Քաղաքական

14.02.2020 13:00


Ուղղակի անհնարին է, բացառում եմ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

Ուղղակի անհնարին է, բացառում եմ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը բացառում է, որ մինչև հանրաքվե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։

«Սահմանադրական դատարանի նախագահի մասով լիովին բացառում եմ, չեմ ուզում հիմա սա դիտարկվի, գիտեք, շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Մուրադյանը։

Նա կրկնեց՝ իսպառ բացառում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա։

«Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է, օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում»,-ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։

Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ ՍԴ ներսում տեղեկություն չկա, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։

«Սակայն, եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար հետագայում»,-ասաց Մուրադյանը։

***

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետևանքները լինելու են հիմնարար, դրանց հաղթահարման համար անհրաժեշտ կլինեն, երևի, տասնամյակներ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

«Ցավոք սրտի, իրավագիտությունը վերջնականապես տապալված է մեր երկրում, իրավագիտության մասին այլևս որևէ խոսք չի կարող գնալ, քանի դեռ այս գործընթացներում տեղի չունենա բեկում, շրջադարձ»,-ասաց նա։

Մուրադյանի խոսքով՝ շատերը Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող բիրտ ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի հետ, ինչ-ինչ խնդիրների հետ։

«Բայց, իրականում, ծայրահեղ պոպուլիզմն ու Սահմանադրական պետությունը անհամատեղելի են, իսկ ՍԴ-ն, որպես Սահմանադրության բարձրագույն պահապան, պետք է սահմանադրական արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգություններից։ Ծայրահեղական պոպլուիզմի հիմքում դրված է քաղաքական սեգրեգացիա, այսինքն՝ բաժանումը տարբեր մասերի, եթե չկա թշնամի, անպայման այդ թշնամին պետք է լինի, հակառակ դեպքում, ծայրահեղական պոպուլիզմի գոյատևման շանսերը հավասարվում են զրոյի»,-ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։

Գրիգոր Մուրադյանի մոտ տպավորություն է, որ Հայաստանը հետ է շպրտվում ոչ թե անգամ դեպի Խորհրդային Հայաստանի սահմանադրականություն, այլ, ցավոք սրտի, նախորդ դարի երեսունականներ։

«Ինչ վերաբերում է հիմնավորումներին, ես, որպես քաղաքական իշխանության երազանքների Սահմանադրական դատարանի, կներեք անհամեստությանս համար, «ճարտարապետ», որովհետև 7-րդ գլխի հիմնական հեղինակը ես եմ, պետք է ասեմ, որ 7-րդ գլուխը շարադրելիս իմ մտքով չի անցել, որ այն հնարավոր է մեկնաբանել այնպես, որ իրավական պետությունում ՍԴ դատավորի, ցանկացած այլ դատարանի դատավորի անփոփոխելիությունը կարող է լինել չերաշխավորած, քանի որ այդպես է կարծում, իրենց ընկալմամբ, ժողովուրդը, սա ուղղակի աներևակայելի ընկալում կլիներ»,-ասաց նա։

Գրիգոր Մուրադյանը նշեց, որ խաթարվում է Սահմանադրության կայունությունը։

«Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն, քանի որ իրավական պետության կրող հիմքերից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել իրավական պետություն, դա դատավորների անկախությունը, անփոփոխելիությունը և պաշտոնավարման անվտանգությունն է»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը