Աշխարհ

16.03.2009 16:20


Թուրքիան եկե՞լ է Հայաստանի հետ գաղտնի համաձայնության

Թուրքիան  եկե՞լ  է  Հայաստանի հետ գաղտնի համաձայնության

Ադրբեջանական www.bakililar.az կայքը, հղում կատարելով թուրքական «Սաբախ» թերթին, մտահոգություն է հայտնում, թե 2007թ.-ին Շվեյցարիայում մեկնարկած հայ-թուրքական գաղտնի բանակցություններում մի շարք հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ըստ «Սաբախի», որն ի դեպ վերահսկում է Թուրքիայի վարչապետի փեսա Բերատ Ալբայրաքը,  այդ տեղեկությունը կհրապարակվի ապրիլի 24-ից հետո։ Թերթը նշում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել հետևյալ հարցերի շուրջ.

  • Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորում,
  • քննարկում՝ Կարսի պայմանագրը չեղյալ համարելու շուրջ։ Երևանը պետք է հրաժարվի հողային պահանջներից,
  • սահմանի բացում։

«Սաբախի» աղբյուրները նշում են, որ երկկողմ հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է որոշակի փուլ անցնել։ Ընդ որում, մի շարք քայլեր անմիջապես են ձեռնարկվելու՝ մյուսները աստիճանաբար։

Ադրբեջանական կողմին մտռահոգում է այն, որ Թուրքիան անընդհատ հավաստիացնում էր, թե Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» պարտադիր պայման է Հայաստանի հետ ցանկացած պայմանավորվածության ձեռք բերման հարցում, ինչը սակայն իրականում այդպես էլ չի իրագործվում։

Մեր «համապատասխանու՞մ  է այս տեղեկությունը իրականությանը, թե ոչ»  հարցին,  ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը  պատասխանեց. 

–Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսակետը բազմիցս արտահայտել ենք. այն է՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է, և չեմ պատրաստվում զբաղվել ադրբեջանական կողմի տարածած լուրերի մեկնաբանմամբ»։ 

Այս խորագրի վերջին նյութերը