Մեկնաբանություն

08.02.2020 17:00


Որակյալ ու ամենևին էլ ո՛չ փոքրամասնություն

Որակյալ ու ամենևին էլ ո՛չ փոքրամասնություն

Ուշադրություն գրավեց Սահմանադրությունը «ոտքի վրա-ձեռքի հետ» փոփոխելու իշխանության հակասահմանադրական նկրտումներին երեք իրավապաշտպանների հայտարարությանը տասնյակ ու տասնյակ իրավաբանների արձագանքը: Խոսքը, բնականաբար, տիկին Լարիսա Ալավերդյանի (ՀՀ առաջին ՄԻՊ), իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի («Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ) և իրավաբան Ռուբեն Մելիքյանի (Արցախի նախկին ՄԻՊ, ՀՀ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր՝ 2013-2016թթ.) համատեղ կոչ-հայտարարության մասին է:

Պարզապես հիշեցնեմ, որ հայտարարության հեղինակները նախ՝ արձանագրում են, «որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը»: Բացի այդ, նրանք Հանրապետության նախագահին կոչ են անում «ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»:

Հայտարարությունը բաց է միանալու համար, իսկ ստորագրություններն էլ ամփոփվելու են փետրվարի 8-ի երեկոյան, այսինքն՝ այսօր, ժամը 17-ին:

Սա, ինչ խոսք, բնական և ընկալելի արձագանք է երեք հանրային ակտիվ գործիչների կողմից, որոնցից երկուսը տասնամյակներ շարունակ զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ ու խնդիրներով, ասել կուզի՝ պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ են, իսկ իրենց համեմատաբար երիտասարդ գործընկերը, ի լրումն նաև պրոֆեսիոնալ ու բարձրակարգ իրավաբան է: Բայց հարցը տվյալ դեպքում հայտարարության հարգելի հեղինակները չեն:

Ուշադրություն գրաված երևույթն այն է, որ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակելուց 17 ժամ անց ավելի քան ութսուն հոգի մեկնաբանությամբ միացել է հայտարարությունը: Արժե ընդգծել, որ հայտարարությանը միացած, կարելի է ասել՝ ստորագրած հայրենակիցները, 1-2 բացառությամբ, իրավաբաններ են, փաստաբաններ: Բնութագրական է նաև, որ միացողների մի զգալի մասը երիտասարդ մարդիկ են:

Այս դրսևորումը, կարելի է ասել, որ յուրօրինակ հանրաքվե է: Այս դեպքում կարևորն այն է, որ հայտարարությանը միացողները որակ ձևավորողներ են՝ ուսյալ, որակավորված մասնագետ, կիրթ, իրավական խնդիրներին ու դրանց լուծումներին պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետողներ: Սովորաբար, նման դեպքերում գործածում են «որակյալ փոքրամասնություն» բնորոշումը, բայց այս դեպքում թերևս տեղին է որակյալ, բայց ամենևին էլ՝ ո՛չ փոքրամասնություն արտահայտությունը:

Լսելի կլինի՞ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողին այս կոչը, նա հաշվի կառնի՞ այս հայտարարությանը միացած բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավաբանների կարծիքը, վերջապես մեկ անգամ նա կունենա՞ բավարար անձնական համարձակություն ու քաղաքացիական քաջություն՝ անելու համար այն, ինչը իր պաշտոնի գոյության սակավ կամ սահմանափակ լիազորություններից մեկն է: Ինքս, օրինակ, նման հրաշքների չեմ հավատում՝ սահմանադրորեն «պետության գլուխ» նշված պաշտոնյայից: Սակայն հարցն այդ անհատական ընկալումն էլ չէ:

Խնդիրն այն է, որ երկրում կան բազմաթիվ համարձակ քաղաքացիներ, որոնք ունեն չլռելու բավարար համարձակություն: Դա հատկապես գնահատելի է՝ հաշվի առնելով տոտալ հոգեբանական տեռորի, զազրախոսության և հայհոյաբանության այն թունավոր մթնոլորտը, որ հանրային հարթակներում ու հրապարակային ելույթներով երկրում ու հասարակության մեջ ձևավորել են Նիկոլ Փաշինյանն ու իր «Իմ քայլը», ՔՊ-ն՝ ինչպես «ֆեյք», այնպես էլ՝ միանգամայն իրական «cheerleader»-ներով:

Դժվար է ասել, թե ՀՀ նախագահն ինչպես կարձագանքի: Փոխարենը կարելի է ակնկալել, որ նման կարևոր հարցի վերաբերյալ նման կոչ-հայտարարությանն այդքան արագ տասնյակ ու տասնյակ իրավաբանների միանալը շատ լավ հենք է՝ առաջիկայում լրացնելու համար այն իրավապաշտպանական բացը, որ գոյացել է մեր հասարակության մեջ «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ձևացյալ իրավապաշտպանների խմբակային իշխանավորվելու հետևանքով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը