Մեկնաբանություն

28.10.2019 22:35


Դիակապտողներն իրենց բնական տարերքի մեջ են

Դիակապտողներն իրենց բնական տարերքի մեջ են

Հոկտեմբերի 27-ի տարելիցը միշտ անպակաս է եղել մեր պատմության այդ ողբերգական էջը քաղաքական դիակապտության գործիք դարձրած «անմաքրակենցաղ» շրջանակների անբարո շահարկումներից, բայց ա՛յս տարի, գլխավոր ահաբեկչի վաղաժամկետ ազատման հայտին վայրկյան առաջ ընթացք տալու նկրտումներով իրեն ափալ-թափալ ԱԱԾ մեկուսարան «գցած» Արման Բաբաջանյանի թեթեւ ձեռքով, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իսկական քարոզչական ահաբեկչության վերածվեց։ Նաիրիի գործը շարունակվեց։

Իշխանական քարոզչամիջոցները բառացիորեն ձեռքից ձեռք էին խլում պրոֆեսիոնալ շահարկողներին, որոնք «ասելիք ունեն» քսանամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ եւ կարող են օգնել` «27»-ն ինչ-որ կերպ կապելու երկրորդ նախագահի հետ։ Դրանցից մեկը` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, եթերից եթեր «թռչելով»` հետաքրքիր բացահայտումներ արեց, որ, ինչպես Բաբաջանյանը կասեր, «շատ եւ շատ նոր հարցականներ են առաջացնում»։

Ո՞վ է ահաբեկչությունից 5 րոպե չանցած` պաշտպանության նախարարին «զեկուցել» զոհերի մասին

Որպես սկիզբ՝ ներկայացնենք մի հատված Վաղարշակ Հարությունյանի եւ Բաբաջանյանի կայքի առանցքային պտուտակներից մեկի` Նվեր Մնացականյանի «հրատապ» հարցազրույցից։

Վ.Հ.- Երբ որ դա (խոսքը ԱԺ-ի վրա զինված հարձակման մասին է.-Լ.Պ.) տեղի ունեցավ` 15.20-25-ին, ես Գորիսում էի`ինձ զեկուցեցին մի 5 րոպե անց։ Ինձ զեկուցեցին եւ ասացին, որ սպանված են Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Ես, բնական է, առաջին քայլը, ինչ որ պետք է անեի` կապվել եմ գերագույն գլխավոր հրամանատարի հետ։

Ն.Մ. - Ներողություն, ո՞վ զեկուցեց, Ձե՞ր ծառայողներից էր։

Վ.Հ. - Նու... (անորոշ ժեստեր է անում. իբր` կարեւոր չէ, ով զեկուցեց, կարեւորը`ինչ զեկուցեց)

Ն.Մ. - Բանակի՞ց էր։

Վ.Հ. – Ո՛չ, բանակից չէր... Այլ մարդ զեկուցեց... Երբ որ ես կապվեցի ու ասեցի` ինչ է տեղի ունեցել, ինքը (նախագահը.-Լ.Պ.) ինձ ասում ա` ԱԺ-ում կրակոցներ ա... Ես` Գորիսում, գիտեմ արդեն, որ սպանված են, իսկ Երեւանում գտնվող նախագան չգիտի, թե ինչ ա` «կրակոցներ են»...

Հարց է առաջանում` ԱԺ նախագահի, վարչապետի եւ պետական եւս 6 գործիչների գնդակահարությունից 5 րոպե չանցած` այդ ո՞վ է զանգահարել «ընդամենը երեք ամիս» պաշտոնավարող նախարարին, որ ավելի շուտ Վազգեն Սարգսյանի տեղապահն էր Պն-ում եւ հաստա՛տ Հայաստանի ամենաազդեցիկ գործիչներից չէր, ու «զեկուցել» այդ մասին։ Այն ժամանակ, երբ անգամ ԱԺ դահլիճում գտնվող ՆԳ նախարարը` Սուրեն Աբրահամյանը (եւ ոչ միայն նա), ինչպես ինքը փաստեց Հ1-ին տված հարցազրույցում, դեռ չգիտեր`ովքե՞ր են զոհվել, Վազգենը կենդանի՞ էր, թե՞ ոչ։

Ավելին` պատգամավորները պատանդի վիճակում էին. նրանց զանգերը վերահսկվում էին ահաբեկիչների կողմից, եւ զոհերի ու վիրավորների մասին հանրությանը հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ Հունանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տվեց դուրս գալ դահլիճից` հանձնարարելով «ժողովրդին» բերման ենթարկել ԱԺ-ի մոտ` տեր կանգնելու իր «քաջագործության պտուղներին»։

Եվ, այո՛, Ռոբերտ Քոչարյանը, որ այդ պահին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման էր, աշխատակազմի ղեկավարից է իմացել տեղի ունեցածի մասին` գիտեր, որ ԱԺ-ում կրակոցներ են եղել, բայց զոհերի մասին դեռ տեղեկություններ չուներ։

Որտեղի՞ց իմանար, եթե Վաղարշակի անհայտ «ինֆորմատորը», նախագահին կամ գոնե աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին «զեկուցելու» փոխարեն զանգահարել է «ռեստորանային գեներալին», որ իր «բախտից» ողբերգական այդ օրը Վազգեն Սարգսյանի կողքին չէր` չէր մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. Գորիսում «զորավարժություններ էր անցկացնում», մինչ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններ էին վարում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթի հետ`այնքան չկար, որ ներգրավված լիներ այդ գործընթացում։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ «պալատական ինտրիգների համակարգող» Վահան Շիրխանյանը եւս ներկա չի եղել հարցուպատասխանին` տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանին խնդրել էր վարչապետին փոխանցել, որ չի գալու. իր կարիքը չի զգացվում` պատգամավորները դժվար թե իրեն հարցեր ունենան։ Այդ հետո պետք է դիակապտողները՝ Շիրխանյանը, Քոչարյան Անդրանիկը, Գագիկ Ջհանգիրյանն ու մյուսներն իրենց համար պաշտոններ ուզեին։

Անհաղթ հերոս, Քաջ Նազար, որ մի՛ն զանգի, ջարդի՛ հազար...

Հարցազրույցի շարունակությունը, որտեղ «ռեստորանի գեներալը» պատմում է, թե ինչպես է անվրեպ կողմնորոշվել եւ փրկել երկիրը ադրբեջանական հարձակումից, ոչ պակաս «ուշագրավ» է։

Վ.Հ. - Ես մտածում էի այդ պահին (Վազգեն Սարգյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանվելու լուրն առնելուց հետո.-Լ.Պ.), թե ինչ պետք ա անեմ, որպես պաշտպանության նախարար ստեղծված իրավիճակում, եւ գործել եմ ըստ իմ լիազորությունների եւ պարտավորությունների։ Իսկ դա ի՞նչ ա նշանակում` ես պետք ա ուժեղացնեմ սահմանները։

Էս ամեն ինչը ես իրան (նախագահին.-Լ.Պ.) առաջարկում եմ, ասում եմ, որ մենք պետք ա այսպիսի բաներ անենք` ուժեղացնել սահմանը, բանակը մարտական պատրաստականության բերել, քաղաքի մուտքերը փակել, եւ Ազգային ժողովը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սա զինված հարձակում էր պետական կառույցի վրա` չկա ԱԺ նախագան, չկա վարչապետը, գլխատված ա գործադիր եւ օրենսդիր մարմինները։

Ստեղ մի հարց ա առաջանում, չէ՞. եթե այսպիսի ոճրագործություն ա տեղի ունեցել, ապա ակնհայտ ա, չէ՞, որ ազգային անվտանգության համակարգում կան լուրջ բացեր։ Ինքը ինձ ասում ա` դե, չգիտեմ, երեւի բան ա... կարող ա հատուկ նշանակության գունդը... իսկ ես առաջարկ եմ անում` պետք ա նաեւ հատուկ նշանակության գունդը անի գործողություններ եւ շրջափակի ԱԺ-ը...

Ն.Մ. - Որին դեմ է եղել նախագահը...

Վ.Հ. - Չէ՛, նա դեմ չի եղել։ Նա սենց, տատանվելով, բաներով, նու... սենց խոսելով, ու խոսակցությունն ավարտվեց։ Ես սկսեցի գործել...հրահանգներ տալ... (դրանից հետո մեր «անհաղթ հերոսը» ճամփա է ընկել Պաշտպանության նախարարություն, որտեղ «ռազմա-հհշական ընտրանին» քննարկում էր Ռոբերտ Քոչարյանին որոշումների կայացման գործընթացից մեկուսացնելու, պարալիզացնելու եւ առանցքային պաշտոնները`վարչապետի, ազգային անվտանգության նախարարի, գլխավոր դատախազի, փոխվարչապետի պաշտոններն իրենցով անելու (իշխանությունը յուրացնելու) «ճանապարհային քարտեզը»։

Նաեւ իմիջայլոց ասեմ` հետախուզությունը ինձ սկսեց զեկուցել, որ Ադրբեջանը իր զորքը սկսեց բերել սահմանին։ Եվ ես այդտեղ, արդեն Երեւանից, կապվեցի Ադրբեջանի նախարարին, ասեցի` արա՛գ հետ ես քաշում բանակը, թե չէ ես սա ընդունում եմ որպես նախապատրաստություն հարձակման, եւ համապատասխան քայլերի կդիմեմ։ Եվ ինքը դա արեց, դրանից հետո ինձ զեկուցեց` զանգահարեց եւ ասեց` այո՛, կանգնեցրել եմ... Նու, հետախուզությունն էլ զեկուցեց, որ այո՛, բանակը կանգնել ա, հետ ա քաշվել։

Պատկերացրիք, չէ՞. մարդը ընդամենը մի զանգով կասեցրել է ադրբեջանական բանակի առաջխաղացումը`հրամայել է հե՛տ քաշվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ սուսուփուս կատարել է հրամանը, դեռ մի բան էլ` զանգել ու զեկուցել է այդ մասին։

Հարցերի հարցը` «ում ձեռքին ա լինելու իշխանությունը»

Բայց սա դեռ ամենը չէ։ Տեսեք` ինչ է եղել այն բանից հետո, երբ «սուպերՎաղարշակ» Հարությունյանն, ի հեճուկս գերագույն գլխավոր հրամանատարի, զինված ուժերի տեղաշարժ է սկսել` տանկերը, բանակային ստորաբաժանումները «քշել է» Երեւան եւ փակել մայրաքաղաքի ելքերն ու մուտքերը.

Վ.Հ. - Երբ որ էդ գործողությունները, էդ ամեն ինչը բանակը իրականացրեց, ես իմ տեղակալներին հրահանգեցի, որ իրանք մտնեն, Նաիրիին ասեն`ԱԺ-ը շրջափակված ա բանակով, եւ դու չես կարող էստեղից դուրս գալ, պիտի՛ հանձնվես։ Իրա պատասխանը`իսկ բանակը ստեղ ի՞նչ գործ ունի։ Քոչարյանը մյուս օրը կամ մի քանի օր անց «Առավոտին», թե որտեղ հարցազրույց ա տալիս եւ ասում ա` մենք պայմանավորվել էինք, որ բանակը քաղաք չպիտի մտնի`մենակ հատուկ նշանակության գունդը։ Ինքն ա գրում... Ո՞ւմ հետ ա պայմանավորվել։ Եվ նպատա՛կը դրա... Նաիրի Հունանյանն ա ասել, որ բանակը չպիտի լինի ստեղ (ԱԺ-ի շուրջ.-Լ.Պ.), եւ ի՛նքն ա ասում, որ բանակը չպըտի մտներ։

Քանի որ պարոնը տեղը չի բերում, թե «ո՞ւմ հետ էր պայմանավորվել» Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, որ մի քանի նախադասություն առաջ ինքն էր ասում` նախագահին առաջարկել եմ շրջափակել ԱԺ-ը, Քոչարյանն ասել է` չէ, կարիք չկա. հատուկ նշանակության գունդը բավական է հնարավոր վտանգը չեզոքացնելու համար, որովհետեւ ԱԺ-ի շուրջ չէր կատարվում ոչ մի այնպիսի բան, որ «կգուժեր» խորհրդարանը «գրոհով վերցնելու» հնարավորությունը. Բաղրամյան պողոտան մարդաշատ էր, բայց ահաբեկիչներին աջակցել ոչ մեկը չէր պատրաստվում` չխոսելով արդեն «զինված ներխուժման» մասին։

Շարունակելով թեման` Հարությունյանը միանշանակ ասում է. պահի հրամայականը`հարցերի հարցը, իշխանության վերաբաժանման խնդիրն էր. «իշխանության հա՛րցը ոնց ա լուծվելու` ո՞ւմ ձեռքին ա լինելու իշխանությունը»։

Ուշադրություն դարձրեք`գործադիր եւ օրենսդիր իշխանությունը գլխատված էին, բայց կար նախագահը, որը այն ժամանակ գործող Սահմանադրությամբ իշխանության հիմնական կրողն էր, եւ, ինչպես փորձը ցույց տվեց, ստեղծված դժվարին իրավիճակում ճշգրիտ կողմնորոշվելով` կարողացավ զերծ պահել երկիրը հետագա ցնցումներից, քաոսից ու անորոշությունից։ Բայց Վաղարշակին եւ իր «զինակիցներին» իրերի այդ վիճակը ձեռք չէր տալիս` նրանց պետք էր անհապաղ վերցնել իշխանությունը, մինչ հակառակ կողմը ամեն ինչ անում էր, որ նոր վարչապետը «լոյալ լինի Ռոբերտ Քոչարյանին»։

Հարցին` գիտե՞ք՝ ով էր Քոչարյանի նախընտրած թեկնածուն, պատասխանում է` չգիտեմ։ Ո՞նց իմանար, եթե այդպիսին չի էլ եղել` տեղի ունեցածը, մեղմ ասած, անսպասելի էր նրա համար, ի տարբերություն «Վազգենի մտերիմների», որ արյունալի միջադեպից րոպեներ անց, երբ զոհվածների մարմինները դեռ տաք էին, Քոչարյանին դեմ տվեցին հայտնի ցուցակը եւ «от ворот поворот» ստացան։ Ինչի համար էլ մինչեւ հիմա չեն ներում նախագահին` մեղադրելով բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ։

Արջը յոթ երգ ունի, յոթն էլ` «Մեղրիի տարբերակի» մասին

Վաղարշակը Վաղարշակ չէր լինի, եթե բաց թողներ առիթը` երգելու հին երգը «Մեղրիի տարբերակի» մասին, որին իբր Ռոբերտ Քոչարյանը կողմ էր, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը` դեմ, ինչի համար էլ իբր եղավ այն, ինչ եղավ։

Սա նշանակում է, որ Թելբոթի հետ քննարկվող «կարգավորման սցենարը» կտրականապես դեմ էր հայկական կողմի շահերին` ամբողջությամբ Ադրբեջանի սրտով էր, եւ ենթադրում էր, որ Մեղրին պետք է դառնա Ադրբեջանի անբաժանելի սեփականությունը` ի կատարումն Թուրքիան Նախիջեւանով եւ Մեղրիով Ադրբեջանին կամրջելու պանթուրքական մեծ երազանքը։

Իսկ թե ինչու էր այդ «բարի լուրն» այնպիսի խուճապ առաջացրել հարեւան երկրում, որ այնտեղ հրաժարականների շքերթ էր սկսվել, ընդհուպ` հրաժարական էր տվել արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ի՛նքը գիտի, մե՛կ էլ «Մեղրիի թեման» տեղի-անտեղի պտտացնող իր «բախտակից ընկերները»։

Իրողությունն այն է, որ բանակցությունները հօգուտ հայկական կողմի էին, ինչի մասին գրել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը «Կյանք եւ ազատություն» գրքում` նշելով, որ Թելբոթի հետ քննարկումից հետո բոլորի տրամադրությունը բարձր էր. Վազգեն Սարգսյանը ոգեւորված էր, սովորության հակառակ` նույնիսկ մի բաժակ խմել են իրար հետ։ Ինքը առաջարկել է մնալ`շարունակել քննարկումները, չգնալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, վարչապետը մերժել է, ասել է` պապին (Կարեն Դեմիրճյանը) կնեղանա...

Այսքանից հետո քանի գրոշ արժեն «սուպերՎաղարշակի» եւ մյուսների էժանագին շահարկումները Հոկտեմբերի 27-ի «աշխարհաքաղաքական» ակունքների վերաբերյալ, ներսի «շահագրգիռ շրջանակներից» բացի` ո՞ւմ, արտաքին ո՞ր ուժերին էր պետք, որ Հայաստանը դառնա քաղաքական ցնցումների, փոխադարձ կասկածների, մեղադրանքների, թշնամանքի եւ ատելության պատանդ, ինչպես այսօր` «թավշյա հեղափոխությունից» մեկուկես տարի անց` դատեք ինքներդ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը