Մեկնաբանություն

24.10.2019 18:30


Լիակատար երջանկության համար Նիկոլին երկու բան է պակասում` Սահմանադրական դատարանը և Արցախի կապիտուլյացիան

Լիակատար երջանկության համար Նիկոլին երկու բան է պակասում` Սահմանադրական դատարանը և Արցախի կապիտուլյացիան

Փողոցից իշխանության եկած, պետությունը եւ պետական համակարգը միակողմանի երթեւեկության փողոցի (կամ քարվանսարայի. ռուսերեն դրան проходной двор են ասում) հետ շփոթող տղաները եւ աղջիկները այդպես էլ չսովորեցին սեփական սնանկությունը բոլորի աչքը չխոթելու ոսկե կանոնը. ինչքան քիչ խոսես, այնքան քո օգուտն է։

Հա՜ խոսում են, խոսո՜ւմ, խոսո՜ւմ, «գնահատականներ» տալիս ամեն ինչին ու բոլորին, բլթացնում բաներ, որոնց մասին ավելի լավ է լռել, բլթոցների առատության մեջ` ակամա «բացահայտում» սեփական վախերը եւ «թաքուն ցանկությունները»։

Նիկոլի «անձնական» խոսափող «Ազատություն» ռադիոկայանի եթերում «կամա-ակամա» նման մի խոստովանությամբ օրերս հանդես եկած երիտչինովնիկներից մեկը, օրինակ, ոչ ավել, ոչ պակաս, դժգոհեց, թե` բա չե՞ք ասի, նախորդ իշխանությունները ժողովրդավարության մեր «բաստիոնին» խփում են Սահմանադրական դատարանի եւ Ստեփանակերտի, այսինքն` Արցախի իշխանությունների միջոցով (հարցնող լինի` ինչո՞ւ էիք 24-ժամյա ռեժիմով «խփում» և պատերազմ սանձազերծում Սահմանադրական դատարանի եւ նույն Արցախի դեմ, եթե պատրաստ չեք պատասխան հարվածներ ստանալու)։

Իսկ ի՞նչ են անում թշնամական «կրակակետերի» հետ։ Ճի՛շտ է, ոչնչացնում են` վնասազերծում թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով։

Թե ինչպես է Նիկոլը ինքնամոռաց «կռիվ տալիս» իր միահեծան իշխանությանն սպառնացող` իր ամբողջատիրական նկրտումներն ինչ-որ չափով զսպելու «հանցավոր» միտում դրսեւորող միակ սահմանադրական մարմնի` Սահմանադրական դատարանի դեմ, բոլորս տեսնում ենք։ Ընդհուպ` պատրաստ է փոխել Սահմանադրությունը եւ վերացնել ՍԴ-ն՝ որպես ինստիտուտ, միայն թե ազատվի սահմանադրական կարգը եւ սահմանադրականության վերջին նշույլները պաշտպանող այդ ատյանի որոշումների հետ հաշվի նստելու տհաճ պարտականությունից։

Որեւէ մեկի համար նորություն չէ, որ «անհնազանդության» մյուս օջախը, որ սրանց ոչ մի կերպ հանգիստ չի տալիս, Արցախն է եւ Արցախի ղեկավարությունը։ Նորությունն այն է, որ արդեն բացահայտ ասում են այդ մասին` չեն էլ փորձում թաքցնել, որ Արցախը դիտում են որպես սպառնալիք Հայաստանի, այսինքն` իրենց «ազգային անվտանգությանը»։

Եվ, դատելով հայկական երկրորդ պետականության գլխին թանձրացող մութ ամպերից, աչքից էլ, աչքացավից էլ ազատվելու այդ մոտեցումը (որի հեղինակային իրավունքը, նկատենք, պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին), «արդիական» է նաեւ Արցախի դեպքում։

Բավական է հիշեցնել Նիկոլի սկանդալային հայտարարությունը` «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», ԼՂՀ նախագահին որպես «Հայաստանի հանրապետության Արցախի մարզպետ», Արցախը` «Հայաստանի մարզ» ներկայացնելու փորձերը, անթաքույց արհամարհական վերաբերմունքը Արցախի դրոշի եւ ընդհանրապես անկախության նկատմամբ։

Այսպես շարունակվելու դեպքում` եթե չհաջողվի ընտրությունների արդյունքում Արցախն էլ իրենցով անել եւ ձեւավորել գրպանային իշխանություն, որ հավանություն կտա ցանկացած հանգուցալուծման, որը «ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի» համար, այդ «նաեւ»-ը կարող է հընթացս դուրս գալ «թավշյա օրակարգից», որպես «խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ առարկայական բանակցությունները» խոչընդոտող գործոն։

Ու տակը կմնա «միակ եւ անփոխարինելի» այն լուծումը, որը «ընդունելի կլինի Ադրբեջանի համար»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը