Քաղաքական

26.10.2019 23:10


Մենք կբողոքարկենք քրեական վարույթն իրականացնող մարմնի` Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը. փաստաբան

Մենք կբողոքարկենք քրեական վարույթն իրականացնող մարմնի` Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը. փաստաբան

Մենք պատրաստվում ենք բողոքարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի` Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը, քանի որ այն որևէ իրավական հիմք չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Եվ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, թե ինչ մեղադրանք է առաջադրված Արսեն Բաբայանին, բնականաբար, հասկանալի է, որ որևէ կերպ չէր կարող նրա տեսակցությունները արգելվել` ո ՛չ հարազատների հետ, ո ՛չ` այլ անձանց»,-ասաց Սահակյանը:

Փաստաբանի կարծիքով` Բաբայանի տեսակցությունների արգելանքը հերթական պատժի ձևն է: «Արսեն Բաբայանի ձերբակալումը, հետագայում` կալանավորումը ևս պատժի տարրեր էին իրենց մեջ պարունակում, և նկատի ունենալով այս արգելքը` պատգամավորների տեսակցության արգելքը, բնականաբար, նաև այս քրեական գործի նախապատմությունը և ամբողջ ընթացքը, պետք է կրկնեմ, որ սա քաղաքական գործ է, և այն բացահայտ ապօրինությունները, որոնք կատարվում են այս գործի շրջանակում, այլևս չեն զարմացնում»,-մեկնաբանեց Սահակյանը:

Վերջինիս խոսքով` արվում է ամեն ինչ, որ ճնշումներ լինեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ:

«Այս ամենը կապված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ամեն ինչ արվում է, որ ճնշումները հնարավորինս շատ լինեն այս գործով Թովմասյանին առնչվող անձանց նկատմամբ. դրանց մեջ էլ Բաբայանի` ընտանիքի անդամների հետ տեսակցությունների սահմանափակումն է»,-ամփոփեց Լուսինե Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը