Քաղաքական

06.02.2020 19:10


Անցումային դրույթը փոխել հնարավոր չէ․ Արա Ղազարյան

Անցումային դրույթը փոխել հնարավոր չէ․ Արա Ղազարյան

«Քանի դեռ այդ նախագծի վերաբերյալ սահմանադրական վերահսկողություն չի իրականացվում, խնդիրը կա, այսինքն, ստացվում է՝ ՍԴ-ն ստուգում է միջազգային կոնվենցիան, բայց չի ստուգում Սահմանադրության տեքստը, դա ի՞նչ է նշանակում, մենք կոնվենցիան ավելի բարձր ենք դասում, քան Սահմանադրությո՞ւնը։ Դա աբսուրդ է եւ ես սա ընդամենը մեկ հատկանիշով եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» վիճահարույց նախագծին, որը խորհրդարանը քննարկում է արտահերթ նիստով եւ որը նախատեսում է Սահմանադրության 213-րդ անցումային դրույթի փոփոխությամբ դադարեցնել ՍԴ գործող դատավորների լիազորությունները՝ բացառությամբ 2 դատավորների, որոնք ընտրվել են իշխանափոխությունից հետո։

Արա Ղազարյանը շեշտում է՝ անցումայն դրույթը փոխել հնարավոր չէ։ «Դա անցյալ է, իսկ անցյալը հնարավոր չէ փոխել։ Դա անցավ վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ 2018 թվականի ապրիլին, հիմա ո՞նց կարելի է դա փոխել։ Ինչպե՞ս կարելի է անցումային դրույթը փոխել, երբ այն իրեն սպառել է ամբողջությամբ»,-տարակուսում է մասնագետը։

Մյուս կողմից, այս նախագիծը, Արա Ղազարյանի խոսքով, խախտում է կանխատեսելիության ունիվերսալ սկզբունքը։ «Դա արդեն մարդու իրավունքների դաշտ է տանում, այսինքն, օրենքի հետադարձ կիրառություն։ Եթե խոսքը աշխատանքից ազատելու մասին է, ապա նոր պայմանը պետք է կիրառվի ապագայում եկող դեպքերի վրա, այն չի կարող կիրառվել անցյալի դեպքի վրա, դա կլինի օրենքի հետադարձ կիրառություն»,-բացատրում է Արա Ղազարյանը՝ հավելելով, որ ընդամենը 3-ը մատնանշեց, բայց ներկայացված նախագծում դրանք այնքան շատ են, որ նույնիսկ տրամաբանությունը չի բավարարում։

Արա Ղազարյանը համոզված է՝ այս նախագիծը կյանքի կոչվելու պարագայում սահմանադրական կարգի մի քանի հիմունքներ են տապալվում, իսկ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում։

Դիտարկմանը, ստացվում է, խորհրդարանը հանցագործությա՞ն է գնում, Արա Ղազարյանը պատասխանեց. «Հանցագործությունը առանձին քրեաիրավական որակում է, բայց ավելի լուրջ բան է, երբ սահմանադրական կարգի հիմունքն է տապալվում, դա սահմանադրական կարգի տապալում է։ Անկանխատեսելի են այս իշխանությունները, երբ օրենքի գերակայությամբ չեն առաջնորդվում, դառնում են անկանխատեսելի։ Օրենքը միայն օրենքի տառը չէ, օրենքն էլ պետք է օրինական լինի, իրավաչափ լինի, երբ օրենքը հակասում է իրավունքի գերակայությանը կամ սահմանադրական կարգի հիմունքին, մենք չենք կարող ասել՝ միեւնույնն է դա կա, որովհետեւ գրված է, օրենքը հո միայն գրվածը չէ՞, հո միայն տեքստային մեկնաբանության մեջ չէ՞, իրավամեկնաբանություն կա, տեքստերի վերլուծության ռազմավարություն կա, բա համատե՞քստը, բա փաստաթղթի առարկա՞ն , սրանք ավելի կարեւոր են։

Պրոբլեմը այն է, որ վերցնում են տեքստը եւ բառը ինքն իր սովորական իմաստով մեկնաբանում, բայց բառի հետեւում կա մի ամբողջ բովանդակություն, տվյալ դեպքում բովանդակությունը սահմանադրական կարգի հիմունքն է, դատավորների անփոփոխելիության սկզբունքն է, իշխանությունների բաժանման սկզբունքն է, իրավական որոշակիության ունիվերսալ կանոնն է, որպես մարդու իրավունքների, տվյալ դեպքում ՍԴ դատավորների անձնական կյանքի հարգման շատ կարեւոր երաշխիք, դա օրենքի կանխատեսելիությունն է , օրենքի իրավաչափությունն է, դա օրենքի հետադարձ կիրառության արգելքն է»։

Արա Ղազարյանն ասաց, որ լրջագույն ճգնաժամ կառաջանա։ «Դա կնշանակի՝ պարալիզացնել ՍԴ-ն։ Պատկերացրեք, դրեցին հանրաքվեի ու անցավ եւ որեւէ մեկը որոշեց վիճարկել ՍԴ-ում եւ ՍԴ-ն ասաց՝ հակասահմանադրական է հանրաքվեով անցած բանը։ Այստեղ երկու խնդիր է բաց մնում՝ օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։ Այն, որ իրենք արդար ընտրությամբ եկել են իշխանության, բավարար չէ, պետք է հարգեն նաեւ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, տվյալ դեպքում, եթե այս մեխանիզմը առաջ գնա, օրենքի գերակայությունը չի հարգվում»,-եզրափակեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, իշխանությունն ուղղակի փորձում է թայմաուտ վերցնել եւ այսպես ասած, գեղեցիկ ձեւով դուրս գալ ստեղծված իրավիճակից, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ նույն խմբակցությունը նախաձեռնություն է անում եւ նույն խմբակցությունն էլ հետ է վերցնում այն։

Այս խորագրի վերջին նյութերը