Քաղաքական

17.10.2019 21:20


Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հայտնի քրեական գործից. կարծում եմ լուծել են իրենց գլխավոր խնդիրը. փաստաբան

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հայտնի քրեական գործից. կարծում եմ լուծել են իրենց գլխավոր խնդիրը. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքը դատարանը քննելու է հոկտեմբերի 24-ին։ Բողոքի քննությունը մակագրված է դատավոր Աննա Մաթևոսյանին։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ դատավորի պաշտպան Գեորգի Մելիքյանից։

«Ակնկալում ենք, որ դատարանն օբյեկտիվ կլինի, չնայած բողոքի քննությունը մակագրվել է այն դատավորին, որը բավարարել էր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության որոշումը»,-ասաց Գեորգի Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ քրեական գործը շուտափույթ պետք է կարճվի. «Իրենք իրենց նպատակին հասել են և Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հանրահայտ քրեական գործից։ Իմ կարծիքով արդեն լուծել են իրենց գլխավոր խնդիրը, գործն էլ տեղից չի շարժվում։ Մինչ օրս Դավիթ Գրիգորյանի հետ որևէ գործողություն չի կատարվում»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

Այս խորագրի վերջին նյութերը