Մեկնաբանություն

22.10.2019 18:00


Նախկինում կոռուպցիա էր, հիմա՝ թալան

Նախկինում կոռուպցիա էր, հիմա՝ թալան

Հեղափոխության օրերին հանրությանը հրամցվում էին ասֆալտի վրա պառկող, համեստ ուսապայուսակներ կրող, ժողովրդի ծոցից դուրս եկող լուսապայծառ տղաներ ու աղջիկներ։ Հետո նրանցից մեկը ասֆալտին պառկելը փոխարինեց ասֆալտին պառկեցնելու հրահանգներով, իսկ մյուսները դարձան «քառակուսի» ու կամակատար չինովնիկներ։ Ու սկսվեց թալանը։

Եթե նախկինում կար կոռուպցիա, որն ավելի բարդ երևույթ է, ապա սրանց մոտ պարզ թալան է։ Պարզապես մտնում են բյուջեի մեջ ու անվերահսկելի ձևով ու չտեսավարի մսխում այն։ «Հպարտների» անդադար ու հոտնկայս ծափահարությունների ներքո։

Սրանք թալանում են, քանզի դեռ չեն աճել կոռուպցիայով զբաղվելու համար։ Կոռուպցիան բարդ սխեմաներ է ենթադրում։ Սրանք պարզ թալանչիներ են։ Բյուջեից ծախսում են սրտների ուզածի չափով։ Իսկ քանի որ ուզածները չափ ու սահման չունի, ուստի ծախսում են անսահման։

Օրինակ՝ բռնում ու գաղտնի ձևով կրկնակի աշխատավարձ են բարձրացնում։ Ամերիկա են թռնում ու վատնում միլիոն դոլարի չափ գումար։ Երևանի կենտրոնում հսկայական տարածք են զբաղեցնում ու դեռ մի բան էլ տան վերանորոգման վրա 2 միլիոն դոլար ծախսում։ Զրահապատ 2 «Մերսեդես» են գնում (վախենո՞ւմ են) և պետբյուջեն թեթևացնում մի քանի հարյուր հազար դոլարով։ Ճամփորդում են պետության հաշվին, ուտում, խմում և քեֆ անում։ Բայց «հպարտ» քաղաքացիներին այս ամենին զուգահեռ էժանագին լուսանկարներ են հրամցնում, որպեսզի ցույց տան, թե, իբր, ընդամենը խոտերի վրա փռած «ադեալի» վրա գինի խմելն ու մրափելն է «վոժդի» ուզածը։ Բա հո՞ մսխելու նկարներ ցույց չեն տալու։

Իրականում ավելի մեծ կեղծիք ու սուտ չկա, քան թալանով զբաղվողներից համեստ կյանքով ապրողների ու կոռուպցիայի դեմ պայքարողների իմիջ ստանալը։ «Ժողովրդի» վարչապետը հենց դրանով է զբաղված։

Ի դեպ, սրանց թալանը նաև մյուս կողմն ունի։ Բացի «օրինական» թալանից, այն է՝ բյուջեն մսխելուց, կա նաև անօրինականը։ Այդ մասին լուսանկարներ ու սելֆիներ չեն ցուցադրվում։ Ասենք, մեզ ցույց չեն տալիս, թե այդ ի՞նչ միջոցներով են գոյանում Նիկոլ Փաշինյանի կուսակցության փողերը, որտեղի՞ց ՔՊ–ին այդքան փող, որ գրասենյակներ է բացում Հայաստանով մեկ։ Չէ՞ որ նախկինում շատ փոքրիկ մի տեղ էին հավաքվում այսօրվա չինովնիկներն ու աստիճանավանդակների վրա անցկացնում իրենց անիմաստ օրը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը