Մեկնաբանություն

12.11.2019 14:22


«Տնտեսական հեղափոխություն» VS «Դուինգ բիզնես»

«Տնտեսական հեղափոխություն» VS «Դուինգ բիզնես»

Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործիքակազմում իր ուրույն տեղն ունի «Տնտեսական հեղափոխությունը» (չհաշված՝ օլիգարխ Լֆիկ Սամոյից հեղափոխականների սրտի սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանի հետ նկարները)։

«Տնտեսական հեղափոխության» բովանդակության մասին որևէ հիմնարար փաստաթուղթ չկա, բայց փոխարենը կան խոստումներ «մոտակա» 2050թ. մասով։ Չի բացատրված, սակայն, թե ինչպես ենք տարեկան 5 տոկոսի շրջանակներում ՀՆԱ աճ ապահովելով առաջիկա 30 տարում 15–ապատկելու մեր տնտեսության չափերը։ Ինչևէ։

«Տնտեսական հեղափոխության» հաղթարշավն ապացուցելու համար Փաշինյանը դիմում է թվերի լեզվին ու «դրսից տղա բերում»։

Թվերի պահով օգնության է հասնում աճպարարությունը, երբ ցանկալի, բայց անտրամաբանական ձևով համեմատվում են մակրոտնտեսական ցուցանիշները կամ հետին թվով սրբագրվում է պաշտոնական վիճակագրությունը։

Ինչ վերաբերում է «դրսից տղա բերելուն», ապա դա ևս «ժողովրդի» վարչապետի սիրելի զբաղմունքներից է։ Նա հաճախ է դրսի մամուլից կամ միջազգային զեկույցներից մեջբերումներ անում և փորձում ցույց տալ, որ «տնտեսական հեղափոխությունը» թափ է հավաքում։

Դատելով ամենից՝ Փաշինյանի քարոզչության թիրախը մեր հանրության պողոսական հատվածն է։ Պողոսները փաստաթղթեր չեն կարդում, նրանց ականջներից հեշտ է «լապշա» կախել և ֆռռացնել։ Բայց դե մի բան է ֆռռացնելը և քարոզը, մեկ այլ բան՝ իրականությունը։

Իրականությունն, օրինակ, այն է, որ մենք տարածաշրջանում գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զիջում ենք հարևաններին ու նրանցից հետ մնում դինամիկայի մեջ (տե՛ս կից աղյուսակը)։

Համաշխարհային բանկի կողմից «Դուինգ բիզնես» (Doing Business) զեկույցի տվյալների հիման վրա գրանցած արդյունքների համաձայն՝ հեղափոխական տարում՝ 2018–ին, Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության ինդեքսով 190 երկրների մեջ զբաղեցնում էր 47–րդ տեղը։ Իսկ հետհեղափոխական 2019–ին մենք համեմատաբար բարելավել ենք մեր դիրքերը և զբաղեցրել 41–րդ տեղը, ինչը համեմատություն անելու և գլուխ գովելու հնարավորություն է տվել վարչապետին, սակայն ՝ գլուխ գովելու իրական հիմքեր չկան, քանզի ամեն ինչ պետք է նայել դինամիկայի մեջ ու կողքիններին նայելուց հետո։ Հատկապես որ հաջորդ տարվա համար կա վատ կանխատեսում (դարձյալ ըստ «Դուինգ բիզնեսի»)։

Այսպես, 2019–ին 2018–ի համեմատ Ադրբեջանը թռիչքային բարելավում է ապահովել՝ 57–րդ տեղից բարձրանալով 25–րդ տեղ։ Վրաստանն այս տարի 6–րդ տեղում է։

«Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն 2020» ինդեքսի համաձայն՝ մեր ցուցանիշները կվատանան և մենք կնահանջենք դեպի 47–րդ տեղ՝ հետ մնալով մեր «կովկասցի» հարևաններից, ինչպես նաև Թուրքիայից։

Տեղին է հիշեցնելը, որ «Դուինգ բիզնես»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը միայն 2007 թվականին է տարածաշրջանային առաջատար եղել՝ զբաղեցնելով 34–րդ տեղը։ Վրաստանը 2007–ին մեզ զիջում էր երեք տեղով և գտնվում էր 37–րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 99–րդ տեղում էր։

2007–ին մեզանից զգալիորեն հետ էին Թուրքիան (91-րդ տեղ) և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը (96–րդ տեղ)։

Ռոբերտ Քոչարյանից 2008–ին ստացած «ինդեքսային» ժառանգությունից հետո որոշակի չափով բարելավել ենք մեր դիրքերը, սակայն արդեն հետ ենք մնացել Վրաստանից։ Այսպես, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, մասնավորապես՝ 2013–ին, մենք «Դուինգ բիզնեսի» աղյուսակում 32–րդն էինք, բայց ի տարբերություն 2007–ի՝ արդեն մեծ չափով զիջում էինք Վրաստանին, որը 37–ից բարձրացել էր 9–րդ տեղ։ Պատահական չէր, որ այդ տարիներին որոշ շրջանակներ մեզ մոտից իրենց բիզնեսը տեղափոխում էին Վրաստան։

Նկատենք, որ վերջին տարիներին Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը հետևողականորեն բարելավել են իրենց դիրքերը, սակայն մեզ մոտ լճացած վիճակ է։ Ավելին՝ հետհեղափոխական Հայաստանում պատկերն ավելի վատ է՝ ըստ միջազգային գնահատականի, քան անգամ 2018–ի գարնանը մերժված նախորդ իշխանության դեպքում էր։

Այնպես որ մի բան է քարոզչությունը, մեկ այլ բան՝ «չոր» թիվը։

Կորյուն Մանուկյան

Աղյուսակ. Հայաստանի, հարևան երկրների և Ռուսաստանի կատարողականն՝ ըստ «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն 2020» զեկույցում ներկայացված ինդեքսների հաշվարկի

Երկիր

2007

175 երկիր

2013

185 երկիր

2016

189 երկիր

2017

190 երկիր

2018

190 երկիր

2019

190 երկիր

2020

190 երկիր

Հայաստան

34-րդ

32-րդ

35-րդ

38-րդ

47-րդ

41-րդ

47-րդ

Վրաստան

37-րդ

9-րդ

24-րդ

16-րդ

9-րդ

6-րդ

7-րդ

Ադրբեջան

99-րդ

67-րդ

63-րդ

65-րդ

57-րդ

25-րդ

34-րդ

Թուրքիա

91-րդ

71-րդ

55-րդ

69-րդ

60-րդ

43-րդ

33-րդ

Ռուսաստան

96-րդ

112-րդ

51-րդ

40-րդ

35-րդ

31-րդ

28-րդ

Այս խորագրի վերջին նյութերը