Քաղաքական

19.10.2019 19:27


«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։

«Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ»,–Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին»,–ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։

«Խոսվում է աննախադեպ ազատության մասին, նշվում է, որ մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել, բայց ունենում ենք դեպք, երբ հեռուստաընկերությունը ստիպված է լինում քաղաքական ճնշումների ներքո հաղորդաշար փակել։ Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են մեկնաբանում սա հեռուստաընկերությունից, ի՞նչ խնդիրներ են եղել»,–ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Սաթիկ Սեյրանյանը նշեց՝ վստահ է, կգա ժամանակ, երբ ողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։

«Հաշվի առնելով, որ հեռուստաընկերության ղեկավարն Ազգային ժողովում ներկայացված է որպես քաղաքական ուժի ղեկավար, կարծում եմ, որ հերքումներ կտեսնենք, բայց կգա ժամանակ, որ ամբողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։ Կարծում եմ, որ, այո՛, սա քաղաքական ճնշման հետևանք է, որովհետև որևէ հեռուստաընկերության ղեկավար իր ռեյտինգային հաողորդումը չի փակի։ Կարծում եմ՝ դժվարությամբ են գնացել այս քայլին, ուրիշ ձև չեն ունեցել, քան իշխանությունների ցանկությունը կատարելը»,–ընդգծեց Ս. Սեյրանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը