Կարծիք

25.02.2011 17:32


Արցախը, ժողովրդավա– րությունը եւ մեր կենսամակարդակը

Արցախը, ժողովրդավա– րությունը եւ մեր կենսամակարդակը

Ձմեռային ոչ այնքան կարճատեւ արձակուրդից հետո Հայ ազգային կոնգրեսը վերսկսեց հանրահավաքները: Կային մարդիկ, որոնք կարծում էին, թե ձմեռվա քունը կարող է բացասական ազդեցություն թողնի ՀԱԿ-ի վարկանիշի վրա, բայց փետրվարի 18-ի հանրահավաքից հետո այդ նույն մարդիկ զարմացած նշում էին, որ հավաքվածները եւ երթի մասնակիցները բավական շատ էին եւ շտապեցին եզրակացնել, որ Կոնգրեսի վարկանիշը նախկինի նման բարձր է: Ընդ որում, ուշագրավն այն է, որ «պետականաշեն» որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին արձանագրել, թե ՀԱԿ-ն ապացուցեց, որ ընդդիմության առաջատարն է: Իրականում համեմատաբար բազմամարդ հանրահավաքը միայն ապացուցում է, որ մեր երկրի վիճակը սարսափելի է, որ մարդիկ փոփոխություններ են ակնկալում, ընդ որում` արմատական:

Ցավալին էլ այն է, որ մեծաթիվ հանրահավաք հրավիրողները, կարծես թե, այսօր բոլորովին այլ ծրագրեր ունեն: Հետևեք Կոնգրեսի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններին եւ պարզ կդառնա, որ նրանք իսկապես խնդիր ունեն ապահովել երկրի կայունությունը: Կոնգրեսի առաջնորդներից մեկն ասում է, թե կգնանք վճռական գործողությունների, երբ հանրային պահանջ լինի: Ստացվում է, որ իրենք պատրաստ են իշխանափոխության, միայն ժողովուրդը դեռ նման ցանկություն չունի:

Մեկ ուրիշն ասում է, թե ՀԱԿ-ը կայունության երաշխավորն է, մյուսն էլ կեղեքված եւ անարդարության հետ բախված ժողովրդին իրավախորհրդատվություն է առաջարկում եւ ավելացնում, թե իշխանություններին եւս երկու ամիս ենք տալիս: Նույն Կոնգրեսի առաջնորդները նաեւ ասում են, թե սերունդները մեզ չեն ների, եթե Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք Ղարաբաղի գնով:

Այստեղ պետք է մի փոքր կանգ առնենք, եւ փորձենք հասկանալ, թե ՀՀ այն որ քաղաքացին է Կոնգրեսից կամ մեկ այլ քաղաքական ուժից պահանջում ժողովրդավարություն հաստատել Ղարաբաղի գնով: Կարծում եմ, որ Հայաստանում նման մարդիկ չկան: Ստացվում է, որ Կոնգրեսում կարծում են, որ ժողովրդավարություն հնարավոր է հաստատել բացառապես Ղարաբաղի գնով: Իսկապես, մի՞թե հնարավոր չէ Հայաստանում ժողովրդավարություն հաստատել առանց Արցախի կորստի: Ես ավելի քան համոզված եմ, որ հնարավոր է Հայաստանում ժողովրդավարություն հաստատել եւ չվնասել Արցախին: Ավելին, համոզված եմ, որ Ղարաբաղի խնդիրը առավել հեշտությամբ եւ հօգուտ մեզ կլուծվի, եթե Հայաստանում օր առաջ հաստատվի ժողովրդավարություն:

Հիմա սպասենք, որ Կոնգրեսի նույն առաջնորդները ավելի պարզ ասեն, թե ինչու է ժողովրդավարության հաստատումը վտանգ ներկայացնում Արցախի համար: Հայաստանում ընդդիմությունը հանրահավաք էր անում նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ, երբ թեժ մարտական գործողություններ էին ընթանում, բայց դրանից Արցախը չտուժեց: Ես չեմ ասում, թե պատերազմի ժամանակ անկապ եւ անիմաստ հանրահավաք անելը ճիշտ է, բայց շեշտում եմ, որ հանրահավաքները եւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը որեւէ կերպ չեն կարող վտանգել Արցախը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնգրեսը պարզապես արդարացում է փնտրում իր ավելի քան փափուկ դիրքորոշումն արդարացնելու համար: Եւ այստեղ Կոնգրեսի եւ վարչախմբի պահվածքը միմյանց շատ է նման: Երկուսն էլ, որ նեղն են ընկնում հիշեցնում են պատերազմի մասին, խոսում են Ղարաբաղը կորցնելու վտանգի մասին:

Իսկ սա բավական վտանգավոր է, քանի որ նման քարոզչության պայմաններում մի օր ժողովրդի մոտ կարող է ատելություն առաջանալ նույն Ղարաբաղի նկատմամբ, քանի որ թե՛ իշխանությունները, թե՛ Կոնգրեսը չեն դադարում կրկնել, որ ժողովրդավարությունը կարող է վնասել Արցախին, որ քանի դեռ լուծված չէ Արցախի հարցը մենք լավ չենք ապրի, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Արցախն է կամ Արցախի չլուծված հարցը:

Իրականում, նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարության համար պայքարը Արցախին միայն օգուտ կարող է բերել: Մյուս կողմից էլ պետք է ընդգծել, որ եթե նույնիսկ չլուծվի Ղարաբաղի հարցը կամ լուծումը երկարաձգվի եւս մի քանի տասնամյակ, դա դեռ չի նշանակում, որ ով գա իշխանության պետք է ասի, թե վատ ենք ապրում, քանի որ ղարաբաղի հարցը լուծված չէ: Անկասկած, Արցախի խնդրի կարգավորումը էական նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման, կենսամակարդակի բարձրացման վրա, բայց չի կարելի նաեւ նշել, որ առանց այդ խնդրի լուծման հնարավոր չէ առաջընթաց արձանագրել:

Վստահաբար կարելի է ասել, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման էլ հնարավոր է կարճ ժամանակահատվածում ժողովրդավարություն հաստատել եւ բարելավել մեր կյանքի որակը: Միայն ցանկություն եւ կամք է պետք:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը