Մեկնաբանություն

15.01.2020 10:30


Ինչպիսին պիտի լինի Նիկոլի դռանը վնգստացող դատավորը

Ինչպիսին պիտի լինի Նիկոլի դռանը վնգստացող դատավորը

Աննա Դանիբեկյանի «զգայուն ղեկավարությամբ» Շենգավիթի դատարանում «Քոչարյանի և մյուսների» դեմ (այո՛, հե՛նց Քոչարյանի և մյուսների դեմ, ո՛չ թե Մարտի 1-ի գործով, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել) ընթացող դատական ֆարսը հավանաբար կմտնի իրավագիտության դասագրքերի մեջ` որպես ուսանելի օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի դատավորը։

Եվ հակառակը`ինչպես պետք է պահի իրեն իշխանության դռան տակ վնգստացող դատավորը, որի սուրբ պարտականությունն առանց աչքը թարթելու ի վերուստ իջեցված ցանկացած վճիռ, որոշում վավերացնելն է։

Իշխանության սրտի դատավորի կոչման արժանանալու համար շատ բան չի պահանջվում։ Դրա համար, նախ, անհրաժեշտ է մոռանալ մասնագիտական պարտքի, բարոյականության, դատավարական էթիկայի եւ դատավարության բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու մասին։ Մեկընդմիշտ ականջի օղ արեք, որ մեղադրող կողմը միշտ ճիշտ է`երբեք չի սխալվում, իսկ պաշտպանական կողմը ոչ մի դեպքում չի կարող ճիշտ լինել։

Աներկբա մերժե՛ք պաշտպանական կողմի բոլոր միջնորդություններն` անխտիր և առանց վերապահումների, անկախ նրանից` որքանով դրանք հիմնավոր են կամ արդարացված։ Ու առանց երկմտելու բավարարեք ցանկացած միջնորդություն, որով հանդես կգա մեղադրանքը պաշտպանող կողմը` դատախազները, որպես տուժող ներգրավված անձինք ու նրանց ներկայացուցիչները։ Անգամ այն դեպքում, երբ մեղադրանքը մեծ հաշվով առնչություն չունի նրանց հետ, եւ դատարանի դահլիճում այդ մարդկանց գտնվելը զուտ զգացական ֆոն` ամբաստանյալների դեմ թշնամական կամ դրան մոտ մթնոլորտ ստեղծելն է, ոչինչ` ավելի։

Պաշտպանների միջնորդությունները, հայտարարությունները, առարկությունները լսեք դեմքի խոժոռ, անթափանց, մի քիչ էլ` ձանձրացած արտահայտությամբ։ Իբր`հոգնեցինք նույն բանը լսելուց, նոր բան ունեք ասելու`ասեք, եթե ոչ` հանգիստ նստեք տեղներդ, մի՛ չարաշահեք մեր համբերությունը. մեկ է` ինչ էլ ասեք, ինչ էլ անեք, ինչ փաստարկներ էլ բերեք, իզուր է` իմ կարծիքը, գնահատականները դրանից չեն փոխվելու։ Եվ հակառակը`դատախազների յուրաքանչյուր բառ, նախադասություն ունկնդրեք համակ ուշադրությամբ և ակնածանքով` այն պարզ տրամաբանությամբ, որ դրանք գրեթե մեկին մեկ պետք է արտացոլված լինեն խորհրդակցական սենյակում Ձեր հեղինակած որոշման մեջ։

Պաշտպանների հետ խոսեք ատամների արանքից, գլուխը կախ` չնայելով մարդկանց աչքերի մեջ, զուսպ-արհամարհական, մուննաթախառն և զայրացկոտ շեշտադրումներով, որ իմանան` «որտեղ են ձմեռում խեցգետինները»։ Առիթը մի կորցրեք` ընդհատելու նրանց փաստարկներն ու հիմնավորումները, իսկ մեղադրող կողմին հնարավորություն տվեք արտահայտվելու մինչև վերջ։ Հարկ եղած դեպքում` պակասը լրացրեք ճշգրտող հարցերով։

Պատեհ-անպատեհ դիտողություններ արեք պաշտպանական կողմին ու նրանց աջակիցներին`չլսելու տալով մեղադրողների եւ տուժողների ոչ ադեկվատ դրսևորումները։ Մեկ-մեկ էլ`կանխարգելիչ նպատակներով սանկցիաներ կիրառեք, հեռացրեք դահլիճից, որ մյուսների համար դաս լինի։

Բոլորովի՛ն մի անհանգստացեք, երբ տուժող կողմը Ձեր ներկայությամբ`հենց դատարանի դահլիճում, վիրավորանքներ, անապացույց մեղադրանքներ, սպառնալիքներ է հնչեցնում պաշտպանների և նրանց վստահորդների հասցեին։ Դրանից վնաս չկա։ Եթե որոշ «անպատասխանատու» փաստաբաններ ընդվզեն դրա դեմ` բոյկոտեն դատական գործընթացը, չներկայանան նիստին, եւ հիմնավորեն դա նրանով, որ հավասար մրցակցության սկզբունքը խախտվել է`դատարանը չի ապահովում լիարժեք պաշտպանություն իրականացնելու իրենց իրավունքը, հոգ չէ։

Ասեք, որ որևէ խնդիր չեք տեսնում` սպառնալիքները (վիրավորանքները, մեղադրանքները) անորոշ են, անհասցե և չեն վտանգում դատավարության բնականոն ընթացքը։

Դեռ մի բան էլ` սպառնացեք սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ, եթե քարը փեշից չթափի և երեք անգամ անընդմեջ բոյկոտի դատական նիստերը. օրենքով սահմանված կարգով դադարեցնել նրա լիազորությունները եւ նշանակել նոր պաշտպան` անկախ նրանից, դո՞ւր է գալիս դա ամբաստանյալին, թե՞ չէ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը