Մեկնաբանություն

11.02.2020 18:30


Փաշինյանի «ադամանդ(ներ)ը»

Փաշինյանի «ադամանդ(ներ)ը»

Իշխող մեծամասնության կազմում «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին հանգիստ կարելի է նշել որպես «իմպերատորին մոտ կանգնած անձնավորություն»: Դա իր բնական բացատրությունն ունի այնքանով, որ պարոն Հովակիմյանը երկար տարիներ եղել է Փաշինյանի «Հայկական ժամանակի» առաջատար թղթակիցներից մեկը: Այդ մերձավորությունը նկատելի է նաև գործող «թավշյա» իշխանական ներքին աստիճանակարգում: Պատահական չէ, որ վերջին խնդրահարույց նախագիծը հենց Վահագն Հովակիմյանն էր ներկայացնում: Վատ էր ներկայացնում, ահավոր անհամոզիչ, բայց՝ ինքն էր: Հիմա Փաշինյանի ամենից ուժեղ ներկայացուցիչն էլ նա է: Ենթադրելի է, որ այն, ինչ ասում է պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որոշակի իմաստով արտացոլում է նաև Փաշինյանի մոտեցումը կամ ասելիքը:

Եվ ահա, «Իմ քայլի» Վահագն Հովակիմյանը որոշեց նորից «փայլատակել» հայտարարությամբ ու գերթափանցիկ ակնարկով, թե… Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն անձնական հայտարարություններ է անում (շքե՜ղ է, այնպես չէ՞), որովհետև մի 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը նրան կաշառել է՝ տալով թանկարժեք ադամանդներով շքանշան (շքեղաշո՜ւք է):

Ի դեպ, Սերժ Սարգսյանի ենթադրյալ վարվելակերպի վրա էլ կարելի է զարմանալ: Այն իմաստով, թե Վահագն Հովակիմյանին, Փաշինյանին ու մի շարք այլ ներկայիս թունդ իշխանավորներին թողած, ինչո՞ւ էր ինչ-որ հեռավոր ու անհասկանալի հանձնաժողովների նախագահների ադամանդակուռ շքանշաններ պարգևում: Բայց թողնենք դա:

Տվյալ դեպքում հարցն այլ է: Իսկ հարցը իշխանության ներկայացուցիչների հակադարձումների պրիմիտիվիզմն ու ծայրահեղ անմակարդակությունն է: Դա, վաղ թե ուշ իր բացասական արդյունքները տալու է:

Տվյալ դեպքում, ՀՀ իշխանությունը, ի դեմս իր ամենևին էլ ոչ շարքային ներկայացուցչի, պաշտոնապես հայտարարում է, որ Եվրոպայի խորհրդի մասնագիտական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիաննի Բուքիքիոն կաշառակեր է, ադամանդակուռ շքանշանի դիմաց վարձահատույց է լինում նախկին իշխանություններին՝ Հայաստանի գործող իշխանություններին կոշտ կոչեր անելով:

Զարմանալի է, որ Բուքիքիոյին չեն մեղադրում «պիցցայակեր» լինելու մեջ: Ի վերջո նա իտալացի է, չէ՞: Կամ էլ՝ դա հետոյի համար են պահել:

Բայց ողջ խնդիրն այն է, որ այստեղ ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի նախագահի անձի ու նրա «մութ անցյալի» մասին չէ խոսքը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը` որպես ԵԽ լիիրավ անդամ, ունի ստանձնած պարտավորություն, որ Սահմանադրության փոփոխություն ենթադրող նախագիծը նախապես պետք է ուղարկվի տվյալ մասնագիտական հանձնաժողովին, ինչը չի արվել: Առնվա՛զն: Բացի ա՛յդ, թույլ են տրվել Հայաստանի իշխանության կողմից այնպիսի քայլեր, որոնք հակասում են դատավորների վրա ճնշումներ չգործադրելու հիմնարար սկզբունքին:

Բայց, խնդրեմ, ելնում է իշխանության ներկայացուցիչը, ու ամենապարզունակ ձևով հայտարարում, թե մեզ դրսից բան ասողները կաշառված են, իրենց բառամթերքով ասած՝ «Սերժ Սարգսյանն առել է Վենետիկի հանձնաժողովը…», կարճ ասած՝ «Վենետիկի հանձնաժողովն ու իր նախագահ Բուքիքիոն էլ են ծախված, պիցցայակեր, հանցավոր ռեժիմի ստրուկ…», դե և մնացյալ թավշյա «սիրո» կոյուղային բառամթերքը:

Եվ այդ պրիմիտիվ հայտարարություններն ինչ-որ չափով «աշխատում են», այսինքն՝ կան Նիկոլ Փաշինյանի պաշտամունքով տարված հազարավոր հայրենակիցներ, որոնք անկասկած, կասեն՝ «բա՜, տեսա՞ք, էդ Բուքիքիոն էլ է կաշառված…»:

Ճիշտ է, պետք է հուսալ, որ այնուամենայնիվ քիչ չեն լինի և այն հայրենակիցները, որ չնայած դեռ հիշում են երկու տարի առաջվա իրենց ոգևորությունը, կմտածեն, որ իրենց ուսերի վրա իշխանության եկածները պարզապես իրենց ձեռ են առնում:

Բուքիքիոյի ադամանդակուռ շքանշանի ու դրանով կաշառվելու մասին Հովակիմյանի այս խայտառակ հայտարարությունը, թերևս նույն մակարդակի վրա է, ինչ իր կուսակցապետ Փաշինյանի՝ հայտնի գրիչի մասին հոգեցունց բացահայտումը, որին նույնիսկ իր կողմնակիցներից մի քանիսը ծաղրանքով կամ գոնե քմծիծաղով արձագանքեցին:

Մի բան սակայն հստակ է ուրվագծվում. Փաշինյանն իր իշխանական թիմում ունի այնպիսի՜ «ադամանդներ», որոնց մոտ խամրում են Կարապետիչի «ադամանդները» (մոռացած չեք լինի ԱԼՄ-ն ու Տիգրան Կարապետյանին և նրա շնորհած «Ադամանդ»-ները): Այնպիսի տպավորություն է, որ «Իմ քայլի» պատգամավորական կորպուսն ու խմբակցությունը կազմվել են այդ «ադամանդյա» մոտեցմամբ: Եվ օրը մեկը փայլատակում է: Երեկ Վահագն Հովակիմյանի փայլատակման օրն էր: Պետք է արձանագրել, որ պսպղուն ելույթ էր:

Իսկ նման «ադամանդներ» Փաշինյանը շատ ունի, մի ամբողջ խմբագրակցություն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը