Աշխարհ

03.12.2019 20:48


Թուրքիայի 16 ջերմաէլեկտրակայանների գործունեությունը կարող է դադարեցվել

Թուրքիայի 16 ջերմաէլեկտրակայանների գործունեությունը կարող է դադարեցվել

Թուրքիայում շրջակա միջավայրի աղտոտման պատճառով կարող է կասեցվել 16 ջերմաէլեկտրակայանների գործունեությունը։ Խոսքը մասնավորապես Չանաքքալեում, Շըրնաքում, Քահրամանմարաշում (2), Քարաբյուքում, Քյութահյայում (2), Մանիսայում (2), Սիվասում, Զոնգուլդաքում, Անկարայում, Մուղլայում (3) և Բուրսայում գործող էլեկտրակայանների մասին է։

Նշված ջերմաէլեկտրակայանները պարտավոր են հատուկ ֆիլտրեր կիրառել՝ իրենց գործունեության արդյունքում օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով։ Բայց 2013թ․-ից մինչ օրս նշված պարտավորության կատարումը մի քանի անգամ հետաձգվել է։ Նոյեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանում ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատված նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում էր ֆիլտրերի ներդրման պարտականությունը հետաձգել ևս 2․5 տարով։

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշված օրենքի նկատմամբ վետո է կիրառել՝ այդպեսով, փաստորեն, ֆիլտր չօգտագործող ջերմաէլեկտրակայաններին զրկելով իրենց գործունեությունը շարունակելու հնարավորությունից։ Էրդողանն իր այդ քայլը հիմնավորել է այն հանգամանքով, որ չի պատրաստվում հանուն այդ ընկերությունների շահի թույլ տալ նրանց ավելի շատ աղտոտել բնությունն ու վտանգել մարդկանց առողջությունը։

Նշենք, որ «Greenpease Akdeniz» ընկերության կողմից Քյութահյայում գործող երկու ջերմաէկելտրակայաններում անցկացված մի հետազոտության համաձայն՝ դրանց գործունեության հետևանքով արտանետվող վնասակար նյութերի քանակը երեք անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմը։ Հաշվի առնելով այդ արդյունքները՝ ընկերությունը կոչ է արել դադարեցնել պահանջվող չափանիշներին չհամապատասխանող ջերմաէլեկտրակայանների գործունեությունը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը