Մեկնաբանություն

04.12.2019 16:48


Բաքուն «այո՛» ասաց Տեր–Պետրոսյանի «փուլային» տարբերակին, իսկ Փաշինյա՞նը

Բաքուն «այո՛» ասաց Տեր–Պետրոսյանի «փուլային» տարբերակին, իսկ Փաշինյա՞նը

Աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ուղղակի ազդեցությունը կարող են թողնել Հայաստանի ու Արցախի վրա։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանում ձևավորվել է այնպիսի իշխանություն, որը համարժեք չէ առկա մարտահրավերներին, քաղաքականապես անմեղսունակ է և ունի փայատեր՝ ի դեմս մեր երկրի ներսում գործող թուրքական 5–րդ շարասյան։

Ադրբեջանը շտապում է օգտվել Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքական կոպիտ սխալներից։ Օղակը սեղմվում է։

Փաշինյանը կգնա՞ «փուլային» տարբերակով

Արցախի հարցով բանակցությունները մտել են ինտենսիվ փուլ։ Նիկոլ Փաշինյանը ստում էր՝ հայտարարելով, թե իբր ինքը չի բանակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։ Այդ հետո պետք է նա խոստովաներ, որ կան բանակցություններ, այն էլ՝ դինամիկ։

Վտանգավորն այս պատմության մեջ այն է, որ Փաշինյանը չի հայտնում պաշտոնական Երևանի «կարմիր գծերի» մասին, այսինքն՝ չի սահմանում մի նշաձող, որից ներքև ինքը պատրաստ չէ բանակցել։

Փաշինյանն այդպես էլ հստակ չնշեց, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում չի լինելու և առաջնային է լինելու հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչմանը նպաստելը։

Նա պոպուլիստական ու վտանգավոր հայտարարություն արեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» թեմայով, բայց հետո շատ արագ հայտարարեց, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին՝ հատուկ ընդգծելով, որ իր այդ մոտեցմամբ նա տարբերվում է Հայաստանի բոլոր նախորդ ղեկավարներից։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստ է վճռականորեն գնալ Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ «փուլային» տարբերակով։

Ի դեպ, Ադրբեջանն այսօր ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Փաստաթուղթ, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում։

Ըստ այդմ՝ պաշտոնական Բաքուն կողմ է արտահայտվում այն ծրագրին, որը պաշտպանում էր ՀՀ 1–ին նախագահը և որի պատճառով 1998–ին հեռացվեց նախագահի պաշտոնից։

«Փուլային» տարբերակով վերադառնում ենք մինչև 1988–ը եղած պատկերը, բայց Արցախն արդեն ոչ թե սովետական Ադրբեջանի, այլ անկախ Ադրբեջանի կազմի մեջ է հայտնվում։

Փաշինյանը «այո» չի ասում «փուլայինին», բայց «ոչ» էլ չի ասում։ Համենայնդեպս հրապարակային «այո» կամ «ոչ» չի հնչել։ Իսկ դա վատ է, քանզի տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան է դառնում և գրգռում հակառակորդի ախորժակը։

Նիկոլն, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից ու նաև ստում (ինչպես միշտ)։

Փաշինյանի «փրկօղակը» դարձել է՝ «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդներին» բանաձևը, բայց դա դատարկ բանաձև է։

Եթե Փաշինյանը խուսափում է սեփական «կարմիր գծերը» նշելուց ու բանակցային սեղան է նստում ադրբեջանական օրակարգով, ապա դա նշանակում է, որ ի վերջո մնալու է «փուլային» տարբերակի տակ։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այս իշխանության «փաթեթային» հեռացումն անխուսափելի է դառնալու, ընդ որում՝ ոչ հեռու ապագայում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը