Քաղաքական

31.10.2019 15:40


Վարչապետին անձամբ չեմ ճանաչում, ինձ համար որևէ մեկը չի երաշխավորել. Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ (տեսանյութ)

Վարչապետին անձամբ չեմ ճանաչում, ինձ համար որևէ մեկը չի երաշխավորել. Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ (տեսանյութ)

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարաբերությունները չեն կարող խոչընդոտել մարզպետի աշխատանքի բնականոն ընթացքին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Գրիգորյանը։ Նշենք, որ նորանշանակ մարզպետը եղել է Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի փաստաբանը։

Մարզպետի խոսքով՝ այդ հանգամանքը չի կաշկանդելու իրեն այդ պաշտոնում. «Բացի այդ, ծեծողների հետ կապված հարցը պետք է քննարկվի Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում, մարզպետի պաշտոնը փաստաբանի աշխատանքի հետ որեւէ խոչընդոտություն չի առաջացնի»։ Նա ասաց, որ նախկին մարզպետին ճանաչել է, հարաբերությունները եղել են գործնական՝ իրավական առումով։

Նա նշեց, որ մարզի խնդիրներին որքան հնարավոր է ծանոթացել է. «Որոշ ժամանակ անց պատրաստվում եմ գնալ մարզ՝ բնակվելու»։

Մարզպետը չցանկացավ վատաբանել նախկին մարզպետի գործունեությունը. «Իմ եւ պարոն Սարգսյանի աշխատանքի հարաբերությունը չեմ կարող ասել, քանի որ դեռեւս աշխատանքի չեմ անցել։ Շարունակական են լինելու մարզում աշխատանքները»։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է իրեն նախկին մարզպետի թիմակից համարել, նա պատասխանեց «Ես անկուսակցական եմ։ Աշխատանքիս բնույթով կլինեմ անաչառ, անկաշկանդ, որեւէ մեկից, որեւէ թիմից կախում չունեմ»։

Նա ասաց՝ չգիտի, թե ինչու է Կառավարությունը հենց իրեն ընտրել. «Պայմաններ չկան, ուղղակի քննարկվել է իմ աշխատանքային գործունեությունն՝ ինչպիսին է լինելու մարզում»։

Նա պատմեց, թե չէր սպասում նման առաջարկի։ Եվ հարցին՝ արդյոք Կառավարության անդամներից իրեն միջնորդել են այդ պաշտոնին, նա ասաց.

«Ինձ համար որեւէ մեկը չի երաշխավորել։ Ինձ համար որեւէ հանգամանքում չեն միջնորդում, չեն երաշխավորում։ Վարչապետին անձամբ չեմ ճանաչում։ Բնականաբար Կառավարության համապատասխան ոլորտն համակարգող նախարարի հետ ունեցել եմ զրույց»։

Հարցին՝ արդյոք ինքը նախկինում ճանաչե՞լ է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, նորանշանակ մարզպետն արձագանքեց. «Չեմ ցանկանում այդ բնույթի հարցերին պատասխանել։ Բայց իհարկե, ճանաչել եմ որպես մեր երկրի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Անձնական բնույթի ճանաչողական պրոցեսը եղել է այս ընթացքում»։

Դիտարկմանը, որ նախկին մարզպետն, ըստ տարածված լուրերի, իր բարեկամներին էր նշանակում պաշտոններին, նա ասաց. «Չեմ կարծում, որ նախկին մարզպետը նման գործողություններ է իրականացրել։ Բայց յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի համապատասխան ոլորտի գիտելիքներ, օրենսդրության սահմաններում կանենք։ Բարեկամական հարաբերություն այդ մարզում քիչ ունեմ, բայց եթե կլինեն արժանի մարդիկ, անկախ նրանից՝ ով կլինի, բնական է, որ իրենց աշխատանքային գործունեությունը կարող են իրականացնել ցանկացած ոլորտում»։

Նա հայտնեց, որ պատրաստվում է հանդիպել եւ խոսել նախկին մարզպետի հետ։ Անդրադառնալով վերջին շրջանում մարզպետների աշխատավարձերի բարձրացմանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է այդ աշխատանքների արդյունքը գնահատի. «Ինչ աշխատավարձ չեն ձեզ խոստացել։ Օրենսդրությամբ սահմանված աշխատավարձ կա, ինձ աշխատավարձ չեն խոստացել»։

Հարցին՝ արդյոք մարզպետարանում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ. «Չգիտեմ՝ կլինե՞ն կադրային փոփոխություններ, թե ոչ։ Չկա տրամադրվածություն՝ գնալ եւ կադրային փոփոխություններ անել»։

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Մամուլի տեղեկությունների համաձայն նոր մարզպետ Արարատ Գրիգորյանը ստանձնել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանի պարտականությունները։

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:

Մարզպետն այնուամենանիվ հայտարարել էր, որ ինքը վայր կդնի իր լիազորությունները կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

«Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ հերքելով որեւէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը