Աշխարհ

24.11.2019 21:43


«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն իններորդն է. հաղթեց Լեհաստանը

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն  իններորդն է. հաղթեց Լեհաստանը

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը վաստակեց 115 միավոր:

Կարինան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 14-րդ մասնակիցն էր:

Մրցույթն անցկացվեց «Կիսենք ուրախությունը» (Share the Joy) նշանաբանի ներքո: Մասնակցեցին Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Նիդերլանդները, Ուկրաինան և Ուելսը:

Այս խորագրի վերջին նյութերը