղ դնելով, փորձում են ներկայացնել այնպես, թե ամեն ինչ կարգին է. հանձնաժողովն «այո» է ասել հրաժարականի դիմաց դատավորներին բարձր աշխատավարձ եւ սոցիալական երաշխիքներ առաջարկող օրինագծին։

Ավելի «թույն» սցենարներ էլ քննարկվում։ Օրինակ`փոխել Սահմանադրությունը, վերացնել ՍԴ-ը, որպես ինստիտուտ, շուռ տալ դատական համակարգը եւ վերադառնալ վաղուց մերժված մոռացված հնին` երկաստիճան դատական համակարգի, որտեղ վերջին խոսքը պատկանում է Գերագույն դատարանին։ Ովքեր կընդգրկվեն այդ ատյանում`դպրոցականին էլ պարզ է. ԲԴԽ-ի նորացված կազմը` «վնգստացող անդամների սաստավը» վկա։

Սահմանադրական դատարանն արգելափակելն էլ` միշտ կա ու կա։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը