Քաղաքական

02.11.2019 13:54


Նոր փուլ է սկսվում. քաղաքական դատարկ դաշտը լցվելու է նոր և հզոր կուսակցություններով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Նոր փուլ է սկսվում. քաղաքական դատարկ դաշտը լցվելու է նոր և հզոր կուսակցություններով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Ես շատ ուրախ եմ այս կուսակցության ստեղծման համար, որովհետեւ ճանաչում եմ անդամներից շատերին, գիտեմ իրենց տեսակներն ու անցած ուղին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ այս կուսակցությունը կարեւոր դեր կկատարի ՀՀ քաղաքական դաշտում:

«Կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ: Հիմա մի նոր փուլ է սկսվում եւ ես կարծում եմ՝ շարունակվելու է պայքարն իրական ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու համար, որը ժամանակակից է, արդիական է, բայց միեւնույն ժամանակ խարսխված է մեր ազգային արժեքների վրա, եւ դատարկ դաշտը լցվելու է նոր եւ հզոր կուսակցություններով»,-ասած Մանուկյանն՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, «Ազգային օրակարգ»-ն այդպիսի կուսակցություն է դառնալու:

Հանրային խորհրդի նախագահը նաեւ նկատեց, որ սխալ է մտածել, թե միայն կազմակերպչական աշխատանքով կկարողանան ինչ-որ մարդկանց ներգրավել եւ հետագա ընտրություններում դերակատարություն ունենալ. «Քաղաքականությունն անընդհատ պայքար է, պայքարը դժվար գործ է, եւ պայքարի ժամանակ քեզ մոտ առաջանում են հակառակորդներ: Շատ հզոր պետք է լինես, որ թույնով եւ ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Պայքարի ժամանակ կուսակցությունը դառնում է մեծ եղբայրություն եւ մեծ բարոյական ուժ է պետք, որ դա չդառնա թայֆա:

Եթե մի օր հաջողվի, որ դուք գաք իշխանության, ձեզ մյուս վտանգն է սպառնում՝ որ կարծեք, թե դուք ամենախելոքն եք, ամենակարողն եք, եւ քանի որ դուք մտածում եք պետության մասին, ժողովրդի մասին, երբեմն կարող եք օրենքները խախտելով դա անել, եւ վերցնել բանաձեւը, թե նպատակն արդարացնում է միջոցը»,-մեկնաբանեց Մանուկյանը՝ նշելով, որ կուսակցությանը դժվարին ճանապարհ է սպասվում, եւ այդ ճանապարհը պետք է անցնել պատվով, հարգանքով եւ՛ իրենց, եւ՛ մյուսների նկատմամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը