Քաղաքական

02.12.2019 20:58


Վարչապետն ո՞վ է, որ որոշի՝ երեխեքին վերցնե՞ն, թե՞ չէ. գիշերօթիկների փակման դեմ ակցիա Կառավարության առջև

Վարչապետն ո՞վ է, որ որոշի՝ երեխեքին վերցնե՞ն, թե՞ չէ. գիշերօթիկների փակման դեմ ակցիա Կառավարության առջև

Մի խումբ ծնողներ եւ երեխաներ այսօր՝ դեկտեմբերի 2–ին, հավաքվել էին Կառավարության շենքի առաջ եւ բողոքում էին գիշերօթիկների փակման դեմ։ Երեխաներն իրենց հետ պաստառ էին բերել, որի վրա գրված էր՝ «Մենք ենք տերը դպրոցի»։

Երեխաներից մեկի մոր խոսքով՝ իրենք տուն չունեն եւ երեխաներին տեղավորել էր խնամքի կենտրոնում, իսկ այս որոշումով նրանք մնալու են դրսում։

«Երեխաներիս տեղավորել էի խնամքի կենտրոնում, բայց վարչապետը փակել տվեց։ Հիմա Վանաձորում վարձով եմ ապրում, դա էլ պետք է ապահովեին, չարեցին։ Ինձ ասում են՝ երեխաներիս խնամակալ ընտանիք տան, բայց իրենք ո՞վ են, որ իմ երեխեքին խնամակալ ընտանիք տան։ Հետո էլ ասում է՝ր Սերժը–Սերժը, ոչ մի ձեւով պակաս չի։ Վարչապե՞տն է որոշում ում տա երեխուն, ում չէ, ինքն ո՞վ է, որ որոշի՝ երեխեքին վերցնեն, թե՞ չէ»,–ասաց երեխաներից մեկի մայրը։

Նրա խոսքով՝ հիմա հայտնվել են մի վիճակում, որ երեխաների կրթությունն էլ է վտանգված. «76 երեխա էր այդ հաստատությունում սովորում։ Հիմա ոչ մի դպրոց չի ընդունում։ Ուր տանում ենք, ասում են՝ ընդունելությունը սեպտեմբերից է, մենք կեսից չենք ընդունում։ Սա էլ մեր սիրելի վարչապետը»։

Կնոջ խոսքով՝ հայտարարվել է, թե իրենց 3 սենյականոց բնակարանով են ապահովել, բայց դա իրականությանը չի համապատասխանում։

«Մարզպետարանը հանրակացարան է առաջարկել, ես չեմ ընդունել, թող այդ հանրակացարանում ինքը տանի իր երեխաներին պահի, ես այնտեղ հաստատ աղջիկ երեխա չեմ տանի, ես գնացել, տեսել եմ ու հրաժարվել եմ։ Վարչապետն ուրիշ բաներ խոսք տվեց, հետո լրիվ ուրիշ բաներ արեց, դրա համա՞ր եկավ նստեց, աթոռի կռի՞վ էր անում։ Ես էլ, իմ երեխաներն էլ իր համար պայքարել ենք, բայց ինչի՞ համար, որ այսօր այսպես անե՞ր, երեխեքին առանց ուսումի թողնե՞ր»։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրեն ներս հրավիրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որպեսզի խնդիրը հասկանա. «Ասաց՝ ես այն կոմպետենտ մարդը չեմ, ով ձեզ պետք է պատասխանի, թե քանի երեխա կա դրսում։ Ասաց՝ դուք այս ամենը պետք է արած լինեիք մինչեւ որոշման ստորագրելը։ Ասում եմ՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, փակել եք 260 երեխայի դպրոց։ Նաիրի Սարգսյանն ասում է, որ սոցապնախարարությունն իրենց հավաստիացրել է, որ բոլոր հարցերը լուծված են, բոլոր ընտանիքների հետ տարվել են աշխատանքներ»։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք մինչեւ վերջ պայքարելու են, որպեսզի խնդրին լուծում տրվի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը