Քաղաքական

25.10.2019 21:21


Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ Խորհրդում նախագահության համար։

«Այդ նախագահությունը ստանձնելն ինքնին յուրահատուկ արվեստ է, որովհետև կարող են լինել որոշակի իրավիճակներ։ Դուք արժանիորեն շարունակեցիք պրոցեսն ուրիշներից հետո։ Սա լավ առիթ է քննարկելու նաև առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումները, մեր երկրների միջև հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ՝ մեր երկրների միջև ամեն ինչ բարեհաջող կերպով զարգանում է, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել, և ես հաճույքով դա կանեմ»,-ասաց ՌԴ վարչապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում։

«Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ առևտրի համաձայնագիր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ որոշ մեր գործընկերների հետ բանակցություններն ընթանում են լավ տեմպերով։ Համոզված եմ, որ ընդլայնվելու է այն երկրների աշխարհագրությունը, որոնք համաձայնագրեր ունեն ԵԱՏՄ հետ։ Սա նաև լավ առիթ է մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկման համար»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը