Մեկնաբանություն

06.02.2020 09:50


Հուժկու «ուղեղային գրոհ» Սահմանադրության և սահմանադրական կարգի դեմ

Հուժկու «ուղեղային գրոհ» Սահմանադրության և սահմանադրական կարգի դեմ

Սրանք կա՛մ ապուշ են, կա՛մ լրիվ անմեղսունակ, կա՛մ որոշել են, որ աշխարհի վերջը եկել է` էս մի էշությունն էլ անեն, դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ, կա՛մ` բոլորը միասին։ Քայլարած «հողաթափիկ-ինֆուզորիաներով» հավաքվել, աննախադեպ հուժկու «ուղեղային գրոհ» են ձեռնարկել Հայաստանի բազմաչարչար Սահմանադրության դեմ, «գլուխ-գլխի» տվել, գցել-բռնել, տվել-առել, ու գտել են սահմանադրական կարգն առանձնահատուկ դաժանությամբ տապալելու` Սահմանադրական դատարանի «հին» դատավորներից ազատվելու ամենակարճ ճանապարհը։

Պարզվում է, ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան հպարտ Պողոսը երբևէ կարող էր պատկերացնել. раз, и все, ինչպես ասում են։ Ընդամենը պետք է մոռանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե պապուասների երկիր, ականջին օղ անել, որ վոժդի ասածը ասած է, ուզածը ուզած`ոչ մի Սամանադրություն չի կարող սահմանափակել նրա ձեռքերի ազատությունը և շեղել սեփական մտասևեռումները թեկուզ պետականությունը ջնջելու գնով առաջ տանելու «գերագույն նպատակից», թուլանալ և հաճույք ստանալ։

Այդ «բարձր» գիտակցությամբ էլ 37 քայլարած պատգամավոր ստորագրել և պառլամենտական մշակույթի անհաս գագաթ Արարատի` Արարատ Միրզոյանի թույլտվությամբ շրջանառության մեջ են դրել քաղաքական շիզոֆրենիայի մի եզակի նմուշ, որի հեղինակը նույն ինքը` թագավորական ընտանիքի նախկին աշխատակից, այսօրվա դրությամբ` իմքայլական երեսփոխան, հայտնի «տարած-հետ բերած» օրենսդրական նախաձեռնությամբ նշանավորված Վահագն Հովակիմյանն է։ Անունն էլ դրել են, ոչ ավել, ոչ պակաս` Սահմանադրության փոփոխության նախագիծ։

Եվ ի՞նչ են առաջարկում։ «Հանճարեղության չափ» պարզ մի բան. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է», և վե՛րջ։

Ի՞նչ հանրաքվե, ի՞նչ բան, ի՞նչ Սահմանադրական դատարանի եզրակացություն... Իրե՛նք են, իրե՛նց Ազգային ժողովը, իրե՛նց խորհրդարանական մեծամասնությունը` 88 գլուխ պատգամավորով. «նախագիծն» արտահերթ նիստով «ղռռալեն» կանցկացնեն, այնպես որ ընդդիմախոսները չեն հասցնի ա՛խ քաշել։

Ինչպե՞ս է, որ մինչև հիմա գլխի չէին ընկել, ինչո՞ւ էին իրենց կոտորելով ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենք ընդունում, եթե կարելի էր մի հարվածով «լուծել» խնդիրը` միայն իրենք գիտեն։ Երևի կողքից չէին հուշել, որ Սահմանադրության վերջին` անցումային դրույթները սահմանող 16-րդ գլուխը որբի գլուխ է, որի վրա ով ոնց ուզի` կարող է ինքնահաստատվել։

Բանն այն է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածում ամրագրված են այն գլուխները, դրույթները, որոնց փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեով, և 16-րդ գլուխը դրանց մեջ չի մտնում։ Պարզ պատճառով. անցումային դրույթները վաղուց արդեն կյանքի են կոչվել և այլևս արդիական չեն։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, 213 հոդվածին, ըստ որի` «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

7-րդ գլուխը (դատարաններ և բարձրագույն դատական խորհուրդ) ուժի մեջ է մտել Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու հաջորդ օրը, հենց այն գլուխներից մեկն է, որ միայն հանրաքվեով կարող է փոխվել։ Իսկ դրա համար պետք է ՍԴ եզրակացությունը։ Քայլարած «մահապարտներն» էլ որոշել են գեղական կարգով շրջանցել հանրաքվեի խոչուխութերը (համաձայնեք`անհարմար բան կստացվի, եթե ժողովուրդը վերցնի ու հանկարծ Նիկոլին «չէ» ասի)։

Տակից դուրս կգան` լավ, դուրս չեն գա` կմնան իրենց նախագարնանային սրացման տա՞կ, ավելի՛ լավ. չուզողը մենք լինենք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը