Քաղաքական

20.12.2019 14:17


Ինչո՞ւ է վարչապետի աներորդին զանգեր ու միջնորդություններ անում գործարարներին

Ինչո՞ւ է վարչապետի աներորդին զանգեր ու միջնորդություններ անում գործարարներին

168.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, պատգամավորական գործունեությունից չբխող նոր պարտականություններ է ստանձնել։ Ասում են՝ ակտիվ զբաղվում է «Նոր Հայաստան» նորաբաց հեռուստաընկերության (ՀԸ) PR-ով։

Խոսվում է, որ այսպիսով իշխանության ջանքերն ուղղված են այս հեռուստաընկերության պոտենցիալը հզորացնելուն, որ մրցունակ դառնա ու 2021 թվականին ի վիճակի լինի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող ալիքներից մեկը դառնալ՝ «Շանթ» հեռուստաընկերության, Հանրային հեռուստաընկերության և զուգահեռ այլ կապուղիներից թողարկվելիք Հանրային հեռուստաընկերության ևս 4 բազմաժանր ալիքների կողքին։ Ինչպես հայտնի է՝ իշխանությունները փորձում են փոփոխություններ անել ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։ Օրենքի նախագիծն ընդունելուց հետո եթերում կլինի միայն Հանրային հեռուստաընկերությունը։ Այսինքն՝ հեռուստատեսության աշտարակից միայն Հանրային է սփռվելու՝ իր հինգ ալիքներով, ինչը ենթադրում է, որ այսօր եթերում եղած շուրջ 17 հեռուստաալիքներն այլևս չեն լինի։

Ինչպես հայտնի է՝ MO TV MEDIA HOLDING-ն այլևս «Օրինաց երկիր» կուսակցությանը չի պատկանում, այն վաճառվեց, և «Նոր Հայաստան» անունով վերաբացված ՀԸ-ն ամերիկաբնակ Բագրատ Սարգսյանն է գնել, մյուս գործընկերոջ մասին շշուկներն իշխանական ինչ-որ գործչի մասին են հուշում։

Մեր տեղեկություններով՝ սկզբում իշխանությանը մոտ կանգնած գործարարներից մեկն էր խոստացել ֆինանսական ներդրումներ անել, սակայն ավելի ուշ՝ լսելով, թե որքան ներդրում պետք է անի, խուսափել է։

Նկատելի է, որ «Նոր Հայաստան» ՀԸ-ն գործում է պրոիշխանական դաշտում և ակնհայտորեն վայելում է իշխանությունների աջակցությունը։

Փաշինյանի աներորդին անձամբ զանգեր է անում միջինից բարձր խավի մի շարք գործարարների, խնդրում-հորդորում է նրանց՝ 3-20 մլն դրամանոց գովազդային փաթեթներով տեղափոխվել «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն։

«Ընդ որում, ամենաշռայլ գործարքը, սպասվածի համաձայն, Սամվել Ալեքսանյանի հետ է կնքվել»,- հայտնում է աղբյուրը։

«Ես պարբերաբար հետաքրքրվում եմ «Նոր Հայաստան» հեռուստաալիքի ռեյտինգով, որովհետև տնօրենն իմ ընկերն է, ինձ հետաքրքրում են Էդգար Ավագյանի գործունեության հաջողությունները՝ որտեղ էլ նա լինի, նույն կերպ հետաքրքրվում էի, երբ տասը տարի առաջ նա տնօրինում էր «Արմենիա» կամ «Կենտրոն» հեռուստաընկերությունները»,- իր և «Նոր Հայաստան» հեռուստաընկերության կապի մասին պարզաբանեց Հրաչյա Հակոբյանը։

Ապա, թե՝ «Էդգարն իմ լավ ընկերն է 1994 թվից ու նաև երեխաներիս կնքահայրը, ենթադրում եմ՝ մեր միջանձնային ջերմ հարաբերությունների մեջ են մարդիկ ինչ-որ ենթադրություններ արել, բայց ես բիզնես հետաքրքրություններ չունեմ, վստահեցնում եմ, Յոնջլաղում չեմ կառուցում մեծ առանձնատուն, Սամվել Ալեքսանյանից նվերներ ևս չեմ ստացել, ինչպես պաբերաբար խոսվում է իմ մասին»։

Էդգար Ավագյանն էլ, իր հերթին՝ գրեթե նույն պնդումն է անում՝ վստահեցնելով, որ Սամվել Ալեքսանյանի կառուցած «Մեգամոլի» գովազդը եկել է հեռուստաընկերություն գովազդի բաժնով ու ոչ միջնորդավորված:

«Բնականաբար, կոմերցիոն գաղտնիք է մեր գովազդատուների քանակն ու բյուջեները, հետևաբար՝ հրապարակման ենթակա չէ, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ մենք առնչություն չենք ունեցել, մեզ հետ աշխատում է իր հետ փոխկապակցված «Մեգամոլը», բայց նենց չի, որ իրենց գովազդները միայն մեր մոտ են ակտիվ պտտվում, «Մեգամոլի» հոլովակները կան տարբեր հեռուստաալիքներում։ Իսկ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իմ ընկերն ա ուղղակի, ինչի՞ են ուզում Հրաչին կապել «Նոր Հայաստան» հեռուստաալիքի հետ, ինքն այս հեռուստաընկերության հետ առնչություն չունի։ Հրաչի հետ մենք առօրյա ընկերներ ենք, հաճախ են մեզ միասին տեսնում, դրա համար երևի փորձում են ասոցիացնել կամ դրանից որոշակի դատողություններ անել»,-168.am-ի հետ զրույցում լուրն այսպես պարզաբանեց նորաբաց հեռուստաալիքի խորհրդի նախագահ Էդգար Ավագյանը։

Որպես հավաստիացում՝ Էդգար Ավագյանը հիշեցրեց հեռուստաընկերության նոր բաժնետերերի հանգամանքը, թեև խուսափեց նրանց ով լինելը գաղտնազերծել։

««Նոր Հայաստան» հեռուստաալիքի բաժնետերերից մեկը «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Բագրատ Սարգսյանն է, մյուսի անունը հրապարակելու իրավունքը ես չունեմ, պետք է իր թույլտվությունը լինի»,-նշեց ՀԸ ղեկավարը՝ բացառելով վարչապետի աներորդու կապը հեռուստաալիքի հետ։

«Իմ ընկերն ԱԺ պատգամավոր է և մասնավոր գործունեությամբ չի կարող զբաղվել»,-վարչապետի աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մասին ասաց Էդգար Ավագյանը։

Էդգար Ավագյանը, հիշեցնենք, նախկինում «Արմենիա» և «Կենտրոն» ՀԸ-ներն էր ղեկավարում, այսօր, ասում է՝ մեծ սպասելիքներով՝ ձգտում է «Նոր Հայաստան» ՀԸ հաղորդումների ցանցը բարելավել, գովազդատուների հետ ակտիվ համագործակցել, որ ՀՌԱՀ-ի կողմից 2021-ի հաղթող կապուղիներից մեկը դառնա։

Այս խորագրի վերջին նյութերը