Մեկնաբանություն

28.10.2019 10:05


Հակասական Վազգենը

Հակասական Վազգենը

1999թ. հոկտեմբերի 27–ին սպանվեց ոչ միայն Վազգեն Սարգսյանը, այլ նրա իրական կերպարը՝ մարդկայինը։ Կեղծ պաթոսի մեջ խեղդվել է իրականությունը։

«Գնա մեռի, արի սիրեմ»–ի սիրահար մեր ժողովուրդն ու իր քաղաքական էլիտան, տարբեր պատճառներով, շարունակեցին ահաբեկիչների գործը. ոչնչացրեցին Վազգենի «ես»–ը և ժողովրդին տվեցին առասպելական մի կերպար, որը ոչ մի կապ չունի Վազգենի հետ։

Մենք կորցրեցինք լավ ու վատ կողմերով հայտնի Վազգեն Սարգսյանին ու ստացանք Սպարապետ։

Վազգենի մասին միֆը մեր նորանկախ պատմության մեծագույն կեղծիքներից մեկն է։

Իրական Վազգենը հակասական ու վառ կերպար է։ Ու ինչպես միշտ է լինում նման կերպարների դեպքում՝ տեսակետները բևեռացված են՝ դրականից մինչև բացասական։

Ո՞վ է Վազգեն Սարգսյանը

1988–1994թթ.

Վազգենը 88–ի շարժմանը միացած սկսնակ գրող էր։ Պատերազմը նրան դրեց այլ կերպարի մեջ։

Նա այն վճռական մենակն էր, ով 500 մահապարտ էր հավաքում, բայց ով ռազմական հաջողության առումով, մեղմ ասած, աչքի չի ընկել։ Նա ոգեշնչող էր, բայց ոչ ռազմական ստրատեգ և հմուտ մարտավար։

Վազգեն–Սպարապետը, հետևաբար, միֆ է ռազմական առումով, բայց մոտ է իրականությանն այն պահով, որ բանակաշինության մեջ Վազգենն ունեցել է մեծ դերակատարում։ Նրա ֆունկցիան հսկայական էր նաև հայ–ռուսական ռազմական կապերի ու զենքի մատակարարման հարցերում։ Այդ առումով նրա դերակատարումն անուրանալի է։

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Գրաչովի հետ կապը և ՌԴ–ի՝ մեր հանդեպ ունեցած վերաբերմունքը աշխարհաքաղաքական գործոններից բացի նաև Վազգենի շնորհիվ էր հաջող դասավորվել։

1994–1996թթ.

Խիստ բացասական էր Վազգեն Սարգսյանի դերակատարումը հետպատերազմյան շրջանում և հատկապես 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ նա էր, որ ծեծուջարդի ենթարկեց մի շարք ընդդիմադիր գործիչների։

Այդ Վազգենն էր, որ հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, ապա միևնույն է ուժայիններն այդպիսի առաջնորդի չէին ենթարկվելու՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունները փաստացի հաղթած Վազգեն Մանուկյանին։

Նա էր, որ տանկերը մտցրեց Երևան և օժանդակեց Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին քվեագողությանը։

1996–1999թթ.

1996–ի սահմանադրական կարգի տապալման մաս կազմելուց հետո Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ սխալվել է։ Նա իր սխալն ուղղեց 1998–ին՝ իշխանությունից հեռացնելով Տեր–Պետրոսյանին ու այդպիսով փրկելով Հայաստանն Արցախի հարցով փուլային կապիտուլյացիայից։

ՀՀ 1–ին նախագահը փորձում էր ներքին լեգիտիմության լուրջ դեֆիցիտը լրացնել Արցախի հաշվին։ Վազգենը դա թույլ չտվեց և դա այն մեծագույն ներդրումն է, որ նա իրականացրեց մեր պետության անվտանգության ապահովման գործում։ Այ ա՛յս հարցում նա Սպարապետ դարձավ։ Քաղաքական Սպարապետ։

Քաղաքական Սպարապետություն էր նաև Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելը։ Վազգենը ճիշտ էր ֆիքսել «թրենդը» և Դեմիրճյանի հետ միավորվելով՝ լուծում էր այն կարևոր խնդիրը, որը հայ ժողովրդի մեծ մասի մոտ, որպես կանոն, «թրենդի» մեջ չի լինում։

1999թ. հոկտեմբերի 27–ի արմատներն ու հետքերը պետք է փնտրել 1998–ի իշխանափոխության կոդի մեջ։ Վազգենը կողմ էր չզիջելով զարգանալու հայեցակարգին, ինչը ձեռնտու չէ մեր երկրի թշնամիներին, որոնք շահառու են «Հոկտեմբերի 27»–ի գործում։

Վազգենը դեմ էր փուլային զիջումներին ու կողմ՝ հայ–ռուսական ռազմավարական դաշնակցությանը։ Դրա համար էլ կրակեցին։ Գտնվեց մի Հերոստրատ, որն օգտագործվեց և որին հիմա կրկին ուզում են նույն շրջանակներն օգտագործել, բայց արդեն այլ տարբերակով և մեկ այլ գործակալի միջոցով։ Իսկ սա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»–ի գործը պատվիրատուների ու արտաքին հետքի մասով անաչառ քննության կարիք ունի։ Դա, բնականաբար, այս իշխանությունների գործը չէ։ Սրանք դատարկ շոուներից ու քաղաքական հետապնդումներից բացի այլ բանի ունակ չեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը