Քաղաքական

19.12.2019 18:42


«Նրանք արտահայտում են տասնյակ-հազարավոր մարդկանց կարծիքը». Վիկտոր Սողոմոնյան

«Նրանք արտահայտում են տասնյակ-հազարավոր մարդկանց կարծիքը». Վիկտոր Սողոմոնյան

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Այդ մշակութային գործիչների թվում են այնպիսի անձինք, ինչպիսիք են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ Հայկ Հակոբյանը (Հայկո), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ, Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի կառավարման նախագահ Ալեքսանդր Ակոպովը, հեռուստահաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն և կառավարման նախագահ Կարեն Շախնազարովը, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գրող Սաթի Սպիվակովան, դերասան Դմիտրի Խառատյանը և այլք:

Հայտարարության հեղինակները մասնավորապես նշել են.

«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակն անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»։

168.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց ճշտել, թե ովքե՞ր են այդ հայտարարության նախաձեռնության հեղինակները, առհասարակ ինչպե՞ս է հնարավոր եղել մոբիլիզացնել այդ մարդկանց, և արդյոք լինելո՞ւ է շարունակություն։

«Նախաձեռնությունը և նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբինն է, և շատերն իրենք են ասել, որ պատրաստ են նախագահի խափանման միջոցը փոխելու հետ կապված՝ հանդես գալ հայտարարությամբ։ Սա մի նախաձեռնություն էր, որը տարբեր անձանց կողմից առաջ քաշվեց։ Բայց դա չէ կարևորը»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ անձամբ իր ու նախագահ Քոչարյանի անունից ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց՝ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այդ հայտարարությանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ նրանք արտահայտում են հազարավոր մարդկանց կարծիքը, որոնք գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում և գտնվում է ապօրինի կալանքի տակ։

Հարցին, թե նախաձեռնությունը շարունակակա՞ն է լինելու, թե՞ սա մեկանգամյա ակցիա էր, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ի՞նչ ընթացք կունենա այս նախաձեռնությունը։

«Մի հետաքրքիր բան կասեմ։ Բազմաթիվ մարդիկ անձամբ զանգել են ինձ, զանգել են նախագահ Քոչարյանի ընտանիքի անդամներին՝ այն ժամանակ, երբ իրենց գործընկերներից իմացել են, որ նման նախաձեռնություն կա։ Շատերի հետ ինքս եմ խոսել, շատերը նույնիսկ առաջարկություն են ներկայացրել տեքստի բովանդակության վերաբերյալ։ Ես շատ ուրախ եմ, որ սա ոչ թե մի արհեստական նախաձեռնություն էր, այլ իրոք մի բան էր, որը եկավ ճիշտ ժամանակին ու արտահայտեց, կարծում եմ, հասարակության մեծամասնության կարծիքը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը