Աշխարհ

26.12.2019 21:20


Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում (տեսանյութ)

Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում (տեսանյութ)

Բրիտանական BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր լրատվամիջոցը ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ նշել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդ»-ի դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդ»-ում՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն:

Նշվում է, որ Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սանդերլենդ»-ի հետ հանդիպման 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո «կարիճ» հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանի հեղինակած այդ գոլը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:

Այս խորագրի վերջին նյութերը