Մեկնաբանություն

19.11.2019 10:46


Ինչու է Նիկոլ Փաշինյանը պայքարում ավտոմեքենաների կմախքների դեմ

Ինչու է Նիկոլ Փաշինյանը պայքարում ավտոմեքենաների կմախքների դեմ

Հոգեբանները պնդում են, որ մարդու մոտ կան ենթագիտակցական մղումներ, որոնք արտահայտվում են խոսքով ու գործողություններով։ Ում մոտ ինչ ցավում է, նա դրանից է ամենաշատը խոսում։

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը խոսում է հին ավտոմեքենաների «կուզովներից»։ Նա «սրբազան» պատերազմ է սկսել դրանց դեմ։

Նիկոլին նյարդայնացնում է այն, որ երկաթյա նժույգների կմախքները մնում են բակերում կամ ճանապարհների հարակից տարածքներում։

«Խլամը» փողոցից, բակերից կամ դաշտերից հավաքելը վատ միտք չէ, բայց Նիկոլի մոտ ավտոմեքենաների կմախքների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Մոլագարի վերաբերմունք։ Նա ամեն ինչ կապում է դրանց վերացման հետ։

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ոչ միայն մաքրություն ապահովելու ցանկության, այլ ուրիշ մոտիվացիայի հետ։

Նիկոլն, ամենայն հավանականությամբ, վախեցել է։ Նա ծանր ապրումներ է ունեցել ավտոմեքենայի կմախք տեսնելիս։ Հիմա դրանք վերացնելով՝ նա փորձում է ազատվել այդ վախերից։ Իսկ վախենալու առիթ նա ունեցել է։

Տարիներ առաջ, երբ նա իր «Հայկական ժամանակ» թերթով զբաղված էր «մուտիլովկաներ» տարածելով ու աղքատությունը գրպանում հաղթահարելով, նրան պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան այրվեց։ Նա միանգամից տարածեց, որ դա իր հակառակորդներն են արել։

Ճիշտ է, դրանից հետո, ըստ օդում համառորեն պտտվող լուրերի, Նիկոլի կողմից քննադատվող օլիգարխներից մեկը իրեն լրիվ նոր «Նիվա» նվիրեց, բայց նրա գլխի մեջ այրված մեքենայի կմախքի կադրը դաջված մնաց։ Կադրը, ըստ ամենայնի, անընդհատ տանջում է նրան ու ֆոբիայի պատճառ դառնում։

Հիմա Նիկոլը երբ ավտոմեքենաների կմախք է տեսնում, այդ «Նիվա»–ի կադրերն է հիշում և ուզում է կռիվ տալ դրանց հետ։ Ենթագիտակցության հետ ոչինչ չես անի։

Ի դեպ, ֆոբիաները միայն երկարատև սեանսներով են անցնում, այն էլ եթե խնդիրը շատ խորացած չէ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը