Մեկնաբանություն

14.01.2020 13:50


Փաշինյանի մեսիջը Վանեցյանին

Փաշինյանի մեսիջը Վանեցյանին

Մի կողմ թողնենք հոր կողմից աղջկան քաղաքական խնդիրների մեջ ներքաշելու հարցի բարոյական ու արժեհամակարգային կողմը։ Դա այլ հարթության հարց է։ Նաև՝ դաստիարակության ու ընտանիքում տիրող մթնոլորտի։

Եթե Մարիամ Փաշինյանն ինքնուրույն է որոշել «ռազբորկա» բացել «Արթուր ջանի» հետ, ապա դա վատ է։ Իսկ եթե Մարիամն այդ ամենն արել է Նիկոլ Փաշինյանի ցուցմամբ, ապա դա շատ վատ է։

Ամենավատն այն է, որ իրականությունը երրորդ տարբերակում է, այն է՝ Նիկոլն ուզեցել է ներքաշել ու որևէ խնդիր չի տեսել այդտեղ, իսկ Մարիամը մեծ էնտուզիազմով մտել է քաղաքական ինտրիգների ու, ինչպես ԱԺ խոսնակը որակեց, «կենցաղային խոսակցության» մեջ։

Ի՞նչ է ուզում Փաշինյանը Վանեցյանից

Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Վախի պատճառն անտեղյակությունն ու անորոշությունն է։

Նա գիտի կամ զգում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարն իր դեմ կոմպրոմատներ ունի, քանզի վարչապետի ամեն օրվա աշխատանքը քրեական օրենսգրքի ու բարոյականության հետ հակադրվող գործընթաց է։ Կոմպրոմատներն ամենուրեք են։ Վանեցյանին մնում էր դրանք մոտիկից արձանագրելը, ինչը նա, ըստ ամենայնի, արել է։

Փաշինյանը մի պահ իր ամբողջ իշխանական համակարգը կառուցել էր Վանեցյանի վրա։ Բայց դա նշանակում էր նաև ապօրինի հրահանգների իջեցում «մեկ պատուհանի սկզբունքով»։ Վանեցյանը շատ լավ հասկանալով, որ այդ ամենը լավ ավարտի չի հանգեցնելու, տարանջատվեց «ժողովրդի» վարչապետից։

Հիմա Նիկոլը գիտի, որ իր դեմ կոմպրոմատներ ունի Վանեցյանը, բայց զուտ փաստական առումով (ձայնագրություն, նկարահանում և այլն) չգիտի, թե կոնկրետ ի՞նչ նյութ կա Վանեցյանի ձեռքի տակ։

Նիկոլը հասկանում է, որ այդ կոմպրոմատն իր դեմ կիրառվող ատոմային ռումբի էֆեկտ է ունենալու, ուստի ուզում է այդ զենքը պայթեցնել հնարավորինս շուտ։ Մարիամի շուրթերով նա «խոսեցնում» էր Վանեցյանին։ Ավելի ճիշտ՝ սադրում։ Սադրում, որպեսզի Վանեցյանը խոսի և ներկայացնի կոմպրոմատները։

Նիկոլի հաշվարկն այն է, որ եթե այդ կոմպրոմատների արտահոսք լինելու է, ապա լինի հիմա, այլ ոչ թե քաղաքական լարված փուլում (օրինակ՝ փետրվարին)։

Եթե Վանեցյանը հիմա խոսի ու ներկայացնի Փաշինյանին մերկացնող փաստեր, ապա դրա քաղաքական կապիտալիզացիան չի լինի։ Նրա ասածները կդառնան լրատվամիջոցների հիմնական նյութերը, կապահովեն առավելագույնը մեկ շաբաթվա թեմա և վերջ։ Նիկոլը հազար ու մի «կապիկություններ», ձերբակալություններ ու շոուներ կանի այդ մեկ շաբաթվա մեջ և թեման կփակվի կգնա։ Իսկ եթե Վանեցյանը խոսի ճիշտ պահին, ապա նրա խոսքը կարող է թողնել այն ազդեցությունը, ինչ ազդեցություն որ թողեց Իվանիշվիլու թիմի կողմից վրացական բանտերում բռնության կադրերի հրապարակումն ընտրությունների նախաշեմին։

Փաշինյանը ուզում է կռիվը տալ հենց այսօր, քանզի հակառակ ճամբարում դեռ բյուրեղացման գործընթացները չեն ավարտվել, ուստի բաց դաշտում մարտի դուրս գալն այս պահին իրեն է ձեռնտու։ Իսկ դա նշանակում է, որ «ժողովրդի» վարչապետի գլխավերևում առայժմ պետք է կախած պահել «դամոկլյան սուրը», քանզի այս փուլում կոմպրոմատային զենքի կիրառման սպառնալիքն ավելի ազդեցիկ է, քան բուն «զենքը»։

Նիկոլին հենց այդ սպառնալիքն է հունից հանում, և նա խաղի մեջ է մտցրել իր աղջկան, որպեսզի ամեն գնով «խոսեցնի» Վանեցյանին։ Ինքնին հասկանալի է, որ Վանեցյանն այս փուլում խոսելու մոտիվացիա չունի։ Խոսքը պետք է քաղաքական տեր ունենա, որպեսզի քաղաքական արդյունք ապահովի (իշխանափոխություն՝ վարչապետափոխության տեսքով), այլ ոչ թե քարոզչական էֆեկտ։ Խոսքը պետք է հնչի ճիշտ պահին, ճիշտ տեղում՝ մինչև այդ կոմպրոմատի ուրվականով հոգեխանգարմունքի մեջ գցելով առանց այն էլ տվայտանքների մեջ գտնվող կլիենտին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը