Քաղաքական

12.11.2019 10:03


Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են. Լավրովի հայտարարության տողատակը․ «Ժողովուրդ»

Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են. Լավրովի հայտարարության տողատակը․ «Ժողովուրդ»

«Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաև շեշտեց. «ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»:

Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց. «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է և, որ ամենակարևորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է:

Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղան: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»:

Բաբայանին, սակայն, գոհացրել է փաստը, որ ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարել է, որ բոլորի համար է պարզ՝ առանց Արցախի չի կարող ավարտվել որևէ բանակցություն: Իսկ Լավրովը, արձանագրենք, որ այսպիսով տողատակային աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը, որը, ըստ էության, առաջնագիծ է բերում պաշտոնական Երևանը հեղափոխությունից հետո»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը