Մեկնաբանություն

28.11.2019 00:06


Հալվա ասելով` բերանը չի քաղցրանում

Հալվա ասելով` բերանը չի քաղցրանում

Մինչ հայ-ռուսական հարաբերությունների, «Փաշինյան եւ կամպանիա»-ի ասելով` «փայլուն», իրականում` ավելի քան երբեւէ խնդրահարույց լինելու վերաբերյալ մտահոգությունները Հայաստանում առժամանակ հետին պլան են մղվել, Ռուսաստանից եկող ազդակներն ա՛յլ բան են հուշում։

Երբ Պուտինը երեւանյան աշխատանքային այցի`ԵՏՄ գագաթաժողովի օրակարգն սպառելուց հետո հանդիպեց քաղբանտարկյալի կարգավիակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջ եւ որդու հետ, Փաշինյանը, եթե հիշում եք, չդիմացավ այդ «հարվածին». շտապեց օդանավակայան` մեղմելու, մի կողմից` այդ հանդիպման, մյուս կողմից`ՌԴ նախագահին ցույց տված «աննախադեպ սառը» ընդունելության տպավորությունը, տեսախցիկների առաջ ողջագուրվեց հետը եւ ներկայացրեց դա որպես հայ-ռուսական անամպ հարաբերությունների «իրեղեն ապացույց»։

Սրան անմիջապես հաջորդած Ալիեւ-Պուտին հանդիպումը Սոչիում ջրեց Փաշինյանի հույսերը ու հույզերը։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումները «Վալդայ» ակումբի շրջանակներում գոնե առերեւույթ իրոք «աննախադեպ» ջերմ էին։ Այնքան ջերմ, որ Ալիեւն իրեն թույլ տվեց Պուտինի ներկայությամբ հակադարձել Փաշինյանի` մինչ այդ արդեն ՌԴ արտգործնախարարի կտրուկ հակազդեցությանն արժանացած հայտարարությանը («Արցախը Հայաստան է, եւ վերջ»). հայտարարեց` «Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան»։ Եվ` ոչինչ. Պուտինը նույնիսկ աչքը չթարթեց։

Լավրովի այցը` ապրիլյան իշխանափոխությունից հետո առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան, որին ընդառաջ` ՌԴ արտգործնախարարը զուտ արարողակարգային բնույթի դիվանագիտական «ռեւերանսներ» արեց Փաշինյանին, հընթացս էլ խոսեց ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման մասին, մասամբ փարատեց անհանգստությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում նոր սեւ-մութ ամպեր են թանձրանում. օրակարգում դրված էր ռուսներին ամերիկյան բիոլաբորատորիաների «մուտքի ուղեգիր» տալու հարցը, եւ պետք էր շոյել Հայաստանի փոքրիկ բռնապետի ինքնասիրությունը։

Ավաղ, ռուսաստանյան քաղաքագիտական եւ մեդիա շրջանակների վերջին արձագանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի եւ Հայաստանի, ավելի ճիշտ` ռուսական եւ հայաստանյան իշխող վերնախավերի միջեւ «փոխըմբռնման» մթնոլորտ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինչպես չի եղել, այնպես էլ չկա։ Վախենանք` չի էլ լինի. ռուսական կողմի անվստահությունը թավշյա «նիկոլա-սորոսա-հշշական», մի քիչ էլ` «ծուռ» իշխանության հանդեպ չի փոխվել։ Ինչո՞ւ պիտի փոխվեր, եթե Փաշինյանը բացահայտորեն իր քաղաքական եւ անձնական «պաշտպանության» տակ է առել Ռուսաստանի դեմ ինքնամոռաց կռիվ տվող, Ռուսաստանում «նոն գրատա» հայտարարված սորոսական հանրույթի կադրերին, նրանց կողմից պրոպագանդվող «արժեհամակարգը», եւ ռուսները լավ դա տեսնում են ու համապատասխան հետեւություններ անում։

Մասնավորապես, ռուսական REN.TV հեռուստաալիքը նոյեմբերի 11-ին բավական կոշտ անդրադարձ արեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական շոուի հերթական արարին, եւ եւս մեկ անգամ արձանագրեց. «Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, որը հայտնվեց ճաղերի հետևում: 2008 թ. մարտին անկարգություններից հետո նա արտակարգ դրություն մտցրեց այն բանից հետո, երբ ամբոխները սկսեցին հետապնդել ու բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ, զավթել ու վառել ոստիկանական մեքենաները: Ոչ միայն մեքենաները, Երևանի կենտրոնում խանութներն էին թալանում: Անկարգությունների ժամանակ 10 մարդ է զոհվել»։

Նաեւ հիշեցրեց հետապնդումները ՍԴ-ի եւ անձամբ ՍԴ նախագահի նկատմամբ, եւ շեշտեց` ժամանակին երկրորդ նախագահը չի գնացել նախկիններին քավության նոխազ դարձնելու ճանապարհով` չնայած դրա հասարակական պահանջը կար։

Իսկ ընդամենը օրեր առաջ Պուտինն անձամբ բարեկամության շքանշան հանձնեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած «վաստակի» համար, ռուսական մամուլը Մեհրիբանին, ոչ ավել, ոչ պակաս, Անդրկովկասի թագուհի հռչակեց։ Գրեթե միաժամանակ «Կոմերսանտը» հրապարակեց Փաշինյանի ծաղրանկարը` հայտնի կենդանու «արտահայտիչ ականջներով». անթաքույց անհարգալից եւ ուղղակի վիրավորական`շատ վիրավորական ժեստ «ռազմավարական գործընկեր» պետության դե ֆակտո ղեկավարի նկատմամբ։

Այդքանը քիչ համարելով` վկայակոչեց Փաշինյանի ռուսատյացության «մոռացված» դրսեւորումները, վերջում էլ ակնհայտ ադրբեջանահաճո շեշտադրում արեց` մեջբերելով 2016-ին «քառօրյա պատերազմից» հետո պատգամավոր Փաշինյանի բարձրաձայնած տեսակետը. «Ղարաբաղում այն ​​քաղաքացիները, որոնց հետ ես խոսեցի, ունեին այսպիսի մոտեցում. այս փուլում ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը լուրջ վնաս կրի, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը, գոնե մեկ տարի չկարողանան դուրս գալ շոկային վիճակից»։

Այնպես որ, ինչքան էլ «թավիշներն» իրենց «ճղեն»` փաստը մնում է փաստ, որ Հայաստանի իշխող վերնախավի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն ավելի քան երբեւէ սառն է, Ադրբեջանի սուլթանի հետ հարաբերություններն` աննախադեպ ջերմ, ինչը, ուզենք թե չուզենք, անգամ քարոզչական մակարդակում վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, թուլացնում մեր դիրքերը բանակցային գործընթացում։

Եվ տա՛ Աստված, որ դրա հետեւանքներն անդառնալի չլինեն Հայաստանի եւ Արցախի համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը