Մեկնաբանություն

18.02.2020 22:15


Համախմբված իրավաբանների «Ոչ»-ը հետաքրքրություն է հաղորդում ոչ իրավաչափ գործընթացին

Համախմբված իրավաբանների «Ոչ»-ը հետաքրքրություն է հաղորդում ոչ իրավաչափ գործընթացին

Ապրիլի 5-ին նախանշված հանրաքվեի հետ կապված «Ոչ»-ի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի ձևավորումն ու առաջիկա քարոզարշավին մասնակցության հայտ ներկայացնելն, ինչ խոսք, կարևոր են: Նման նախաձեռնությունը ուշադրություն է գրավում ու կարևոր է մի շարք առումներով:

Առաջինն, իհարկե, այն բնութագրական հանգամանքն է, որ այս նախաձեռնությամբ միավորվել են պետական համակարգից դուրս գործող վեց տասնյակ իրավաբաններ (հանուն ճշգրտության՝ 61): Թիմը գլխավորում է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

Մասնագիտական նման համախմբումը, հենց միայն որպես կատարված փաստ, ինքն՝ իրենով լրացուցիչ ընդգծում է նախաձեռնող խմբի այն պնդման հնչեղությունը, որ առաջիկա հանրաքվեի առկա գործընթացը ոչ իրավաչափ է եղել, ի լրումն՝ թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումներով ապրիլի 5-ի հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է:

Հիշեցնենք, որ հանրաքվեային այս շփոթի հիմնական քաղաքական նպատակներից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը հնարավորություն ստանա «ցրել» Սահմանադրական դատարանի գործող կազմը և «Իմ քայլը» մեծամասնությանը հավատարիմ ու հնազանդ՝ կամակատար ՍԴ կազմ կարողանա ձևավորել: Այդ քաղաքական նպատակին հասնելու համար իշխանության եկած մեծամասնությունը կանգ չառավ Սահմանադրության փոփոխության համար նախատեսված ընթացակարգերը խախտելու առաջ: Հասկանալի է նաև, որ Փաշինյանի իշխանության ակնկալիքը ապրիլի 5-ին հի՜ն սովետական տարբերակով միահամուռ «այո» ստանալն է, ասենք՝ 99,9 տոկոսով...

«Ոչ»-ի նախաձեռնության դեպքում ուշադրություն է գրավում և այն հանգամանքը, որ իրավաբաններից ձևավորված մասնագիտական խումբ է մտնում հանրաքվեի «ընտրապայքարի» ասպարեզ: Դա մի իրավիճակում, երբ տիտղոսային, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը և մի շարք կուսակցույթուններ արդեն հայտարարել են ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու կամ անտեսելու մասին՝ իրենց կողմնակիցներին ու աջակիցներին դիմելով համապատասխան կոչով: Ի դեպ, քաղաքական ուժերի այդպիսի միանման, եթե չասենք՝ միասնական մոտեցումը նույնպես խոսուն է:

Հասկանալի է, որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը մի կողմ չեն քաշվելու և հնարավոր տեղեկատվական հարթակներից ներկայացնելու և հիմնավորելու են իրենց բոյկոտային դիրքորոշումը:

Բայց իրավաբանների նախաձեռնության ձևավորումն ու քարոզարշավին մասնակցելու հնարավորությունը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված այդ ամբողջ «ոչ իրավաչափ գործընթացին»: Անկեղծ ասած, չեմ մտաբերում նման մեկ այլ դեպք, երբ որևէ ընտրապայքարում գործող իշխանության ընդդիմությունը մեկ մասնագիտության ներկայացուցիչներից ձևավորված նախաձեռնող խումբ լինի: Այդ տեսակետից, ինչպես սիրում են իշխանական բարձունքներից ասել, այս երևույթը աննախադեպ է:

Մի կողմից, իհարկե, կարող է թվալ, որ արժեր գործող իշխանությանը դաշտում բացարձակապես մենակ թողնել՝ ստանալով մի իրավիճակ, երբ պայմանական ընտրապայքարում միայն մեկ՝ իշխանական կողմ է, ինչը բնորոշ է բացառապես տոտալիտար կազմավորումներին: Բայց մյուս կողմից, ճիշտ չէր լինի չօգտվել ընտրապայքարային հնարավորությունից և չփորձել մարդկանց բացատրել, թե ինչ վտանգներ է պարունակում և ինչ վտանգավոր հանգրվանի կարող է տանել

ա) պատահական մարդկանցով իշխանությունը ձևավորելը,

բ) նման՝ ոչ իրավաչափ տարբերակով փոփոխություն անելը:

Եվս մեկ կարևոր հանգամանք. հանրաքվեի քարոզչապայքարում որպես մասնակից-կողմ ներգրավվելով՝ իրավաբանների նախաձեռնող խումբը կարող է նաև որոշակիորեն վերահսկել քվեարկության ընթացքը, ի դեպ, նաև՝ բողոքարկել այն:

Համենայն դեպս, գրանցված մրցակցի առկայությունը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել գործող «թավշյա» իշխանության համար, որն առանց այդ էլ չունի որևէ հակակշիռ ու արգելակ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը