Քաղաքական

03.12.2019 10:44


Ովքե՞ր են «ԿամԱԶ»-ների մյուս նվիրատուները. ուշագրավ մանրամասներ․ «168 ժամ»

Ովքե՞ր են «ԿամԱԶ»-ների մյուս նվիրատուները. ուշագրավ մանրամասներ․ «168 ժամ»

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հանդես էր եկել հանցագործության մասին հաղորդմամբ՝ տեղեկացնելով, որ քաղաքապետը և նրա տեղակալը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ քաղաքապետի լիազորությունները դնելով այն տեղակալի վրա, ով ավագանու անդամ չէ և, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ իրավասու չէ կատարելու քաղաքապետի լիազորությունները: Խաժակյանը նաև հայտարարել էր, որ կեղծվել է այն փաստաթուղթը, որով լիազորությունները դրվել են քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, և մատնանշել էր Քրեական օրենսգրքի 309 հոդվածը, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը:

Մեր թղթակիցը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե դատախազությունն արդյոք սրա վերաբերյալ ուսումնասիրություն սկսե՞լ է, ու ի՞նչ արդյունքներ կան: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է. «Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»:

Հարցին էլ, թե «ԿամԱԶ»-ների նվիրատվության հարցով դատախազությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել արդեն, քանի որ հայտարարվել էր, թե ուսումնասիրություն է սկսվել, Դատախազությունից պատասխանել են, որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

«168 Ժամ»-ին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետարանին որպես «նվիրատվություն» «ԿամԱԶ»-ներ փոխանցած ընկերությունների վերաբերյալ բավականին ուշագրավ տեղեկություններ է հայտնել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հարցին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումներն արդյոք համոզի՞չ չէին. նա պատասխանել է. «Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։ Բայց ես ևս մեկ սյուրպրիզ ունեմ՝ ես ունեմ մի փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել. այդ ցանկում կան բոլոր փոխքաղաքապետերը և քաղաքի 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները։ Փոխքաղաքապետերը ստացել են 420.000-ական դրամ պարգևավճար: Պարգևավճարի ընդհանուր ֆոնդը կազմում է 4.8 միլիոն դրամ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը